Հայերեն   English   Русский  

​Բոլորը բոլոր դեմ. Եվրամիության գագաթնաժողովը և ապատեղեկատվությունը


Եվրահանձնաժողովի ղեկավարի կարծիքով՝ ֆեյք նորությունները տարածում են նաև Եվրամիության երկրների կառավարությունների ղեկավարները


  
դիտումներ: 641

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ապատեղակատվության դեմ պայքարի թեման, հատկապես 2019 թ. մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունների շեմին, գերակշռողներից էր ԵՄ գագաթնաժողովի երկրորդ օրը:

Բանավեճի և եզրափակիչ հայտարարությունների ընթացքում ապատեղեկատվության և ֆեյք (կեղծ) նորությունների տարածման մեղադրանքները տեղացին ոչ միայն արտաքին ուժերի և անպատասխանատու ԶԼՄ-ների, այլև հավաքված պետությունների ղեկավարների քաղաքական ընդդիմախոսների, անգամ նրանց հասցեին, ովքեր նստած էին դահլիճում:

«Ֆեյքեր» նախարարներից

Ֆեյք նորությունների տարածողներն են ոչ միայն զանգվածային լրատվամիջոցները, այլև Եվրամիության երկրների կառավարությունների որոշ ղեկավարներ: Այսպիսի հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը ԵՄ գագաթնաժողովի եզրափակիչ մամլո ասուլիսում:

«Ֆեյք նորությունները սոսկ ԶԼՄ-ների գործը չեն: Պատասխանատվության մի մասն ընկնում է վարչապետների վրա, որոնք նստած են նաև այս դահլիճում և տարածում են այդպիսի հաղորդագրություններ, երբ օրինակ՝ վարչապետ Օրբանը [Հունգարիայի Վիկտոր] հայտարարում է, որ Brexit-ը հրահրել են միգրանտները,- հայտարարել է Յունկերը:- Ուստի ողջ պատասխանատվությունը չդնենք ուրիշների վրա»:

Համակարգային սպառնալիք

Իր հերթին Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կարծիք է հայտնել, որ «ապատեղեկատվության խնդիրը համակարգային ու կանխամտածված բնույթ և ծավալման միտում ունի, ուստի անմիջական սպառնալիք է Եվրամիությանը»: Նա ընդգծել է այդ երևույթի դեմ պայքարի վճռական միջոցների անհրաժեշտությունը մինչև Եվրախորհրդարանի 2019 թ. մայիսի ընտրությունները: Տուսկը, սակայն, ձեռնպահ է մնացել այդ սպառնալիքի հնարավոր աղբյուրների հասցեին որոշակի մեղադրանքներ առաջադրելուց:

Գագաթնաժողովում Բելգիայի վարչապետ Շառլ Միշելն էլ ապատեղեկատվության տարածման մեջ մեղադրել է Բելգիայի կառավարական կոալիցիայի իր նախկին գործընկերներին՝ Ֆլանդրիայում առավել ժողովրդականություն վայելող արմատական «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցությանը: Անցած շաբաթ այդ կուսակցությունը կառավարական ճգնաժամ առաջացրեց Բելգիայում՝ դուրս գալով կոալիցիայից և հետ կանչելով իր երեք նախարարներին և երկու պետքարտուղարներին կառավարությունից որպես բողոքի նշան ընդդեմ Միշելի կառավարության աջակցությանը ՄԱԿ-ի միգրացիայի մասին գլոբալ համաձայնագրին:

Միշելը հայտարարել է, որ առաջարկել է Եվրահանձնաժողովին «հետաքննություն անցկացնել, թե եղել է արդյոք ապատեղեկատվության արշավ միգրացիայի մասին գլոբալ համաձայնագրի քննարկման շրջանակներում»:

Ընտրությունները վտանգի տակ

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները եզրափակիչ հայտարարություն են ընդունել գագաթնաժողովում, որով պահանջել են ԵՄ ինստիտուտներից և ազգային իշխանություններից Եվրախորհրդարանի ընտրությունների շեմին միությունում և դրանից դուրս տարածվող ապատեղեկատվության դեմ պայքարի անհապաղ միջոցներ ձեռնարկել:

«Դա [ապատեղեկատվությունը] անհապաղ արձագանքման կարիք ունի, ինչը կարող է երկար շարունակվել հիմնարար իրավունքների լիակատար պահպանման պայմաններում: Եվրախորհուրդն ընդգծում է պատասխան վճռական միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը, որոնք հաշվի կառնեն ներքին և արտաքին հայեցակետերը և համակողմանի կլինեն, համակարգված և ռեսուրսներով լավ ապահովված սպառնալիքի գնահատման հիման վրա»,- նշված է փաստաթղթում:

Ընդգծված է նաև, որ ԵՄ-ն պետք է օպերատիվ միջոցներ ձեռնարկի «ինչպես եվրոպական, այնպես էլ ազգային մակարդակում, որպեսզի ապահովի ազատ և արդար եվրոպական և ազգային ընտրություններ»: «Գագաթնաժողովը կոչ է անում օպերատիվ և ներդաշնակ կերպով իրականացնել ապատեղեկատվությանը վերաբերող Համատեղ ծրագիրը, որը ներկայացրել է Եվրահանձնաժողովը և գերագույն ներկայացուցիչը [Ֆրեդերիկ Մոգերինին], որպեսզի ամրապնդվի ԵՄ-ի ներուժը, համակարգված և համատեղ համագործակցությունը ԵՄ-ի և անդամ պետությունների միջև, ինչպես նաև համախմբել մասնավոր հատվածը և բարձրացնել սոցիալական դիմադրողականությունը ապատեղեկատվության դեմ»,- ասվում է Եվրամիության առաջնորդների հայտարարությունում:

Ինչպես նշված է փաստաթղթում, միությունը կշարունակի ապատեղեկատվության դեմ պայքարը և կվերադառնա այդ հարցին 2019 թ. մարտի գագաթնաժողովում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: