Հայերեն   English   Русский  

Հայաստանի ապագան տեխնոլոգիական միտքն է


  
դիտումներ: 1596

Հայաստանում այսօր կա բարձր տեխնոլոգիական պրոդուկտ, որ ճանաչված եւ մրցունակ է համաշխարհային շուկայում՝

փաստում են ոլորտի ներկայացուցիչները: Հայաստանը նոր փուլ է մտնում: Վերազգային կազմակերպությունները են գալիս, որպեսզի իրենց ամենաբարդ խնդիրները լուծեն Հայաստանում: ՏՏ ոլորտի խնդիրները , ձեռքբերումները եւ նոր մարտահրավերները այս շաբաթ քննարկվել են Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում:

Անկախ Հայաստանի հաջողությունների մասին խոսելիս անհնար է չհիշատակել ՏՏ ոլորտի մասին: Բարձր տեխնոլոգիաները ուղղություն է, որտեղ հաջողություն էր գրանցվում անգամ այն ժամանակ, երբ մյուս բոլոր ոլորտներում անկումն ակնհայտ էր: Ինչպե՞ս էր դա ստացվում:

Բագրատ Ենգիբարյան

«Ոլորտի կայացման համար տարբեր հանգամանքներ համընկան: Կախվածությունը պետությունից այնքան մեծ չէր, որքան այլ ոլորտներում, կապիտալ ներդրումները քիչ էին պետք, կարեւորը ուղեղն էր, ստացվեց սփյուռքի հետ աշխատանքը եւ ամենակարեւորը մի խումբ նվիրյալներ կային, որ որոշեցին, ոլորտը պետք է կայանա եւ արեցին հնարավոր ամեն ինչ: Մենք շատ ուրախ ենք, որ պետությունը այսօր հենվում է ՏՏ-ի վրա, որովհետեւ դա կարող է ստիմուլ դառնալ մյուս ոլորտների համար»,- ասում է ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ու ավելացնում Հայաստանը այսօր նոր փուլում է: Մեր երկիրը կարող է դառնալ այն հանգուցային կետը, որտեղ աշխարհի հզոր ընկերությունները կգտնեն հետազոտական միտքը: Դրան հասնելու համար, սակայն, լուրջ քայլեր պետք է արվեն:

«Պատմությունը ցույց է տալիս, որ մենք ոչ թե օգտագործել ենք տեխնոլոգիաները, այլ ստեղծել ենք դրանք: Դեռ Սովետական միության տարիներից ամենահզոր համակարգիչները նախագծվում էին Հայաստանում: Ի՞նչ է կատարվում այսօր մեր երկրում: Այսօր մենք շատ լավ երիտասարդներ ունենք, որոնք կարողանում են աշխատել եւ ստեղծել ծրագրեր, փոքր ռոբոտներ, բայց մենք չենք ստեղծում նորագույն տեխնոլոգիաներ: Իսկ սա ամենից կարեւորն է Հայաստանի նման երկրի համար այսօր»,- շարունակում է Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Սահակյանը:

Ոլորտի ներկայացուցիչները առաջնային խնդիրներից առանձնացնում են կրթության կարեւորությունը: Հայաստանում երկու մասնագիտական ԲՈՒՀ-երի շրջանավարտների գիտելիքները , ոչ միշտ են համապատասխանում ստացած որակավորմանը: Ռենդերֆորեսթ ընկերության տեխնիկական ղեկավար Էդգար Մարուքյանը սեփական փորձից է օրինակ բերում:

«Մեր հիմնական խնդիրներից է կադրերի քիչ լինելը, կրթական ռեսուրսի ցածր լինելը: Չես հասկանում, եթե մարդը ավարտել է տվյալ կուրսը, կարող ե՞ս ակնկալել որոշակի մակարդակ, թե՝ ոչ: Եթե մեզ մոտ գալիս են մաթեմատիկայի ֆակուլտետի կամ պոլիտեխնիկի 50 ուսանող, որոնցից 43-ը չի կարողանում բացատրել պարզ թիվը, ինչո՞ւ է նա հնարավորություն ունեցել ավարտելու: Իմաստը ո՞րն է այդ համալսարանների, որ նման շրջանավարտներ պետք է տան: Կան, իհարկե ուսանողներ, որ շատ լավ որակներ ունեն ու գիտական աշխատություններով են զբաղված, բայց նրանց թիվը փոքր է: Այսօր բիզնեսը զբաղվում է երիտասարդներին կրթություն տալով, որովհետեւ համալսարան չկա, համալսարանանն էլ զբաղվում է բիզնեսով՝ դիպլոմների վաճառքով…»,- ասում է նա:

Վլադիմիր Սահակյանը համակարծիք է՝ ՏՏ ոլորտում այսօր առաջնային են կրթական խնդիրները: Սակայն, ըստ նրա, այստեղ մեծ անելիք ունեն նաեւ ապագա գործատուները, ընկերությունները, որտեղ հետագայում պետք է աշխատեն երիտասարդ մասնագետները:

«Համալսարանները պատրաստում են մասնագետներ, բայց հստակ չէ՝ ինչի համար են պատրաստվում այդ մասնագետները: Մենք արտադրություն չունենք, որտե՞ղ են նրանք աշխատելու են հետագայում: Համալսարանում կան առարկաներ, որ կլասիկ առարկաներ են, որ դասավանդվում են, որպեսզի մարդու ինտելեկտը զարգացնեն: Դա թույլ է տալիս մասնագետին շատ արագ կողմնորոշվել զարգացող տեխնիկայի այս դարում: Այն ինտելեկտը, որ տալիս է համալսարանը թույլ է տալիս արագ կողմնորոշվել եւ գլուխ հանել նորորություններից: Ես կարծում եմ,սակայն, ընկերությունները, որտեղ հետագայում աշխատելու են այդ մասնագետները ինչ- որ չափով պետք է մասնակից լինեն, ներդրում ունենա մասնագետի կայացման գործում՝ հատուկ կուրսերի, վերապատրաստման դասընթացների միջոցով «,- ընդգծում է նա:

«ԲՈՒՀ-երը պետք է ուղորդող դեր ունենան, ցույց տան ուղղությունները, որ զարգանում է աշխարհում եւ մասնագետներին այդ ուղղությամբ պատրաստեն: Ստեղծեն տեխնոլոգիա, հետո մասնագետների հետ վաճառեն բիզնեսմեններին, որպեսզի նրանք կարողանան բիզնես դնել այդ հիմքի վրա: Մեզ մոտ հակառակ պրոցեսն է, ԲՈՒՀ-ը սպասում է, որ բիզնեսմենը պատվեր տա իրեն, նոր պատրաստի համապատասխան մասնագետներ»,- կարծիք է հայտնում Երեւանի կապի միջոցների գիտահետազոտության ինստիտուտի ղեկավար Մհեր Մարկոսյանը :

«Իսկ սովորեցնողն ո՞վ է: Չէ որ այդտեղ էլ խնդիր ունենք»,- հարցնում է նախաձեռնության հիմնադիր Գեւորգ Թադեւոսյանը:

Քննարկման մասնակիցները համակարծիք են: Ուսուցանողը ամենաառաջին գծից լինի, որպեսզի կարողանա հետաքրքիր բան հաղորդել: Այսօր, սակայն, շատ դժվար է նման մարդ գտնել: Լավ մասնագետները զբաղված են իրենց գործով եւ սովորեցնելու ժամանակ չունեն: Լավ մասնագետ ու մանկավարժ համադրությունը դժվար է ստացվում:

«Պետք է արմատապես փոխվի վերաբերմունքը դասավանդողների նկատմամբ: Դոցենտի աշխատավարձը տատանվում է 130- 150 հազարի սահմանում: Երրորդ կուրսի ուսանողը , երբ գնում է ինչ- որ տեղ աշխատելու՝ բարձր տեխնոլոգիաների գծով, մինիմում 200 000 դրամ է ստանում : Սա պարզ օրինակ է, թե ինչպես է գնահատվում դասախոսի աշխատանքը: Աշխարհում պատկերն ուրիշ է: Դասախոսների աշխատավարձը բարձր է պետական միջոցների հաշվին, կամ վճարովի ուսուցման»,- ասում է Մհեր Մարկոսյանը :

«Եթե ԲՈՒՀ-ը կարողանում է լավ գործ բերել Հայաստան, ամբողջ եկամուտը գնում է բյուջե: Լավ գործ Հայաստան բերելու ստիմուլը սկզբից եւեթ վերացված է: Երկիրը չի կարողանում լուծել կենսաթոշակի հարցը, որոշել է, որ ակադեմիաներից եւ համալսարաններից չի կարելի մարդկանց հանել: 30-40 դրամը հազարը դասախոսների կենսաթոշակն է, բայց նա դա վաստակելու համար պետք է մտնի լսարան: Այսպիսով նա իր խնդիրը տանում է լսարան եւ երեխաների մոտ սպանում է ամբողջ հետաքրքրությունը: Սակայն, եթե մենք ամենաթանկ, ամենբարձր մակարդակի գործերն ենք ուզում անել , առաջին հերթին մասնագետը պետք է ավարտի ԲՈՒՀ-ը, եթե ԲՈՒՀ-ը վատն է, չի նշանակում, որ այնտեղ գնալ պետք չէ, պետք է ԲՈՒՀ-ը փոխվի: Պետք է հասկանալ, որ եթե կապուչինոյի սերուցքն ես ուզում, պետք է կաթ լցնես, հակառակ դեպքում սերուցք չի ստացվի: Միայն լավ կրթություն ստանալով կարող ես դառնալ լավ մասնագետ եւ լավ, բարձր վարձատրվող գործեր անել»,- ավելացնում է Բագրատ Ենգիբարյանը:

«Նման խնդիրներ աշխարհի շատ երկրներում կան: Կան նաեւ գտնված լուծումներ, որոնք ավելի ճկուն լինելու , սովորելու ցանկություն ունենալու դեպքում կարելի է կիրառել Հայաստանում: Տեխասի համալսարանի էլեկտրոնիկայի բաժինը, օրինակ, ղեկավարում էր մի երիտասարդ, որի ղեկավարած ամբիոնը 70 միլիոն դոլոր եկամուտ ուներ: Ի՞նչ էր անում նա, վերցնում էր իրեն դիմած ուսանողների ցուցակը եւ դիմում էր հայտնի ֆիմարներին ու ներկայացնում թե ինչ պոտենցիալ աշխատողներ կան ուսանողների մեջ : Ստացվում է, որ լինում էր եւ գործ, եւ գումար: Այդ գումարն, ի դեպ ուսանողներին չէր տրվում, այլ համալսարանին: Ուսանողները ստանում էին որոշակի գումար, ձեռք էին բերում հմտություններ, կապեր եւ ավարտելուց հետո լավ առաջարկներ: Այդ մասնագետին մենք 2007 թվականին հրավիրեցինք Հայաստան, ծանոթացրեցինք մեր ամբիոնի վարիչների հետ, որ սխեմաները բացատրի, բայց նրան անգամ հնարավորություն չտվեցին խոսելու…»,- եզրափակում է Կարեն Վարդանյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: