Հայերեն   English   Русский  

​Բողոքի ցույցերին առնվազն 4,5 հազար մարդ է մասնակցում Բորդոյում


Տեղեկացվում է, որ իրավապահները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների դեմ


  
դիտումներ: 693

Առնվազն 4,5 հազար մարդ է մասնակցում «Դեղին ժիլետների» ցույցերին Ֆրանսիայի Բորդո քաղաքում (երկրի հարավ-արևմուտք): Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, հաղորդել է France-Presse գործակալությունը:

Նշվում է, որ չնայած ցույցերի խաղաղ բնույթին՝ իրավապահ մարմիններն այնուամենայնիվ ստիպված են եղել բերման ենթարկել 14 մարդու, որոնք առճակատվել են ոստիկանության հետ: Հաղորդվում է նաև, որ իրավապահները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել: Ըստ գործակալության տվյալների՝ դեկտեմբերի 8-ի անկարգություններից հետո այս շաբաթ անվտանգության նկատառումներով գործի են դրվել 600 ոստիկան և ժանդարմ, ինչպես նաև երկու զրահամեքենա:

Ըստ West France ռադիոկայանի հաղորդման՝ արցունքաբեր գազ է օգտագործել նաև Նանտ քաղաքի (երկրի արևմուտք) ոստիկանությունը, որտեղ ցույցին մասնակցել է 1 հազար մարդ:

Միաժամանակ մոտ 1,2 հազար մարդ՝ դեղին ժիլետներով, դուրս է եկել Բրեստ քաղաքի (ատլանտյան ափ) փողոցներ: Նշվում է, որ մարդիկ այդ քաղաքում սկսել են հավաքվել 13:30-ից Ստրասբուրգ հրապարակում, ուր լռությամբ հարգել են Ստրասբուրգում կատարված ահաբեկչության զոհերի, ինչպես նաև ցույցերի ընթացքում զոհված ընկերների հիշատակը: Այնուհետև ամբոխը շարժվել է դեպի քաղաքի կենտրոն: Ինչպես ընդգծում է ռադիոկայանը, ցույցը տեղի է ունենում խաղաղ պայմաններում:

Ըստ վերջին տվյալների՝ Փարիզում, որտեղ ամենաբազմամարդ ցույցն է, բռնվածների թիվը հասել է 120-ի, որոնցից 86-ը ճաղերի հետևում են:

Ֆրանսիայում նոյեմբերի 17-ից «Դեղին ժիլետների» բողքի ցույցեր են կազմակերպվում, որոնք հանդես են գալիս բենզինի և դիզելի թանկացման, հարկերի բարձրացման և կյանքի թանկության դեմ: Ցույցերը հաճախ ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով և անկարգություններով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: