Հայերեն   English   Русский  

Երևանի թատրոններն ամանորյա ներկայացումներով կհարստացնեն փոքրիկ հանդիսատեսների տոնական առօրյան


  
դիտումներ: 2287

Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի թատրոնները անակնկալներ են մատուցելու բոլոր փոքրիներին՝ նրանց ներկայացնելով բեմադրություններ, որոնք պատմում են Ամանորին կատարվող հրաշքների մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում դեկտեմբերի 18-30-ը և հունվարի 3-7-ը կներկայացվի «Բևեռային ճեպընթաց»բեմադրությունը, որի հիմքում ամերիկացի գրող Քրիս Վան Օլսբուրգի համանուն հեքիաթն է: Սա պատմություն այն մասին, որ պետք է միշտ հավատալ հրաշքներին, և դրանք կիրականանան: Ներկայացումը տարբեր արկածներով լի ճամփորդություն է հսկա բևեռային ճեպընթացով դեպի Ձմեռ պապիկի թագավորություն: Բեմադրությունը հարուստ է լուսային և անիմացիոն էֆեկտներով, ինչը ևս կարևոր է փոքրիկ հանդիսատեսին հեքիաթ տեղափոխելու համար:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 28-ին և երեխաները, և մեծահասակները կարող են դիտել Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի հիման վրա բեմադրված «Սառցե սիրտը» պայծառ, լուսավոր ու զարմանահրաշ ներկայացումը: Բեմադրությունը հագեցած է Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Օգտագործվել են Մայր թատրոնի նորոգված բեմերի բոլոր հնարավորությունները:

Պատանի հանդիսատեսի թատրոնում դեկտեմբերի 27-30-ը երեխաները կարող են դիտել «Գեղեցկուհին ու հրեշը» գունավոր և վառ մյուզիքլը, որի հերոսներն անչափ բարի են, գեղեցիկ, երազկոտ։ Նրանք հրաշալի երգում, պարում են` պատմելով, թերևս, ամենառոմանտիկ պատմությունը գեղեցկուհու և հրեշի մասին: Բեմադրությունը հագեցած է անսպասելի, հետաքրքիր, շրջադարձային իրադարձություններով։ Այստեղ իրականություն են դառնում անհավատալին, անհավանականը, հաճախ նաև անհնարինը։ Ամեն ինչ շատ արագ է զարգանում. միայն թե չընկնի կախարդական վարդի վերջին թերթիկը:

«Գեղեցկուհին ու հրեշը»

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում

հունվարի 3-ին կներկայացվի

«Ձյունապատ տանիքների հեքիաթը» ամանորյա տոնական ներկայացումը: Այն պատմություն է շան և կատվի միջև ծագած վեճի, նրանց հաշտության և տոնական հրաշքի մասին:

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում դեկտեմբերի 20-ին փոքրիկները հնարավորություն կունենան դիտել «Հրաշք որոնելիս» բարի ներկայացումը: Հեքիաթի հերոսները կրկեսի դերասաններն են, որոնց տնօրենը հեռացնում է աշխատանքից հենց այն ժամանակ, երբ նրանք ամանորյա նոր ներկայացում են պատրաստում:

Տնօրենն ասում է, որ այսուհետև իրենց փոխարեն կրկեսում պետք է ելույթ ունենան ռոբոտներն ու այլմոլորակայինները, որոնք երեխաներին պետք է սովորեցնեն ջարդել-փշրել իրենց նոր խաղալիքները: Դերասանները շատ են
տխրում, բայց, ուրիշ ելք չունենալով, սկսում են հավաքել իրենց իրերը, որպեսզի հեռանան կրկեսից:

Եվ հենց այդ ժամանակ հայտնվում է մի փոքրիկ տղա, ով ամբողջ սրտով հավատում է հրաշքների գոյությանն ու փոխում է իրադարձությունների ընթացքը:

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում նոր ներկայացում է սպասվում: Դեկտեմբերի 25-28-ը և հունվարի 3-8-ը երեխաները կարող են դիտել «Արքայադուստրը ևՎիշապը» բեմադրությունը։ Հեքիաթը գեղեցիկ արքայազնի մասին է, որը չար կախարդի կախարդանքի պատճառով վերածվում է վիշապի, բայց չի կորցնում իր բարությունն ու նվիրումը։ Նա առևանգում է հրաշալի արքայադստերը, սիրահարվում նրան և ազատվում է կախարդանքից։

«Բոհեմ» թատրոնում կներկայացվի ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծահասակների համար նախատեսված «Քռչո-Տռճո ընդդեմ Ամանոր» երաժշտական կատակերգությունը: Բեմադրության մեջ հիմնական շեշտը դրված է հայկական ժողովրդական երգերի և պարերի վրա: Ներկայացումը «Բոհեմ» թատրոնի բեմում կլինի դեկտեմբերի 25-28-ը և հունվարի 4-7-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև հունվարի 13-ին:

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 29-ին տեղի կունենա Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի հիման վրա բեմադրված համանուն ներկայացման առաջնախաղը:

Բարու և չարի հավերժական պայքարի մասին պատմող բեմադրությունը հարուստ է գեղեցիկ դեկորներով, յուրահատուկ բեմական լուծումներով` համեմված դասական երաժշտությամբ:

Այս ներկայացման գլխավոր ասելիքն այն է, որ կյանքում ինչ էլ պատահի, միևնույն է, հաղթելու են սերն ու ընկերությունը։ Ներկայացումն ինտերակտիվ է, և փոքրիկները հնարավորություն ունեն «օգնելու» հերոսներին հաղթահարել փորձությունները։

Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում դեկտեմբերի 24-ից փոքրիկները կարող են ծանոթանալ «Էլֆերի կախարդական դպրոցը» բեմադրությանը:

Երկիր մոլորակից ոչ հեռու գտնվում է էլֆերի մոլորակը, որտեղ կախարդական դպրոցում սովորում են մեր հեքիաթի հերոսները՝ Էլլան, Բելլան, Պեպպեն և Ջուզեպպեն։ Դպրոցում ամանորյա իրարանցում է։ Բոլորն անհամբեր սպասում են դպրոցի տնօրեն Ձմեռ Պապիկին, որի հայտնվելուն ուզում է խանգարել նրա եղբայրը՝ ուսմասվար Կլաուսը:

Անժելա Համբարձումյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: