Հայերեն   English   Русский  

«Ոսկե ծիրան»-ի ղեկավար կազմը փոխվել է


  
դիտումներ: 10468

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի ղեկավար կազմը փոխվել է: Կինոփառատոնի մամուլի բաժնից տեղեկացնում են, որ փառատոնի տնօրեն է նշանակվել Հասմիկ Հարությունյանը, ծրագրերի ղեկավարի պարտականությունները ստանձնել է Կարեն Ավետիսյանը:

Կարեն Ավետիսյանի խոսքով` մի շարք փոփոխություններ են սպասվում փառատոնի ծրագրում: Վավերագրական և խաղարկային լիամետրաժ ֆիլմերը միավորվելու են մեկ մրցույթային ծրագրում, ավելացվելու է կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ, որտեղ ներգրավվելու են ֆիլմեր Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Ադրբեջանից ու Թուրքիայից: Հայկական խաղարկային և վավերագրական ֆիլմերը կարող են ներառվել փառատոնի միջազգային մրցույթային ծրագրերում: Այսինքն՝ ավանդական «Հայկական համայնապատկեր» ձևաչափի փոխարեն՝ հայկական կինոն սկսելու է դիտարկվել համաշխարհային և տարածաշրջանային կինոյի համատեքստում: «Երևանյան պրեմիերա» ծրագրի հետ մեկտեղ, որի շրջանակներում ավանդաբար ցուցադրվում են միջազգային լավագույն ժամանակակից ֆիլմերը, կգործի նաև հատուկ՝ «Հայկական պրեմիերաներ» արտամրցույթային ծրագիրը, որտեղ կներառվեն հայկական արտադրության ֆիլմերը: Լինելու է նաև տարածաշրջանային լիամետրաժ ֆիլմերի ցուցաշար: Պահպանվելու են հետահայաց ցուցադրություններն ու հարգանքի տուրքերը:

Հասմիկ Հովհաննիսյանն անդրադարձավ նաև փառատոնի նոր` ավելի «կանաչ» դիրքորոշման որդեգրմանը` շեշտելով, որ նախ և առաջ կրճատվելու են տպագրության ծավալները, ինչը հնարավոր կդառնա AR-ի և բջջային հավելվածի շնորհիվ:

Շարունակելու է գործել նաև GAIFF Pro մասնագիտական հարթակը` առաջիկա տարիներին ընդլայնվելու հեռանկարով:

«Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա 2019թ.-ի հուլիսի 7-14-ը: Ֆիլմերի հայտերի ընդունումն սկսելու է հունվարի 10-ին, իսկ GAIFF Pro-ի մասնագիտական հավատարմագրումը` փետրվարի 28-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: