Հայերեն   English   Русский  

​Եզակի ժողովուրդ ենք, եղել ենք աշխարհի ստեղծման առաջին օրվանից և հիմա էլ շարունակում ենք լինել. Անժելա Տերյան


  
դիտումներ: 3657

Նախորդ տարվա վերջին լույս տեսավ Անժելա Տերյանի «Եվրոպայի ժողովուրդների հնագույն գրավոր աղբյուրներն իրենց նախահայրենիքի` Հայաստանի և հայերի մասին» աշխատությունը: Այս առիթով «Անկախը» զրուցել է Երևանի պատմության թանգարանի հնագիտության և միջնադարյան պատմության բաժնի վարիչ, պատմաբան Անժելա Տերյանի հետ:

- Տիկի՛ն Տերյան, Ձեր նոր աշխատությունը հասարակության լայն շրջանների համար ի՞նչ նորույթ է պարունակում պատմության տեսանկյունից:

- Կարծում եմ՝ վերնագիրն արդեն բավականաչափ խոսուն է: Թեման շատ հետաքրքիր է և ինձ վաղուց է հետաքրքրել: Իմ նախորդ աշխատանքներում այս թեմային բավականաչափ անդրադարձել եմ: Բայց նկատեցի, որ նյութը գնալով հարստանում է, նորանոր հնագույն աղբյուրներ են հայտնաբերվում, որոնց պետք է անդրադառնալ:

XIX դարի վերջերին Եվրոպայում անդրադարձ եղել է թեմային: Եվրոպայի ժողովուրդներն իրենք էլ ցանկանում էին իմանալ, թե որտեղից են եկել իրենց նախնիները: Գրվում էին աշխատություններ, որոնց հեղինակները բացահայտում էին, որ իրենց արմատները գտնվում են Հայկական լեռնաշխարհում: Սակայն քաղաքական իրադարձություններն այնպես զարգացան, որ փաստի հրապարակումը ձեռնտու չէր Եվրոպայի կառավարող շրջաններին: Նրանք գտնվում էին աշխարհը ղեկավարել ցանկացող ուժերի հսկողության տակ, որոնք անում էին ամեն ինչ, որպեսզի սա լայն հանրության շրջանում չտարածվի և՛ Եվրոպայում, և՛ հատկապես Հայաստանում:

Հանդես էին գալիս նոր գիտնականներ, որոնք ամեն կերպ փորձում էին ապացուցել, որ իրենց նախնիները Հայաստանից չեն եկել, որ եղած հնագույն վկայություններն ընդամենն Աստվածաշնչից սկիզբ առած տեսություն է և այլն: Սակայն փաստերը շատ խոսուն են:

Ցեղասպանությունից հետո նորից թեման բարձրացավ, որովհետև հնագիտական պեղումներ և նոր ուսումնասիրություններ էին կատարվում: Դրանք ցույց էին տալիս, որ իսկապես Եվրոպայի ժողովուրդների հայրենիքը պետք է փնտրել Հայկական լեռնաշխարհում և շրջակա տարածքներում: Բայց պատմությունը շարունակ խեղաթյուրվում էր, այն ժամանակ ԽՍՀՄ-ում, այժմ էլ կարծես ԱՄՆ-ում են հայտնվել ուսումնասիրողներ, որոնք շարունակում են կեղծել հայոց պատմությունը:

- Իսկ ո՞րն է ժխտողականության պատճառը: Ինչո՞ւ են ամեն կերպ փորձում մերժել իրենց ծագումը:

- Ոչ բոլոր գիտնականներն են ժխտում: Շատ պարկեշտ գիտնականներ կան, ինչպես, օրինակ` անգլիացի գիտնական Ռոբերտ Էլիսը, որը XIX դարի վերջին գրեց հրաշալի աշխատություններ էտրուսկների հայկական ծագման և հայ-բասկյան առնչությունների մասին: Այդպիսի գիտական աշխատություններ շատ կան, բայց քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ թույլ չի տալիս դա բացահայտ ասել: Այսօր ամեն ինչ վաճառվում է: Հայ գիտնականների աշխատությունները տարիներով կարող են չհրատարակվել գումար չլինելու պատճառով, իսկ հակառակն ապացուցող աշխատությունները միշտ էլ հրատարակության ֆինանսավորում կգտնեն: Աշխարհաքաղաքական իրավիճակը, ցավոք, այսօր շատ բարդ է: Բայց դա մեզ չպետք է հուսահատեցնի և հիասթափեցնի: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ցույց տանք մեր իսկական պատմությունը:

Այս գիրքը դրան է միտված: Ինձ հայտնի բոլոր փաստերը հավաքել և օգտագործել եմ, ընդ որում օգտագործվել են միայն Եվրոպայի ժողովուրդների գրավոր աղբյուրները: Հայկական գրավոր աղբյուրների վկայությունները քիչ են օգտագործվել: Իհարկե, գիտնականների մի մասի համար այս ամենը նորություն չէ: Բայց մեկ անգամ ևս ներկայացնելով փաստերը` հույս ունեմ, որ նոր հետաքրքրվողներ կլինեն, որոնք նորից կանդրադառնան թեմային: Իմ հույսը հատկապես նոր սերունդն է, որը օտար լեզուներ գիտի, կարողանում է շփվել արտասահմանյան գիտնականների հետ:

- Ասացիք, որ քաղաքական իրավիճակով է պայմանավորված ժխտողականությունը: Սակայն ինչպե՞ս հասկանալ, որ նույնքան բարդ իրավիճակում գտնվող Միջագետքը դիտարկվում է որպես քաղաքակրթության բնօրրան, Աֆրիկան` մարդկության բնօրրան, իսկ Հայաստանը չեն ուզում դիտարկել որպես եվրոպական ժողովուրդների բնօրրան:

- Միջագետքի հնագույն ցեղերն ու ժողովուրդներն այսօր գոյություն չունեն: Նրանք` շումերները, աքքադացիները, բաբելացիները և մյուսները վերացել կամ ձուլվել են այլ ցեղերի ու ժողովուրդների հետ, իսկ այդ տարածաշրջանի հնագույն ժողովուրդը` հայ-արմենները, կան: Կարծում եմ՝ նաև դա է պատճառը, որ բացահայտ չի ասվում այն, ինչը վաղուց հայտնի է շատ ուսումնասիրողների, այն է՝ Հայկական լեռնաշխարհը արարչագործության և քաղաքակրթության բնօրրանն է:

Նշեմ նաև, որ տեսակետներից մեկի համաձայն՝ մարդիկ առաջացել են Աֆրիկայում նույն նախնիներից, այնուհետև տարածվել են աշխարհում (մոնոցենտրիստներ): Մեկ այլ տեսակետի համաձայն՝ մարդիկ առաջացել են տարբեր տարածքներում, տարբեր նախնիներից (պոլիցենտրիստներ): Ես երկրորդ տեսակետի կողմնակիցն եմ և կարծում եմ, որ եվրոպոիդ ռասան, այդ թվում՝ արմենոիդ տիպը, առաջացել է հենց Հայկական լեռնաշխարհում և այստեղից տարածվել դեպի միջերկրածովյան ավազան, Եվրոպա և այլն: Կարծում եմ նաև, որ նեգրոիդ ռասան առաջացել է Աֆրիկայում, մոնղոլոիդ ռասան՝ Միջին Ասիայում և այլն:

Անժելա Տերյան

Միջագետքը հնագույն քաղաքակրթության տարածքներից է, սակայն երբ փորփրում ենք պատմությունը, տեսնում ենք, որ Միջագետքի հնագույն բնակիչներն իրենց հայացքը միշտ հառել են հյուսիս, իսկ նրանցից հյուսիս Հայկական լեռնաշխարհն էր, որը «աստվածների, անմահների, սուրբ օրենքների և սուրբ ծեսերի» երկիրն էր: Հնագույն գրավոր աղբյուրներում այսպիսի բնորոշումներ այլևս չենք տեսնում որևէ երկրի համար: Կարծում եմ նաև՝ այս բնորոշումները «զայրացնում են» մեզ բարի չկամեցողներին և պատճառ դառնում, որ աղավաղվեն փաստերն ու հայոց պատմությունը: Սակայն ուսումնասիրողները, ինչպես էլ պտտվում են, նորից ու նորից գալիս են Հայկական լեռաշխարհ ու Հայաստան, քանի որ հենց այստեղ այսօր էլ հայտնաբերվում են հնագույն քաղաքակրթության հետքեր: Օրինակները բազմաթիվ են. Պորտասար հնավայր (12 հազար տարի առաջ), Քարահունջի և Մեծամորի աստղադիտարան-հնավայրեր (7-8 հազար տարի առաջ), Արենի քարանձավ (5 հազար տարի առաջ) և այլն, որոնց մասին գիտական աշխարհը բարձրաձայն սկսեց խոսել:

- Եվրոպայի ժողովուրդներ ասածը լայն հասկացություն է: Ո՞ր ժողովուրդների մոտ հայկական ծագման մասին գրավոր վկայություններ կան:

- ճիշտ եք ասում, եվրոպայում կան նոր և հին ժողովուրդներ: Հին ժողովուրդներ են կելտերը (գալեր), բրիտները, բասկերը, բավարացիները, անգլո-սաքսերը, Ապենինյան թերակղզու բնակիչները, հունական ցեղերը: Գրքում Եվրոպայի հին ժողովուրդների և Հայաստանի միջև եղած կապերին եմ անդրադառնում: Կան Հայաստան-Գերմանիա, Հայաստան-Անգլիա, Հայաստան-բասկեր, Հայաստան-կելտեր (գալեր), Հայաստան-էտրուսկներ, Հայաստան-սլավոններ բաժիները: Այս ժողովուրդների գրավոր աղբյուրները բացահայտ ասում են, որ իրենց նախնիները եկել են Հայաստանից: Ընդ որում, դա ասում են հպարտությամբ, նշելով, որ Հայաստանը «քաջարի, հպարտ, ազնիվ» մարդկանց երկիր է:

- Տարօրինակ չէ՞, որ նման աղբյուրները կարող են այնքան շատ լինել, որ գրքի նյութ դառնան, բայց միևնույն ժամանակ քիչ են հայտնի:

- Իհարկե, օրինակ՝ Գերմանիա-Հայաստան կապի մասին հսկայական նյութ կա, այնքան, որ կարելի է այդ թեմայով երկու-երեք գիրք կազմել: Նյութերը շատ-շատ են, պետք է միայն փորփրել: Հայկական աղբյուրներ էլ կան, բայց այս պահին ավելի կարևոր են նրանց ժողովուրդների գրավոր աղբյուրները: Հնում դրանք շատ ավելի հայտնի էին, իսկ XIX դարի վերջերից քիչ հայտնի լինելու պատճառների մասին արդեն ասվեց:

- Իսկ եղած վկայությունները ո՞ր դարերին են առնչվում:

- Հնագիտական պեղումների արդյունքները վերաբերում են մ.թ.ա. III-II հազարամյակներին: Մ.թ.ա. III հազարամյակում հայկական ցեղերը հասել են Պիրենեյան թերակղզի: Իսկ գրավոր աղբյուրներն ավելի ուշ շրջանի են վերաբերում, օրինակ՝ առաջին տեղեկությունները գերմանական ցեղերի մասին մ.թ. I դարին են վերաբերում (Տակիտոս), գերմանական գրավոր աղբյուրները X-XI դարերի են, անգլիական գրավոր աղբյուրները VIII-IX դարերին են վերաբերում: Ավելի ուշ շրջանի գրավոր աղբյուրներ ևս կան:

- Տիկին Տերյան, ի՞նչ եք կարծում, թեմայի մասին բարձրաձայնելով՝ կարո՞ղ ենք հասնել նրան, որ եվրոպացիներն ընդունեն իրենց պատմական անցյալը:

- Ինձ պետք չէ, որ գերմանացին կամ անգլիացին ասի՝ իմ նախնիները ծագումով Հայաստանից են կամ ես Հայաստանից եմ: Երբ բրիտները հայտնվեցին այսօրվա Բրիտանիայում կամ բավարացիները` այսօրվա Գերմանիայում, նրանք այստեղից էին գնացել, նրանք հայկական ցեղեր էին, նրանք հայ ժողովրդի մի մասն էին: Իսկ դա նշանակում է, որ նրանց պատմության մի մասը` հնագույն մասը, հայ ժողովրդի պատմությունն է: Նրանց հնագույն շրջանի պատմությունը հայ ժողովրդի պատմության բաղկացուցիչ մասն է: Ու մենք` հայերս, պետք է ուսումնասիրենք մեր պատմության յուրաքանչյուր ժամանակաշրջան, այդ թվում՝ տարբեր պատճառներով մեզնից հեռացած հայկական (արիական) ցեղերի պատմությունը: Սա մեր ժողովրդի պատմությունն է:

Կընդունեն, թե ոչ` իրենց գործն է: Օրինակ՝ Գերմանիայում մեծ հետաքրքրություն է նկատվում իրենց պատմության այդ շրջանի նկատմամբ, իսկ բավարացիները վստահաբար գիտեն իրենց ծագման մասին: Իսկ ընդհանրապես ամեն ինչ ժամանակի հարց է, որը պետք է կարողանանք հօգուտ մեզ օգտագործել:

- Կարևոր է, որ այս թեմաները նաև դասագրքերում ներառվեն, այս առումով ինչ-որ քայլեր ձեռնարկո՞ւմ եք:

- Երբ 20 տարի առաջ լույս տեսավ իմ «Ար աստծո պաշտամունքը» գիրքը, շատերն այդ մասին չգիտեին ու չէին էլ ուզում խոսել, այսօր արդեն դասագրքերում մի քանի տողով անդրադարձ է կատարվում թեմային: Ժամանակի ընթացքում այս թեման էլ կներառվի:

- Իսկ նախատեսո՞ւմ եք գիրքն այլ լեզուներով թարգմանել:

- Գիրքը հրատարակվել է «Լուսակն» հրատարակչության աջակցությամբ: Կամավոր կերպով մարդիկ ինձ օգնել են գիրքը ռուսերեն թարգմանելու հարցում. առաջիկայում լույս կտեսնի նաև գրքի ռուսերեն տարբերակը: Սակայն ցանկալի է, որ գիրքը թարգմանվի նաև անգլերեն և գերմաներեն: Եթե գտնվեն մարդիկ, որոնք կցանկանան հովանավորել, կհամագործակցեմ նրանց հետ:

- Եվ ամփոփելով ի՞նչ ուղերձ ունեք հանրությանը, որն արդեն ծանոթ է կամ նոր պիտի ծանոթանա Ձեր աշխատությանը:

- Շատ եմ ուզում, որ հայ ժողովուրդը հասկանա, թե ով է ինքը: Հայ ժողովուրդը եզակի ժողովուրդ է, ուղղակի պետք է ինքն իրեն ճանաչի: Մեր ժողովրդին անհրաժեշտ են խելացի, հայրենասեր առաջնորդներ, որոնք լավ գիտեն հայոց պատմությունը: Առաջ ովքե՞ր էին ղեկավարում Հայաստանը, ազնվականները, որոնք հիանալի կրթություն և դաստիարակություն էին ստանում: Մեր բոլոր թշնամիների առաջին գործը եղել է ազնվականությանը վերացնելը: Հիմա ազնվականներ, ցավոք, չկան: Նրանց պետք է փոխարինի մտավորականությունը: Ուրեմն այսօր պետք է կրթենք ու դաստիարակենք սեփական ժողովրդի պատմությունը հրաշալի իմացող, հայրենասեր, նվիրված, անկաշառ մտավորականություն: Մեր նոր պատմությունը պետք է կերտի հայ մտավորականությունը, որը պետք է փոխարինի հայ ազնվականությանը: Մենք բոլոր հիմքերն ունենք հաջողության հասնելու համար: Մենք եզակի ժողովուրդ ենք, եղել ենք աշխարհի ստեղծման առաջին օրվանից և հիմա էլ շարունակում ենք լինել: Պետք է ամեն հայ շատ լավ իմանա իր ժողովրդի պատմությունը: Այդ դեպքում այսօրվա Եվրոպայի ժողովուրդներին էլ կկարողնանք ասել՝ ձեր արմատներն այստեղ փնտրեք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: