Հայերեն   English   Русский  

Սուրեն Դանիելյան. «Արշավելը, մագլցելը, տարբեր լեռնագագաթներ բարձրանալը մոդայիկ են դարձել»


  
դիտումներ: 1592

Հայաստանում տարեցտարի ավելանում է լեռնագնացությամբ զբաղվողների, երկիրը նորովի ճանաչել ու բացահայտել ցանկացողների թիվը:

Այս գործում մեծ ներդրում ունի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան, որի հիմնական նպատակներից է զարգացնել ու մասսայականացնել լեռնագնացությունը Հայաստանում, կազմավորել տարբեր տարիքային խմբերի հավաքականներ, որոնք հանդես կգան միջազգային ասպարեզում:

Անկախի հետ զրույցում Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը խոսել է այդ ուղղությամբ կատարած աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին:


-Պարո՛ն Դանիելյան, դեկտեմբերի 11-ին` Լեռների միջազգային օրվա կապակցությամբ ոլորտի ներկայացուցիչները հանդիպեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին` կատարած աշխատանքների համար արժանանալով շնորհակալագրերի:

-Այդ հանդիպումը տարվա յուրօրինակ ամփոփում էր: Ֆեդերացիան հաշվետու չէ նախարարությանը, սակայն մենք ցանկացանք ներկայացնել կատարած աշխատանքները: Հանդիպման ժամանակ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նշեց, որ առողջ ապրելակերպի քարոզման ու ներդրման, երեխաների հայրենասիրական դաստիարակության և հայրենաճանաչության գործում մեծ ավանդ ունենք:

Գաբրիել Ղազարյանը կարծիք հայտնեց նաև, որ անտեսվել է այն ոլորտը, որը մենք ենք ներկայացնում, անտեսվել է նաև փոխադարձ կապը: Այդ ամենի հիմնական պատճառն այն է, որ մինչ այս պահը ժայռամագլցումն օլիմպիական մարզաձև չէր, հիմա արդեն դարձել է օլիմպիական: Նախարարը նշեց, որ 2019 թվականին հնարավոր է պետական ֆինանասավորման մեջ ընդգրկվենք: Մենք կրկնակի եռանդով շարունակելու ենք աշխատել:

Ալպինիզմի ֆեղերացիա

Նշեմ, որ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի մի շարք անդամների աշխատանքը գնահատվեց: Տարբեր արշավական ակումբներ իրենց կատարած աշխատանքի համար արժանացան շնորհակալագրերի նախարարի կողմից:

Նշեմ, որ շնորհակալագրերի արժանացան Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի 4 դասախոսներ (Լևոն Մովսիսյան, Էդուարդ Սարգսյան, Սերգեյ Բիձյան, Սուրեն Դանիելյան), որոնք թեև արշավական խմբեր չեն ղեկավարում, ակտիվ արշավների չեն մասնակցում, սակայն մեծ աշխատանք են կատարում անվտանգության ապահովման գործում:

Մեր մասնագետները լեռնափրկարարներ են և բազմիցս մասնակցել են թե՛ ուսուցման գործընթացներին, թե՛ լեռներում փրկարարական աշխատանքներին` օգնություն ցույց տալով այն խմբերին, որոնք ունեցել են դրա կարիքը:


-Նշեցիք, որ սպորտային ժայռամագլցումը մուտք է գործել օլիմպիական ընտանիք: Ի՞նչ եք կարծում, մեր մարզիկները հնարավորություն կունենա՞ն պայքարելու միջազգային հարթակներում:
-Սպորտային ժայռամագլցումը 2020 թվականի օլիմպիական խաղերի ծրագրում փորձնական է ընդգրկվել: Կարծում եմ հետագայում իր հաստատուն տեղը կզբաղեցնի օլիմպիական մարզաձևերի շարքում: Սա մեծ խթան է` մեր գործունեությունը կրկնակի եռանդով շարունակելու համար: Եթե նախկինում գործում էինք սիրողական դաշտում, ապա պետք է արդեն իսկ մանկապատանեկան շրջանից ձևավորենք հավաքականներ, որոնք մեկ կամ 2 շրջափուլ հետո հնարավորություն կստանան հանդես գալու օլիմպիական խաղերում: Ունենք մանկապատանեկան մի շարք ակումբներ, որտեղ երեխաները ուսուցանվում են և մարզվում: Նրանք մեր թիրախն են դառնալու պրոֆեսիոնալ մակարդակով մարզումների ժամանակ:


-Պարո՛ն Դանիելյան, տեղյակ եմ, որ հայաստանյան լեռնագնացությունները գրավիչ են ոչ միայն հայերի, այլև արտասահմանցի զբոսաշրջիկների համար:

-Վստահաբար կարող եմ ասել, որ արշավելը մագլցելը, տարբեր լեռնագագաթներ բարձրանալը մոդայիկ են դարձել: Հատկապես հանգստյան օրերը շատերն են անցկացնում բնության գրկում` առողջ ապրելակերպ վարելով: Սա միանշանակ մեր թիմի նվաճումներից է, միասնական աշխատանքի արդյունք:
Մեր շարժման արդյունքում Հայաստան են գալիս բազմաթիվ զբոսաշրջիկներ: Արտասահմանցի զբոսաշրջիկների աճ է նկատվում հենց իսկ մեր ուղղությամբ: Սա մեծ ձեռքբերում է:


-2018 թվականին կատարած աշխատանքներից հատկապես ո՞րն եք կարևորում և ո՞ր ուղղությամբ եք կենտորնացնելու հետագա աշխատանքները:

-2018 թվականը մեզ համար կառուցողական տարի էր: Մեծ ձեռքբերում էր այն, որ միայն ավանդական երթուղիներով, լեռնագագաթներով ու ճանապարհներով չանցան արշավախմբերը ու փորձեցին գիտական, քարտեզագրման և նոր ճանապարհների բացահայտման աշխատանքներ տանել: Թվում էր, թե ամեն ուղղություն գիտենք, սակայն պարզեցինք, որ, մեզ ծանոթ վայրն ունի գնալու տարբեր ճանապարհներ:
2019 թվականին մեր աշխատանքները պետք է ակտիվացնենք մարզերում: Ամբողջ ակտիվությունը հիմնականում կենտրոնացված է մայրաքաղաքում: Այդքանով բավարարվել հարկավոր չէ: Փորձելու ենք ձևավորել փոքր խմբեր ու ակումբներ մարզերում:

Վստահաբար կարող եմ ասել, որ մեզ հետ լինելը, մեզ հետ արշավելն ու ճանապարհորդելը անվտանգ է: Մենք, կարելի է ասել, կարծրատիպը քանդել ենք: Եթե նախկինում ծնողները մտավախություն ունեին, թե կարող է իրենց երեխային որևէ բան պատահի լեռներում` ոտքը սայթաքի կամ թե քար ընկնի, ապա այսօր նրանք հասկացել են, որ քաղաքում ավելի վտանգավոր երևույթներ կան: Մեր արշավախմբերը մեծ ուշադրություն են դարձնում անվտանգությանը: Լեռնագնացությունը դրական լիցքեր, լավ տրամադրություն է հաղորդում երիտասարդությանը:

Մենք ունենք վիճակագրություն, ըստ որի, լեռնագնացությամբ զբաղվողների մեջ երկրից գնացողները շատ քիչ տոկոս են կազմում, քանի որ արշավորդները Հայաստանը տեսնում են ոչ թե տան բազմոցից ու պատուհանից, այլ ճանաչում են ու տեսնում սեփական աչքերով, զգալով ու շոշափելով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: