Հայերեն   English   Русский  

Գագիկ Եգանյան. ի՞նչ է անում պետական ապարատի ամենաերկարատև ու ամենափորձառու դեմքերից մեկը պաշտոնաթողությունից հետո


  
դիտումներ: 3887

35 տարվա պետական ծառայություն, որից 19-ը միգրացիոն ոլորտում: Միգրացիոն ծառայության նախկին ղեկավար Գագիկ Եգանյանն այն եզակիներից է,

որի գիտելիքները, տեղեկատվական պաշարը, փորձառությունն ու միջազգային կապերը արժեքավոր ռեսուրս են ոչ միայն իր, այլ մեր երկրի համար:

Այս տարվա հունիսից Եգանյանն այլևս չի ղեկավարում Միգրացիոն պետական ծառայությունը, որի հիմնադրման ու կայացման գործում հսկայական ներդրում ունի: Իսկ երիտասարդ նոր ղեկավարը երբեմն խորհրդակցում է նրա հետ:

Անկախ-ի հետ զրույցում Եգանյանն ասում է. «Շատ հանգիստ եմ, քանի որ մենք այս տարիներին ստեղծել ենք պրոֆեսիոնալ համակարգ, փորձառու կադրեր, որոնք բոլորը աճել են ներսում և գրեթե բոլորը շարունակում են աշխատել: Իսկ ես միշտ պատրաստ եմ խորհուրդներով օգնել իմ երիտասարդ գործընկերոջը»:

Միգրացիոն ծառայության ձևավորում, պրոֆեսիոնալ անձնակազմ, ապաստանի համակարգի ստեղծում համապատասխան օրենսդրությամբ, ինստիտուտներով, միջգերատեսչական կապերով ու միջազգային ամենաբարձր չափանիշներով, օտարերկրացիների ինտեգրման համակարգի մշակում և ներդնում` ինտեգրման բազմաթիվ ծրագրերով, ինչպես նաև մի շարք այլ համակարգեր: Այս ամենը Եգանյանը համարում է կարևոր ձեռքբերումներ միգրացիոն ոլորտում: Իր գործունեությունից առանձնացնում է նաև «Միգրացիայի կառավարման հիմունքներ» դասընթացի ծրագրի ներդրումը բուհերում, ինչը հնարավորություն է տալիս միգրացիայի վերաբերյալ տրամադրել համակարգված, խորը տեղեկություններ ու գիտելիքներ, պատրաստել ոլորտի մասնագետներ:

Անդրադառնալով հայտարարություններին, թե Հայաստանում ավելի շատ ներգաղթ է սկսվել, քան արտագաղթ` Գագիկ Եգանյանն ասում է՝ նման հայտարարությունների հիմքում պետք է հետազոտություններ լինեն:

«Այո, դրական ֆոն կա, բայց կոնկրետ տեղեկության համար պետք է հետազոտություն կատարել: Միգրացիայի մասին որոշ պատկեր տալիս են սահմանահատումների վերաբերյալ տեղեկությունները, որոնք ամեն օր կարելի է իմանալ, բայց դա երևույթն ամբողջությամբ չի արտահայտում։ Այն, որ բացասական սալտոն փոխվել է դրականի, փաստ է։ Նախորդ տասը տարիներին սալտոն անընդհատ բացասական է եղել, բացասական մնացորդը ամեն տարի 40 հազարից ավելի է եղել, այսինքն, այդքան ուղևոր Հայաստանից ամեն տարի մեկնել է, քան վերադարձել։ Մոտավորապես այդ ծավալների էլ ամեն տարի եղել է արտագաղթը»։

Ըստ Եգանյանի, 2017 թվականին ուղևորահոսքերի սալտոն 46 հազարից հասել է 26 հազարի, իսկ այս տարի բացասականը արդեն դրականի է վերածվել: «Կանխատեսում կա, որ տարեկան կտրվածքով դրական սալտոն կլինի 10-12 հազար։Սա հուսադրող, դրական բան է, բայց այդ վիճակը պետք է տևի գոնե մեկ-երկու տարի, որպեսզի մենք կարողանանք խոսել ներգաղթի մասին»։

Եգանյանն ասում է, որ մինչև 2016 թվականը կառավարությունը գումար էր հատկացնում միգրացիոն երևույթը, այդ թվում արտագաղթի պատճառներն ուսումնասիրող սոցիալական հարցումներ իրականացնելու համար, որից հետո նման հետազոտություն չի արվել:

«Դա ծախսատար գործընթաց է, բայց միայն այդպես կարելի է հստակ պատկերն իմանալ: Արտագաղթի պատճառների մեջ առաջին տեղում սոցիալ-տնտեսականն է եղել՝ աշխատատեղերի բացակայություն, բարձր վարձատրվող աշխատատեղերի բացակայություն, որոշակի մասնագիտական աշխատանքի բացակայություն, գործարարությամբ զբաղվելու խոչընդոտներ, բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ, ապագայի նկատմամբ վստահության պակաս և այլն: Եթե նախկինում սոցիալ-տնտեսական պատճառները 70-75 տոկոսի էին հասնում, ապա վերջին շրջանում ավելացել էր բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտի և ապագայի նկատմամբ անվստահության պատճառովարտագաղթողների թիվը»։

Եգանյանը կարծում է, որ հեղափոխությունից հետո բարոյահոգեբանական բացասական մթնոլորտը թուլացել է, բայց թե ինչքանո՞վ՝ պետք է պարզել հետազոտությունների միջոցով: «Բացի այդ, պետք է գնահատել՝ եթե կտրուկ է թուլացել, ապա դա կարո՞ղ է որոշակի ձգման, կլանման գործոն դառնալ, որից հետո պետք է պարզել՝ ինչպիսի՞ն է տրամադրվածությունը դրսում ապրող մեր հայրենակիցների շրջանում վերադարձի առումով, ի՞նչ իրավիճակի դեպքում են նրանք պատրաստ վերադառնալև այլն»։

Եգանյանն ակտիվ համագործակցում է միգրացիայի ոլորտի միջազգային կառույցների հետ՝ իբրև հեղինակավոր, անկախ փորձագետ խորհրդատվական ծառայություններ տրամադրելով տարբեր միջազգային կազմակերպությունների:

Միջազգային ոլորտում նրա հեղինակության մասին են վկայում պաշտոնը թողնելուց հետո աշխարհի տարբեր կետերից ստացած շնորհակալական նամակները հայտնի կազմակերպությունների և անվանի մարդկանց կողմից:

Գագիկ Եգանյանը նաև ակտիվ լեռնագնաց է: Երկու անգամ Արարատի գագաթն է նվաճել: Ասում է՝ պետական համակարգում աշխատանքը միշտ եղել է չափից դուրս լարված և ծանր ու միայն լեռնագնացության շնորհիվ է կարողացել դիմանալ: «Բոլորին եմ խորհուրդ տալիս զբաղվել լեռնագնացությամբ։ Դա կենսակերպ է, դա իմ կյանքի անբաժան մասն է: Շաբաթական գոնե մեկ անգամ բարձրանում եմ լեռներ, էներգիա ստանում ու վերադառնում»:

Ս.թ. դեկտեմբերի 1-ին Գագիկ Եգանյանն ընտրվել է Հանրային խորհրդի ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահ՝ պատրաստ պետական համակարգում կուտակած փորձը փոխանցել նաև Հանրային խորհրդի միջոցով: «Մենք պետք է միգրացիայի վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ ներկայացնենք թե՛ հասարակությանը և թե՛ պետական կառույցներին,-ասում է նա,-միգրացիոն խնդիրները հասարակությանը հուզող ամենալուրջ խնդիրներից են, բայց շատերն այս երևույթին վերաբերում են զուտ զգացական տիրույթում: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի հանրությունն այս խնդրի վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ ստանա, իսկ կառավարությունը այդ տեղեկությունների հիման վրա համապատասխան քաղաքականություն մշակի: Մինչ օրս էլ որոշ լրատվամիջոցներում կարող եք հանդիպել, ասենք, նման սխալ վերնագիր. «Ինչպե՞ս պայքարել միգրացիայի դեմ»: Միգրացիան օբյեկտիվ ընթացող գործընթաց է, որը ծնունդ է առել մարդկության հետ մեկտեղ: Պետք է պայքարել երևույթի այն դրսևորումների դեմ, որոնք ունեն բացասական անդրադարձեր: Պետք է տարբերել միգրացիան արտագաղթից և պայքարել արտագաղթի դեմ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: