Հայերեն   English   Русский  

​Թատրոն՝ առանց չորրորդ պատի


  
դիտումներ: 2979

«Թատերական ժամանակներ և ժամանակակից թատրոն» խորագրի ներքո «Անկախը» շարունակում է ներկայացնել Երևանում գործող թատրոնները:

Այս անգամ հյուրընկալվել ենք ռեժիսոր, դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պետական կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանին:

-Պարոն Երնջակյան, Կամերային թատրոնն արդեն 36 տարեկան է: Ինչպիսի՞ ճանապարհ եք անցել և ի՞նչ հիմնական սկզբունքներ եք պահպանել այս տարիներին:

-Թատրոնը ստեղծվել է ոչ ավանդական ուղիներով և մեծ բարդություններով, բայց կարևորը, որ առաջին իսկ օրվանից այն իր դեմքն ունեցավ և պահպանում է մինչ օրս: Բանը նրանում է, որ ԽՄ տարիներին պետական թատրոն բացելը հեշտ գործ չէր: Մոսկվան շատ դժվարությամբ էր տալիս իր համաձայնությունը: Մեզնից առաջ տասնամյակներ շարունակ Հայաստանում պետական թատրոն չէր բացվել: Մեր բախտը բերեց այդ առումով: Բայց քանի որ մեր թատրոնը ոչ թե վերևներից ծրագրավորված մի կառույց էր, այլ պարզապես կային մի խումբ «աննորմալ» երիտասարդներ, որոնք, մասնագիտությամբ հիմնականում լինելով կիբեռնետիկներ, չգիտես ինչու, որոշեցին թատրոնով զբաղվել, բնական է, որ թատերական աշխարհը դա պիտի սրերով ընդուներ: Սակայն մենք 5 տարի շարունակ մեր թատրոնի այս տարածքը փորեցինք ու կառուցեցինք, և մեզ մնում էր միայն այդ ստատուսը ստանալ, որն էլ բախտի բերումով իջեցրին:

Ներկայացման ընթացքում մեր թատրոնն ունի հատուկ վերաբերմունք հանդիսատեսի նկատմամբ: Եթե սովորական թատրոնում ի սկզբանե ընդունված է, որ կա այսպես կոչված չորրորդ պատ հանդիսատեսի և դերասանի միջև, մեզ մոտ գործում է նույնացման տարբերակը: Այսինքն՝ դերասանը և հանդիսատեսը նույնանում են մեր ներկայացումներում, և դա արվում է ոչ թե արհեստականորեն, այլ բխում է բեմադրվող գործի կառուցվածքից: Խոսքը բնավ այն մասին չէ, որ դերասանը դառնում է հանդիսատես կամ հանդիսատեսը՝ դերասան, ո´չ: Պարզապես մեզ մոտ դերասանները շատ լավ գիտակցում են, որ կա դահլիճը՝ որպես զրուցակից և իրենց երկխոսությունները երբեմն կառուցում են նաև հանդիսատեսի միջոցով: Նման մոտեցումները մենք հիմնականում պահպանել ենք այս տարիներին: Իհարկե, բացառություններ լինում են: Կան ներկայացումներ՝ կառուցված դասական դրամատուրգիայի վրա, բայց դրանք մեծ մաս չեն կազմում, և գերակշռում են նույնացման օրենքով արված ներկայացումները:

-Այժմ Կամերային թատրոն ունի 150 տեղանոց դահլիճ: Արդյոք դա պայմանավորվա՞ծ է թատրոնի Ձեր տեսակով: Հնարավորության դեպքում կտեղափոխվեի՞ք այլ տարածք:

-Ընդհանրապես աշխարհում ընդունված չեն 800, 1000, 1500 տեղանոց դահլիճները: Դրանք խորհրդային տարիների հետևանք են: Փոքր դահլիճն ավելի ճիշտ է թատրոնի համար: Բայց քանի որ մեր հանդիսատեսը հաճախ չի կարողանում ներկայացման տոմս ձեռք բերել սպառված լինելու պատճառով, ապա ցանկալի կլիներ, որ ունենայինք գոնե 300 տեղանոց դահլիճ: Ինչպես նաև մեզ անհրաժեշտ են ընդարձակ տարածքներ՝ ներկայացումների դեկորները պահելու համար: Դրա պատճառով մեր ներկայացումներում գրեթե երբեք մեծ դեկորներ չենք օգտագործում: Մեր դեկորներն էլ հիմնականում պատրաստում ենք երկաթների համադրությամբ: Անգամ այդպիսի դեկորներ պահեստավորել ենք ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, որտեղ գնացել և գնում ենք հյուրախաղերի: Հանգիստ ես լինում, երբ գիտես՝ կարող ես գնալ և տեղում հավաքել քո ուզած դեկորը, ոչ թե մտածել՝ ինչպես ես Հայաստանից տանելու:

Այս ամենով հանդերձ մենք սիրում ենք մեր փոքր դահլիճը, քանի որ այն մեզ, ի վերջո, հնարավորություն է տալիս շշուկով զրուցել հանդիսատեսի հետ: Մեր փայլուն դերակատարներն ու նրանց նվիրվածությունը միշտ ստիպել են մարդկանց հասկանալ, որ մեզ մոտ կեղծիք չկա, որ դերասանը խաղում է հանդիսատեսի համար: Ուստի թեկուզ այս պայմաններում հանդիսատեսի քանակով չենք զիջում մեծ թատրոններին: Մենք խաղում ենք շաբաթական 5-6 ներկայացում լցված դահլիճներով: Դրա համար մեր ամենամեծ հաջողությունը երկար տարիներ խաղացվող ներկայացումներն են ու մեր հանդիսատեսը: Այս 36 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում միլիոնավոր ընկերներ ու հարազատներ ենք ձեռք բերել:

-Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում անել այդքան կյանքային և անկեղծ բեմադրություններ:

-Հենց բուն գրական նյութն է գրված այդ տրամադրությամբ: Մեր ներկայացրած վիճակներում արհեստականություն չկա: Շատ անվանի դերասաններ չեն կարողացել մեզ մոտ երկար խաղալ և դուրս են եկել: Մեծ բեմում դերասանի համար աշխատում են ավելի՝ չեմ ասի հեշտ կամ բարդ, բայց ուրիշ օրենքներ: Մեզ մոտ բացառվում է թուլանալու իրավունքը: Մեր թատրոնում, եթե հանկարծ հանդիսատեսը աչքերիդ մեջ ինչ-որ կեղծ բան նկատեց (ի վերջո, տարածությունը փոքր է, և դիմագծերն ակտիվ երևում են), կամ դերասաններից մեկնումեկը փորձեց դուրս գալ կերպարից, ներկայացումը տապալվելու է միանգամից: Իմ բախտը բերել է, և թատրոնի բախտն է բերել, որ այստեղ փայլուն դերասաններ կան, և հուսով եմ՝ կլինեն նաև:

-Ի՞նչ բնութագրական առանձնահատկություններ ունեն Ձեր թատրոնի դերասանները:

-Ես նախ կարևորում եմ դերասանի մարդկային տեսակը՝ անկախ մասնագիտական որակներից: Մենք մի ընտանիք ենք, մեր ընտանիքում կողմնակի մարդ չպետք է լինի: Սա առաջին պայմանն է, որից հետո արդեն կարևորում ենք դերասանական վարպետությունը: Բեմ բարձրացած դերասանը պիտի ունենա նաև ներքին ազատություն: Ի սկզբանե դեմ եմ եղել գռեհկությանը, բայց դերասանի չափավոր ազատությունն օգնում է անկեղծ լինել բեմի վրա:

-Ինչի՞ վրա եք շեշտը դնում ամեն անգամ նոր ներկայացման թեմա ընտրելիս: Ի՞նչ ներկայացումների սպասի հանդիսատեսն ապագայում:

-Ներկայացման թեմա ընտրելիս կարևորում ենք այն փաստը, թե դա որքանով կհետաքրքի հանդիսատեսին: Հետո արդեն պիտի նայել՝ ունենք տվյալ գործին համապատասխան դերասաններ, թե ոչ: Այս պահին աշխատում ենք երկու ներկայացման վրա: Մեկը կոչվում է «Էտյուդ կանանց մասին», որտեղ զբաղված են միայն տղամարդիկ, որ զրուցում են կանանց մասին: Պիտի փորձենք հասցնել մինչև մարտի ութը: Եվ երկրորդ գործը «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ» ներկայացումն է, որը մեր թատրոնի առաջնեկն է, բայց շատ վաղուց խաղացանկում չէր եղել: Պարզապես այն, ինչ հիմա պիտի հանձնենք հանդիսատեսի դատին, լրիվ նոր ներկայացում է իր բոլոր կողմերով:

-Վերջին շրջանում Ձեր թատրոնի նոր, բայց արդեն սիրված ներկայացումներից է «Սև արկղը»: Հայտնի է՝ ներկայացման մեջ ընդգրկված են դերասաններ նաև այլ թատրոններից: Ընդհանրապես հե՞շտ եք գնում համագործակցության այլ թատրոնների դերասանների հետ:

-Ժամանակին՝ ոչ, բայց հիմա անգամ մեր դերասաններին եմ թույլ տալիս խաղալ այլ թատրոններում: Դրա մեջ մի լավ բան կա, միշտ էլ հետաքրքիր է տեսնել, թե ուրիշ մտածելակերպի դերասանը որքանով կձուլվի մեզ և հակառակը: Կարծում եմ՝ Արշալույս Հարությունյանը, որ «Սև արկղ» ներկայացման բեմադրող ռեժիսորն է, չի սխալվել հրավիրյալ դերասանների առումով:

-Պարոն Երնջակյան, զրույցի սկզբում Դուք խոսեցիք ներկայացումների ընթացքում հանդիսատեսի ունեցած ակտիվ ներգրավվածության մասին: Արդյո՞ք դա փոքր-ինչ ռիսկային չէ ներկայացման սահուն ընթացքի առումով:

-Խոսքը նրա մասին չէ, որ հանդիսատեսին տրվում է լիակատար ազատություն: Եթե անգամ դերասանը դիմում է հանդիսատեսին և սպասում է արձագանքի, նա արդեն իսկ ունի մշակած մի քանի տարբերակներ, թե ինչպես պիտի շարունակվի ներկայացումը: Չնայած, լինում է նաև մի քիչ ծանր հանդիսատես, որին դժվար է լինում խոսեցնել: Վերջում պարզվում է, որ մարդիկ պարզապես չեն ցանկանում խանգարել: Բայց ամեն դեպքում հաճելի է, երբ դահլիճում նստածները կոնտակտի մեջ են մտնում: Մեր 10-ից 8 ներկայացումներն այդ որակի մեջ են աշխատում:

-Ինչի՞ մասին են պատմում Ձեր ներկայացումներն, ի վերջո, եթե փորձենք ընդհանրացնել:

-Կարող եմ ասել, որ այս տարիների մեր ներկայացումներով ընդհանրացրել ենք մեր ժողովրդի անցած ճանապարհը: Մեր բոլոր պայքարներն իրենց անդրադարձն են գտել թատրոնում: Կարևոր է նաև, որ հանդիսատեսն այստեղ լսում ու տեսնում է հենց այն, ինչ հուզում է իրեն տվյալ պահին, որն էլ ամենաշատն է գրավում նրան և ընդունվում է սիրով: «Նազար, Նազար, մինչև վերջ» ներկայացումն արել ենք 1983-ին: Մի քանի օր առաջ այն խաղացինք վերականգնված, և բոլորը հարցնում էին՝ այսօ՞ր եք գրել:

-Գրեթե բոլոր թատրոններում արդեն իսկ սկսվել են ամանորյա ներկայացումները փոքրիկների համար: Ձեր թատրոնն ի՞նչ ունի նախատեսած երեխաների համար:

-Երբ բացվեց թատրոնը, ունեինք շատ լավ մանկական ներկայացումներ, որ հետո հանեցինք խաղացանկից: Մեզ համար դա ծանր բեռ է, որովհետև ողջ տարին գրեթե առանց դադարի աշխատած դերասանները հիմա էլ պետք է խաղան նաև տոների ընթացքում, այն էլ օրական երեք ներկայացմամբ: Դրա համար մենք հանել էինք ամանորյա ներկայացումները: Բայց այս տարի ծնողների պահանջով վերականգնեցինք և հունվարի սկզբին մի քանի օր կխաղանք «Կախարդական պարահանդես» ներկայացումը:

-Պարոն Երնջակյան, ի՞նչ կմաղթեք թատերասեր ընթերցողին:

-Ուզում եմ, որ մարդիկ չհավատան այն ասեկոսեներին, թե թատրոնը մեռել է, մեռնում է և այլն: Դա հիմարություն է: Քանի կա մարդկային շփումը, թատրոնը կապրի: Մեր թատրոնը զգացմունքների թատրոն է, և ես ժողովրդին հրավիրում եմ մեզ մոտ՝ միասին ուրախանալու և հուզվելու, զվարճանալու և մտորելու:

Արփի Խաչատրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: