Հայերեն   English   Русский  

​Սիրիայի գիտնականների և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական հարաբերությունները նոր փուլ են մտնում


  
դիտումներ: 2935

Սույն թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան արտակարգ

և լիազոր դեսպան պարոն Մուհամմեդ Հաջ Իբրահիմի և սիրիացի պատգամավորների հետ, որին մասնակցեցին նաև արաբական երկրների գիտաշխատողներ: Պատվիրակության կազմում էին Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր դոկտոր Նորա Արիսյանը, հայտնի վերլուծաբան դոկտորա Աշվակ Աբբասը, Մահիր Խայաթան և Ջալալ Դարվիշը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-արաբական, այդ թվում՝ անցյալում և ներկայում հայ-սիրիական հարաբերությունները: Նշվեց, որ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտն այն եզակի գիտական հաստատությունն է, որը տասնամյակներ շարունակ զբաղվել է Սիրիայի արտաքին և ներքին քաղաքական հիմնախնդիրների, նաև՝ սիրիահայ համայնքի վերլուծությամբ, ինչն ունի ինչպես քաղաքական, այնպես էլ գիտական կարևորություն: Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ Արևելագիտության ինստիտուտը պատրաստ է այսուհետ ևս նպաստել հայ-սիրիական գիտական կապերի էլ ավելի զարգացմանն ու ընդլայնմանը՝ դառնալով կարևոր հարթակ հայ-արաբական համագործակցության համար:

ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մուհամմեդ Հաջ Իբրահիմը շեշտեց, որ իր երկիրը ևս պատրաստակամ է Հայաստան-Սիրիա գիտակրթական և մշակթային կապերի ընդլայնման հարցում` շեշտելով Արևելագիտության ինստիտուտի դերը: Պատվիրակության կազմում ընդգրկված դոկտոր Աշվակ Աբբասն ընդգծեց, որ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտն արաբական աշխարհում, այդ թվում նաև Սիրիայում ունի բարձր հեղինակություն և համարվում է Մոսկվայի Արևելագիտության ինստիտուտից հետո երկրորդը հետխորհրդային երկրների արևելագիտական հաստատությունների շարքում: Նա խոսեց հայ արաբագետների և Դամասկոսի ու Հալեպի համալսարանների մասնագետների միջև սերտ համագործակցության ու համատեղ գիտահետազոտական ծրագրեր իրականացնելու կարևորության մասին: Մասնավորապես կարևորվեց ցեղասպանագիտության ոլորտում երկու երկրների մասնագետների համագործակցությունը:

Սիրիայի պատգամավորները Հայաստանից վերադառնալուց հետո Սիրիայի Ազգային ժողովում զեկուցել են Արևելագիտության ինստիտուտ այցի մասին, նշել են Արևելագիտության ինստիտուտի` որպես Մերձավոր Արևելքի արդի հետազոտություններ իրականացնող ակադեմիական կենտրոնի հետ համագործակցության կարևորությունը:

20.12.2018թ.





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: