Հայերեն   English   Русский  

​Տարին գլխագրերում․ ինչով է աչքի ընկել 2018-ն աշխարհում


  
դիտումներ: 2135

Տարվա ընթացքում Երկիր մոլորակում բազմաթիվ մեծ ու փոքր իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք գտնվել են համայն մարդկության ուշադրության կենտրոնում։ Փորձենք առանձնացնել պատմական իրադարձությունները, որոնցով կհիշվի 2018-ը։

Սաուդյան Արաբիայում կանայք վարելու թույլտվություն ստացան

Այս տարվա հունիսի 24-ին ուժի մեջ մտավ Սաուդյան Արաբիայի արքայի հրամանագիրը, որով դադարեցվեց կանանց՝ մեքենա վարելու արգելքը։ Այսուհետ այս երկրի բնակիչները կարող են ավտոմեքենա վարել՝ չվախենալով պատժից ու տուգանքից։ Սաուդյան Արաբիան աշխարհում միակ երկիրն էր, որտեղ մինչ այս կանանց արգելվում էր մեքենա վարել, իսկ օրինախախտներին էլ խստորեն պատժում էին։

Ճիշտ է, կանանց վարել թույլատրող հրամանը ստորագրվել էր դեռ 2017-ի աշնանը, սակայն այն ուժի մեջ է մտել միայն այս տարի։

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

Տարվա գլխավոր սպորտային իրադարձություններից մեկը ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր, որ առաջին անգամ անցկացվեց Ռուսաստանում։ Չեմպիոն դարձավ Ֆրանսիայի հավաքականը՝ եզրափակչում հաղթելով Խորվաթիային։

Ձմեռային Օլիմպիադան Փհենչանում

Տարվա սպորտային մեկ այլ կարևոր իրադարձություն էին 28-րդ ձմեռային օլիմպիական խաղերը, որոնք տեղի ունեցան Հարավային Կորեայում։ Մրցումների 16 օրերի ընթացքում խաղարկվեց մեդալների 102 հավաքածու 15 մարզաձևերում։ Թիմային հաշվարկում մեդալների թվով առաջատարը Նորվեգիան էր՝ 39 մեդալ։

Փհենչանի օլիպիական խաղերը ռեկորդային էին մասնակիցների թվով․ Հարավային Կորեայում ելույթներ են ունեցել 2925 մարզիկներ։

Հյուսիսային և Հարավային Կորեաները միմյանց խաղաղության ձեռք մեկնեցին

Կիմ Չեն Ըն-Մուն Չչէ Ին

Տարին պատմական էր Կորեական թերակղզում խաղաղություն հաստատելու ջանքերով․ Հյուսիսային և Հարավային Կորեաների ղեկավարները հանդիպեցին Հարավային Կորեայում գտնվող սահմանային Փհանմունջոմ գյուղում։ Սա Կիմ Չեն Ընի և Մուն Չժե Ընի առաջին հանդիպումն էր, իսկ երկու երկրների ղեկավարների երրորդ հանդիպումը 2000 և 2007 թվականներից հանդիպումներից հետո։ 1953թ․-ից ի վեր Հյուսիսային Կորեայի առաջնորդն առաջին անգամ է այցելել Հարավային Կորեա։

Իրադարձությունն այնքան պատմական էր, որ ուղիղ հեռարձակվում էր։ Իսկ հանդիպման արդյունքում երկու երկրների ղեկավարները համաձայնագիր ստորագրեցին, որով պարտավորվում են Կորեական թերակղզին ազատել միջուկային զենքից և սկիզբ դնել խաղաղության դարաշրջանին։

Երկու էքսցենտրիկ առաջնորդների հանդիպումը

Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպ

Տարվա ընթացքում Կորեական թերակղզին շարունակաբար գտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Նման առիթներից մեկն էլ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումն էր Սինգապուրում։ Սա երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն էր։ Հունիսի 12-ին տեղի ունեցած հանդիպումից առաջ կողմերը շարունակաբար ԶԼՄ-ների միջոցով հեռակա վիրավորանքներով էին փոխանակվում, մինչև վերջին պահն այդպես էլ հստակ չէր՝ արյդոք տեղի կունենա հանդիպումը, թե ոչ։ Բայց պատմական հանդիպումը տեղի ունեցավ և երկու երկրների ղեկավարները Հարավային Կորեայի ապառազմականացման մասին համաձայնագիր ստորագրեցին։ Ճիշտ է, համաձայնագրի իրագործման ուղղությամբ կողմերը դեռ շատ քիչ քայլեր են ձեռնարկել։

Թրամփի և Պուտինի հանդիպումը

Թրամփ-Պուտին-գնդակ

Պատմական էր նաև ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպումը Հելսինկիում։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից մեկ օր անց Հելսինկիում հանդիպեցին Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը․ սա նրանց առաջին հանդիպումն էր։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնց թվում են միուջկային զենքը, ՌԴ-ի՝ ԱՄն ընտրություններին միջամտելը 2016-ին, Սիրիայում առկա իրավիճակը և այլն։

Հանդիպման արդյունքում կողմերը նշեցին, որ հետաքրքրված են հարաբերությունների բարելավմամբ։ Սակայն ռուս-ամերիկյան հարաբերություններում էական որևէ փոփոխություն այդպես էլ տեղի չունեցավ

ԱՄՆ դեսպանության տեղափոխումն Երուսաղեմ

2018-ի Մայիսի 14-ին Իսրայել պետության հիմնադրման 70-ամյակի առթիվ այդ երկրի իշխանությունները շռայլ նվեր ստացան ԱՄՆ կողմից։ ԱՄՆ-ի դեսպանությունն Իսրայելում Թել Ավիվից տեղափոխվեց Երուսաղեմ։ Իսկ դեսպանատան պաշտոնական բացման արարողությանը տեսաուղերձով հանդես եկավ Դոնալդ Թրամփը։

Սպիտակ տունը Երուսաղեմը պաշտոնապես ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք դեռ նախորդ տարվա դեկտեմբերին։ Որոշումը զանգվածային բողոքի ակցիաների պատճառ դարձավ արաբական աշխարհում։ Իսրայելական ոստիկանների հետ բախումներում 60 մարդ զոհվեց, 2500-ը վիրավորվեցին։

Նշենք, որ ԱՄՆ դեսպանատունն Երուսաղեմ տեղափոխելու որոշում Կոնգրեսն ընդունել էր դեռ 1995-ին, սակայն ԱՄՆ բոլոր նախագահները հետաձգել էին դրա իրագործումը՝ հաշվի առնելով Երուսաղեմի վիճելի կարգավիճակը։ Թրամփը դեսպանությունը Երուսաղեմում հաստատելը ներառեց իր նախընտրական ծրագրում և իրագործեց։

Իրանի միջուկային համաձայնագիրը՝ ձախողման եզրին

2018-ը նշանավորվեց նաև նրանով, որ կրկին սրվեցին ամերիկա-իրանական հարաբերությունները։ Հակաիրանական դիրքորոշում ունեցող Թրամփը 2018-ի մայիսին միակողմանիորեն դուրս եկավ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից՝ նորից գործարկելով Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները։ Ընդ որում՝ ԱՄՆ-ն սպառնալիքների միջոցով հասել է նրան, որ Իրանի հետ համագործակցությունից հրաժարվեն նաև աշխարհի մյուս երկրները։

Ճիշտ է, եվրոպական երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, դեռ փորձում են փրկել համաձայնագիրը և շարունակել համագործակցությունը Իրանի հետ, սակայն ԱՄՆ պատժամիջոցներն արդեն իսկ զգալի են, մինչդեռ եվրոպական կողմի ջանքերը դեռևս արդյունք չունեն։

Դեղին ժիլետների հեղափոխությունը

Դեղին ժիլետներ

Նոյեմբերի 17-ին ողջ Ֆրանսիայով բողոքի ալիք անցավ․ դեղին ժիլետը որպես տարբերանշան կրող ցուցարարները դժգոհում էին բենզինի և դիզելային վառելիքի հարկերի բարձրացումից և կյանքի թանկացումից։ Շարժումն աստիճանաբար ընդլայնվեց և ուղղվեց նախագահ Էմանուել Մակրոնի վարած քաղաքականության դեմ։

Ի վերջո Մակրոնը զիջումների գնաց․ հետաձգեց հարկերի բարձրացումը, բարձրացրեց նվազագույն աշխատավարձը, հարկերից ազատեց արտաժամյա աշխատանքը։

Ուշագրավ է, որ դեղին ժիլետների շարժումը «վիրուսային էֆեկտ» ունեցավ՝ տարածվելով նաև հարևան եվրոպական երկրներում։ Դեղին ժիլետը դարձավ իր դժգոհությունն արտահայտող և իր խնդիրները բարձրաձայնող քաղաքացու տարբերանշան։

Տարվա սկանդալը

Տարվա սլանդալ տիտղոսին թերևս կարող է արժանանալ Սկրիպալների գործը, որի պատճառով նաև խիստ լարվեցին ռուս-բրիտանական առանց այն էլ ոչ ջերմ հարաբերությունները։ Նախկին ռուս զինվորական, Բրիտանիայի հատուկ ծառայությունների աշխատակից Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլյան մարտի 4-ին նյարդա-պարալիզացնող գազով թունավերվեցին Սոլսբերի քաղաքում։

Հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ թունավորումը տեղի է ունեցել քիմիական զենքով, որը հայտնի է «Նովիչոկ» անունով։ Այն ժամանակին մշակվել է Խորհրդային Միությունում։

Միացյալ Թագավորության իշխանությունները տեղի ունեցածի պատասխանատվությունը դրեցին Մոսկվայի վրա՝ մեղադրելով քիմիական զենքի արգելքի մասին կոնվենցիան խախտելու մեջ։ Ռուսաստանն իր հերթին հերքեց իրեն ուղղված բոլոր մեղադրանքները՝ սլաքներն ուղղելով ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի կողմը։

2018-ի աշնանը Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հրապարակեց Ռուսաստանի երկու քաղաքացիների լուսանկարներ և անուններ, որոնք կասկածվում են Սկրիպալների թունավորման մեջ։ Բրիտանական կողմի պնդմամբ՝ այդ երկուսը ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ են։

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքը

արքայազն Հարի-Մեգան Մարքլ

Տարին նշանավորվեց նաև բրիտանական արքայական ընտանիքում տեղի ունեցած համալրմամբ․ արքայազն Հարին պսակադրվեց ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի հետ։ Հանդիսությունը տեղի ունեցավ մայիսի 19-ին։

Արքայական հարսանիքն արժեցել է 45 մլն դոլար։ Բրիտանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ միայն 20 արծաթյա փողերը, որոնցով ազդարարվել է իրադարձության մասին, արժեցել են 125 հազար դոլար։ Իսկ Սուրբ Գևորգ եկեղեցու զարդարման համար, որտեղ տեղի է ունեցել պսակադրությունը, ծախսվել է 150 հազար դոլար։

Մարքլի հարսանեկան զգեստն արժեցել է 400 հազար դոլար։ Իսկ ահա փեսայի հագուստը հարսանեկան ամենափոքր ծախսերից է․ արժեցել է ընդամենը 10 հազար դոլար։ Ամենաթանկարժեքը եղել է արքայական ընտանիքի և հյուրերի անվտանգության ապահովումը․ 42 միլիոն դոլար։

Brexit-ը՝ վտանգի տակ

Չնայած հանրաքվեի և տարիներ տևած բանակցությունների արդյունքում նախատեսվում է , որ Մեծ Բրիտանիան պետք է լքի ԵՄ-ն 2019-ի մարտին, սակայն վերջին պահին Brexit-ը կասկածի տակ է հայտնվել։ ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրին դեմ են ՄԹ վարչապետ Թերեզա Մեյի կողմնակիցները՝ ԵՄ-ից դուրս գալը սատարող ուժերը։ Իսկ ահա ԵՄ-ում մնալու կողմնակիցներն էլ նոր հույս են ձեռք բերել՝ Եվրադատարանի որոշմամբ, մինչև ԵՄ-ից դուրս գալու համար սահմանված վերջնաժամկետը ՄԹ-ն կարող է միակողմանիորեն հրաժարվել ԵՄ կազմից դուրս գալուց։

Արդյունքում Թերեզա Մեյը ստիպված հետաձգել է ԵՄ-ի հետ Brexit-ը կարգավորող համաձայնագրի հաստատումը խորհրդարանում։

Տարվա գիտական նորությունը

Օդագնացության և տիեզերական տարածքի հետազոտման ԱՄՆ ազգային վարչության (NASA-ի) տիեզերանավը վարյէջք է կատարել Մարս Մոլորակի վրա։ Տիեզերանավը պետք է հետազոտի «կարմիր մոլորակի» մակերեսը:

InSight-ը Երկիր մոլորակից մինչև Մարս 550 միլիոն կիլոմետրանոց ճանապարհն անցել է կես տարում և «կարմիր մոլորակի» վրա կաշխատի «մարսյան» մեկ տարի, որը հավասար է «երկրային» 24 ամիսների: Ամբողջ ծրագրի արժեքը մոտ մեկ միլիարդ դոլար է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: