Հայերեն   English   Русский  

Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ստեղծման 30-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանս՝ ԵՊԲՀ-ում


  
դիտումներ: 397

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր՝ Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ստեղծման 30-ամյակին նվիրված, տեղի ունեցավ «Մանկական ստոմատոլոգիայի արդի խնդիրները» թեմայով գիտագործնական կոնֆերանս։

Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբոնի վարիչ Հրանտ Տեր-Պողոսյանի խոսքով՝ Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ստեղծման 30-ամյակը վկայում է, որ ոլորտում ձեռքբերումների ակտիվ շրջանը պետք է համարենք բացված: «Իմ մեծ ցանկություն է, որ տարիներ անց այս ոլորտի ձեռքբերումները կարողանանք կիսել միասին»,- ասաց ամբոնի վարիչը:

Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Վալերի Տատինցյանն անդրադառնալով ամբիոնի ստեղծմանն ու գործունեությանն՝ ընդգծեց, որ Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ստեղծման գործում հսկայական դեր է ունեցել ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը: «Այս մասնագիտության առանձնահատկությունների համաձայն՝ հիմքը պետք է այնպիսին լիներ, որ հետագայում խնդիրներ չառաջանային»,- նշեց նա՝ ավելացնելով, որ մանկական ստոմատոլոգիան ակտիվ զարգանում է, և պետք է առաջ շարժվել՝ եղածը պահպանելով:

Սոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանի խոսքով՝ այս տարին հոբելյանական է, և Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի կայացման գործում իրենց ուրույն տեղն ունեն մի շարք մեծանուն մասնագետներ: «Այս կոնֆերանսին նրանցից շատերի ներկայությունը փաստում է, որ նրանք ինչպես եղել են, այնպես էլ այսօր շարունակում են մեր կողքին մնալ»,- նշեց դեկանը:

ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանը շնորհավորելով Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ստեղծման 30-ամյակն՝ ասաց, որ անցյալի հիշողությունները բավականին հաճելի են: «Դրանք կրկնակի հաճելի են դառնում, երբ հիշում եմ՝ ինչ էինք և ինչ դարձանք»,- նշեց ակադեմիկոսն՝ ավելացնելով, որ առողջ ատամներն առողջ հոգեբանության գրավականն են, իսկ մարդու առողջությունը սկսվում է բերանի խոռոչից, որի պահպանումը չափազանց կարևոր նշանակություն ունի:

Վիլեն Հակոբյանը հույս հայտնեց, որ տարիներ հետո ԵՊԲՀ կազմի մեջ Ստոմատոլոգիական ֆակուլտետը կդառնա ինստիտուտ, և ստոմատոլոգների քանակի ավելացմանը զուգահեռ՝ կբարձրանա նաև որակը:

Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբոնի պրոֆեսոր Մարինա Մարգարյանը ևս անդրադարձավ ամբիոնի ստեղծմանն ու դրա ակունքներում կանգնած, նրա զարգացման գործընթացում ներդրում ունեցողներին՝ նշելով, որ այսօրվա միջոցառումը հաճելի հիշողությունների միջոցառում է: «Նրանք մանկական ստոմատոլոգիական ծառայությունը հասցերել էին այնպիսի մակարդակի, որ խորհրդային մյուս պետությունների կողքին Հայաստանն առաջին տեղերում էր»,- ասաց նա:

Առաջին զեկույցը, որը նվիրված էր երեխաների ստոմատոլոգիական ընդունելության կազմակերպմանը, հիմնական ստոմատոլոգիական հիվանդությունների ախտորոշմանն և բուժման ալգորիթմերին ներկայացրեց Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի դոցենտ Իզաբելա Վարդանյանը:

Կոնֆերանսի ընթացքում ոլորտի մասնագետները հանդես եկան դասախոսություններով ու գիտական զեկույցներով:

Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ստեղծման և ոլորտի զարգացմանը ներդրված ակնառու ավանդի համար ոլորտի մի շարք ներկայացուցիչներ ստացան շնորհակալագրեր ու հուշանվերներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: