Հայերեն   English   Русский  

Բանակի տարեդարձը՝ առանց Արման Ուդումյանի


  
դիտումներ: 2836

Հակառակորդն անցնող շաբաթ ևս լարվածություն պահպանեց Հայաստանի սահմանին: Հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում՝ Տավուշի մարզի ուղղությամբ, ադրբեջանական զինուժը դարձյալ խախտեց հրադադարի պահպանման ռեժիմը և գնդակոծեց սահմանային դիրքերն ու բնակավայրերը: Սահմանագծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկվեցին դիվերսիոն գործողությունների փորձեր:

Հունվարի 21-ին Արման Ուդումյանը մարտական հերթապահություն էր իրականացնում հայկական հենակետերից մեկում: Այդ օրը` երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում, պայմանագրային զինծառայող Արման Ռաշիդի Ուդումյանը հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացավ: Նա ընդամենը 34 տարեկան էր: Երեք անչափահաս երեխաների հայրը Տավուշի մարզի Չորաթան գյուղից էր: Այնտեղ էլ ամփոփվեց հայրենիքի համար կյանքը նվիրաբերած տավուշցի երիտասարդ տղայի մարմինը:

Համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանի խոսքով՝ Արմանն արդեն վեց տարի էր՝ անցել էր պայմանագրային զինծառայության: «Շատ խելոք, ազնիվ, աշխատասեր, խիզախ ու հայրենասեր տղա էր: Առանց չափազանցելու կարող եմ ասել, որ Արման Ուդումյանը կրում էր մարդկային ամենաբարձր հատկանիշները: Կյանքում որևէ մեկին վատություն չի արել: Սոցիալապես համեստ կյանքով ապրող ընտանիք է: Նրա մահվան դեպքը խոցել է ամբողջ գյուղին»:

Նա հավելեց, որ Արմանի հուղարկավորության հաջորդ օրը Չորաթան է այցելել ՀՀ պաշտպանության նախարարը: Սեյրան Օհանյանը ցավակցել է զոհված զինվորականի ընտանիքին ու նաև ֆինանսական աջակցություն ցույց տվել: «Սեյրան Օհանյանն առաջին նախարարն է, որ մտել է մեր գյուղ՝ Չորաթան: Ուզում եմ ընդգծել, որ Արմանի ընտանիքին ֆինանսական օժանդակություն են ցուցաբերել նաև Բերդի տարածաշրջանի պատգամավորները՝ Հակոբ Հակոբյանն ու Գագիկ Մելիքյանը»:

Արմանի ծնողները՝ Ռաշիդ և Նորա Ուդումյանները, Չորաթանի դպրոցի երկարամյա ուսուցիչներ են: Նրանք էլ Արմանի մեջ սերմանել են հայրենասիրական արժեքները, հայրենիքի հանդեպ նվիրական զգացումները: Արմանն ընտանիքի երեք որդիներից մեկն էր:

«Արման Ռաշիդի Ուդումյանը դպրոց է ընդունվել 1987 թ.: Դեռ փոքր տարիքից զգացվում էր Արմանի սերը զենքի և սպորտի հանդեպ: Փոքր տարիքից դաստիարակվում էր հայրենասիրական ոգով և՛ ընտանիքում, և՛ դպրոցում: Արմանը յուրահատուկ էր, ընկերասիրությամբ և կազմակերպչական բացառիկ ունակությամբ: Նա 6-րդ դասարանի աշակերտ էր, երբ զոհվեց դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Արթուր Վազգենի Ուդումյանը: 1993 թ. ապրիլի 16- ը դարձավ 13-ամյա Արմանի զինվորագրման օրը: Արմանը ռազմագիտության դասերին ձգտում էր յուրացնել ռազմարվեստի գաղտնիքները, տիրապետում էր ուսումնական զենքին, իսկ հրաձգության պարապմունքների ժամանակ անվրեպ խոցում էր պայմանական հակառակորդի շարժական և անշարժ թիրախները: Ծառայությունն ավարտելուց հետո զինվորագրվեց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին որպես պայմանագրային զինծառայող: Մարտական ընկերների խոսքով՝ Արմանի հոգեբանական, մտավոր և ֆիզիկական կարողությունները պահանջված էին յուրաքանչյուր պաշտպանական գծում: 2015-ի հունվարի 21- ին Արմանն իր ամենամեծ ներդրումը կատարեց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, սահմանը պաշտպանելիս հերոսաբար ընկավ, ինչի մասին գալիք սերունդները դեռ երկար կխոսեն»,- նշում է Չորաթանի դպրոցի տնօրեն Վազգեն Զարգարյանը:

Չորաթանը վերջին զոհը տվել էր դեռևս 1992-ին, այդ ժամանակ հայրենիքի սահմաններն արիաբար պաշտպանելիս զոհվեց Արթուր Ուդումյանը: Գյուղի միակ կրթօջախը կրում է հերոս տղայի անունը: Ուղիղ 23 տարի անց գյուղի Ուդումյանների տոհմը ու նաև Բերդի ամբողջ տարածաշրջանը կորցրեց ևս մեկ զավակ: Սերժ Սարգսյանի հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը հետմահու պարգևատրվեց Մարտական ծառայության մեդալով: Արմանի հերոսական կերպարն արդեն իսկ չափածո արտահայտություն է ստացել, զարմուհին Արման Ուդումյանին է նվիրել իր իսկ գրած բանաստեղծությունը.

Արման Ուդումյանի հիշատակին

Վերջին հայացքս մնաց սահմանին,

Իմ Չորաթանի վեհ բարձունքներին,

Արծվի պես հառած հայացքս հեռվում,

Քարացած մնաց Կարոտս սրտում,

Ես էլ գնացի քաջ տղերքի պես,

Թողեցի ազգիս մի հերոս անուն,

Որ հիշեն կյանքում զինվորին պոստում:

Դե մնաք բարով իմ լավ ընկերներ

Միշտ Ձեզ երկնքից կժպտամ բարի,

Թող որ ես լինեմ զինվորը վերջին,

Որ զոհը դարձավ հայոց սահմանին:

Մայա Խաչատրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: