Հայերեն   English   Русский  

​Դիմավորենք Ամանորը մաքրված և թեթևացած հոգով...


  
դիտումներ: 23377

Ամանորին ընդառաջ «Տոնացույց» կենտրոնի տնօրեն, «Ավանդական տոների վերածնունդ» հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Բաղրամյանի հետ զրուցել ենք ամանորյա ավանդույթներից ու տոնի մերօրյա դրսևորումներից:

-Տիկին Բաղրամյան, ավանդաբար ի՞նչ խորհուրդ է ունեցել Ամանորը հայերի կյանքում:

-Ավանդականը ժամանակի հետ կապ չունեցող և մշտապես կրկնվող երևույթ է: Դրա համար Նոր տարին ինչքան էլ տեղափոխվել է ժամանակի մեջ՝ նշվելով տարվա բոլոր եղանակներին, տոնի հետ կապված ավանդույթները դրանից չեն փոխվել: Ամանորը բոլոր ժամանակներում նոր կյանքի ծնունդն է խորհրդանշել: Այն կապվում է մեռնող-հարություն առնող, մեռնող-վերածնվող հավատալիքների հետ: Եվ հենց Կաղանդ պապիկ կամ Ձմեռ պապիկ կոչված ալեհեր ծերունին էլ վերջի խորհուրդն ունի, որն ինչ-որ բան է ավանդում փոքր երեխային:

-Ի՞նչ ավանդույթներ ենք ունեցել, որ նշվել են Հայաստանի ողջ տարածքում:

-Ամանորից մինչև Սուրբ Ծնունդ բոլոր տարածքներում պահքի շրջան է եղել: Առաջնահերթ կարևորվել է հոգու, մարմնի և տան մաքրման ծեսը, որովհետև նորածին երեխայի պես տարին էլ պիտի շատ մաքուր լինի: Հոգու և մարմնի մաքրումը եղել է պահքի միջոցով: Տան մաքրության ընթացքում դեն են նետվել բոլոր հին իրերը:

Տարածված էր նաև Ամանորին պարտքերը փակելու, հաշտ ու խաղաղ նոր տարի մտնելու ավանդույթը: Ամանորին պարտք վերցնելը, հոգսի տակ ընկնելն ու նեղված սրտով եկող տարին դիմավորելն ուղղակի սրբապղծություն էր, որ կնշանակեր մեծ մեղքի մեջ ընկնել ողջ տարվա ընթացքում: Անհրաժեշտ էր նորոգել ամեն ինչ՝ կյանքը, մտածելակերպը: Այն, ինչ կատարվում է հիմա, շատ սխալ է: Մարդիկ հունվարի մեկից հետո հունվարի երկուսին հազիվ ուշքի են գալիս, երեքին, չորսին արդեն հասցնում ենք հոգնել տոնից, որովհետև ֆիզիկապես ոչ մի մարդ ի վիճակի չէ այդքան այս ու այն կողմ գնալ ու այդքան ուտել:

Ընդհանրապես Ամանորը եղել է շատ ավելի փոքր տոն իր նշանակությամբ, քան Ս. Ծնունդը: Հունվարի մեկը նոր երևույթ է, որը խորը արմատներ գցեց ԽՄ տարիներին, երբ Ս. Ծննդյան մոռացման համար հատուկ քաղաքականություն մշակվեց՝ շեշտադրում անելով հունվարի մեկի վրա:

-Հետաքրքիր է՝ Ամանորի գիշերն ինչպե՞ս էին դիմավորում:

-Մի կարևոր ավանդույթ ենք ունեցել, որ այսօր գրեթե մոռացվում է: Դա գործվածք անելն էր, երբ տան մեծը գործում էր՝ թելի միջոցով իրար կապելով անցնող ու եկող տարիները կամ այլ կերպ ասած՝ այս տարին անցկացնելով մյուս տարի: Նույնիսկ այդ օրվա մանած թելով գործված իրերը համարվում էին կախարդական: Ընդհանրապես այն պահը, երբ այս տարին մտնում է մյուս տարվա մեջ, կախարդական էր: Ջուրը, որ այդ պահին գալիս էր, ոսկեջուր էր, և այն հավաքում էին: Շատ հին ավանդույթ է նաև Ամանորին մոմ վառելը, որ այս տարվանից մյուս տարի անցկացնեն նաև կրակը: Դրա համար Նոր տարվա գիշերն անպայման մի քոթուկ էին դնում կրակի մեջ, որ հենց անցումային ժամերին վառվեր: Ամանորի գիշերը նաև շատ տարածված էր ավետիս երգելը, որ պարտադիր էր բոլոր տարածաշրջաններում: Մենք ունենք ավելի քան հազար ավետիս, ընդ որում և´ Ամանորի, և´ Ս. Ծննդյան: Այդպես ավետիս երգելով մարդիկ պարկերով շրջում էին տնից տուն, և տան մեծերը դրանք լցնում էին զանազան բարիքներով՝ ի նշան նախնիների բաժինը դուրս տալու սովորույթի: Հենց դրա համար էլ Ամանորի գիշերը տան դուռը չէր փակվում:

-Մեր օրերում ձևավորված ի՞նչ ամանորյա սովորույթներ կան, որոնցից իրականում պետք է հրաժարվել:

-Առաջին հերթին պետք չէ այս տոնը վերածել կոմերցիայի, ինչը երևի հնարավոր էլ չէ, որովհետև ամբողջ աշխարհում Ամանորն առևտրի ամենալավ ժամանակաշրջանն է: Ուղղակի ամեն տեղ ամեն ինչ էժանանում է, իսկ մեզ մոտ՝ թանկանում, և սկսվում է մի խայտառակ խառնաշփոթ, թե ինչպես պետք է կարողանանք անպայման ամեն ինչ առնել, հասցնել: Մենք պիտի հանգստանանք Ամանորին, հասկանանք, որ, ասենք, դեկտեմբերի 31-ից մինչ հունվարի մեկ ոչ մի արտասովոր բան տեղի չի ունենում: Մյուս կողմից հաճելի է, երբ տունդ շատ մարդիկ են գալիս, տարվա մեջ գոնե մեկ անգամ հավաքվում են գերդաստանի բոլոր անդամները, բայց դա չի ենթադրում ճոխություն: Ամեն ինչ չափավոր պետք է լինի, մարդիկ շեշտը պիտի դնեն հոգու թեթևության և ուրախության վրա: Մեզ իմաստությունն է պակասում: Եվ այդ համատարած անիմաստությունը հանգեցնում է դեպրեսիվ վիճակների թե´ Ամանորին, թե´ Ամանորից հետո, ինչը բնավ ցանկալի չէ:

-Միմյանց տուն հյուր գնալու ավանդույթի մասին ի՞նչ կասեք:

-Միշտ էլ միմյանց տուն հյուր գնացել ենք Ամանորին: Սա, իրոք, լավ ավանդույթ է, եթե չեն չարաշահում: Հայերս առաջինը այցելել ենք գերդաստանի մեծին: Հրաշալի է, երբ բոլորը հավաքվում են տատիկ-պապիկի շուրջը: Անպայման այցելել ենք նրանց տուն, ումից նեղացած ենք եղել, որովհետև Ամանորը հաշտվելու լավ առիթ է: Նաև սփոփելու համար պարտադիր այցելել են այն ընտանիքներին, որոնք նախորդ տարի կորուստ են ունեցել:

Այսօր մենք այնպես պիտի անենք, որ այդ միմյանց տուն գնալը գոնե հարազատների դեպքում սահմանափակվի գերդաստանի անդամներից մեկի տանը հավաքվելով:

-Ի՞նչ նվերներ են նվիրել մարդիկ միմյանց, ի՞նչն է հարգի եղել:

-Առավելապես նվիրում էին քաղցրեղեն և այնպիսի իրեր, որոնք խորհուրդ ունեին իրենց մեջ, օրինակ՝ գուլպա՝ նոր ճանապարհ բացելու համար: Որպես այդպիսին նվեր ստանում էին հիմնականում երեխաները կամ բարեգործություններ էին անում անծանոթներին: Ավելացնեմ, որ Ամանորին ընդհանրապես ամեն ինչն էր պտտվում փոքրիկների շուրջ: Երեխաները կենտրոնում էին իրենց ամանորյա սպասումներով, պատրաստած խաղալիքներով, նաև այն երգերով, որոնք որպես ավետիս պիտի կատարեին Ամանորին:

-Ձմեռ պապիկի և տոնածառի մասին ի՞նչ կասեք: Ի՞նչ տեղ ունեն այդ հասկացությունները մեր ավանդական պատկերացումներում:

-Մենք ունեցել ենք անտեսանելի Կաղանդ պապիկ: Նա բարեգործություններ էր անում և նվեր էր բերում նրանց, ում ճիշտ էր գտնում, իհարկե, առաջին հերթին՝ փոքրերին: Դրա համար ես շատ կցանկանայի, որ որպես վերոնշյալ փոփոխությունների շարունակություն՝ շատ շտապ հրաժարվեինք այս կոմերցիայի ոգի մարմնավորող կարմիր ու գեր Ձմեռ պապիկներից ու ավելի ծիծաղելի Ձյունանուշիկներից: Ընդհանրապես ավանդույթի խեղաթյուրումն ամենավտանգավոր բանն է, ինչպես ցանկացած սրբության, հավատալիքի խեղաթյուրումն է վտանգավոր: Դա նման է նրան, որ դու հավատաս ինչ-որ բանի, ու մեկը գա և ծաղրի քեզ: Կաղանդ պապիկը, որ ամենուրեք էր, պետք է անտեսանելի մնար՝ նվերները թողնելով բարձի տակ: Եվ հենց Ամանորի տոնածառն էլ կոչվում էր Կաղանդի ծառ, որովհետև տոնածառեր մենք ունենում էինք բոլոր տոներին: Հայերի մոտ ծառի պաշտամունքը շատ ուժեղ էր: Կաղանդի ծառը պտղատու ծառի ճյուղ էր՝ զարդարված ամենատարբեր քաղցրավենիքներով: Այն շատ գեղեցիկ տեսք ուներ, դրվում էր սեղանին, և մարդիկ ուտում էին ծառի բարիքները՝ կենաց խմելով, բարեմաղթելով: Օրվա վերջում արդեն երեխաները Կաղանդի ծառից հավաքում էին մնացած բերք ու բարիքը և ուտում էին: Բայց վաղ առավոտյան այն կրկին զարդարված էր լինում քաղցրավենիքներով: Դրա համար տոնածառը երեխայի մոտ միշտ հրաշքի հետ էր նույնանում:

-Որո՞նք են եղել ամանորյա սեղանին ամենակարևոր ուտեստները:

-Մեր բոլոր ուտեստներն ինչ-որ հավատալիքի հետ էին կապվում: Մարդիկ չէին ուտում ինչ պատահի: Ամանորյա սեղանի վրա չպիտի լինեին մսից պատրաստված կերակրատեսակներ, որովհետև կրկին շեշտեմ՝ Նոր տարվա օրերը պասային են: Ամանորյա սեղանին միշտ եղել է տարեհաց՝ կլոր գաթա, որի մեջ դնում էին «դովլաթ»՝ հում լոբու հատիկ, որն ում ընկներ, հենց նա էր հաջողությունը բերելու տուն: Եվ սեղանին էլ պետք է անպայման լոբի լիներ և հատիկեղենի այլ տեսակներ: Լոբին ընտանիքի, նոր ծնվող կյանքի խորհուրդն է ունեցել: Պասուց տոլման, որ յոթ սերմերից էր պատրաստվում, կարծես այդ ամենի յոթնապատիկ խորհուրդն ուներ: Սեղանն առատ էր լինում նաև մրգերով: Եվ այս ամենի հետ մեկտեղ պիտի անպայման խմեին գինի, որը երբեք չէր չարաշահվում, թերևս միայն Բարեկենդանին: Եվ կրկին հիշենք, որ Նոր տարվա սեղանին պետք է դրվի ամենալավը, ոչ թե շատ: Մարդիկ դրել են քիչ, այն, ինչ ունեցել են, այն լավագույնը, որ ամբարել են մառաններում ողջ տարվա ընթացքում և դա արել են հաճույքով: Դրա համար էլ նույն հաճույքով պատրաստել են Ամանորի սեղանը:

-Ի՞նչ հոգեկան տրամադրվածությամբ ենք տոնել Ամանորը:

-Հայերն Ամանորը տոնել են մեծ սպասումներով, մաքրված, թեթևացած հոգով: Եթե մենք այսօր ազատվենք այն մտքից, որ Ամանորը տարվա ամենագլխավոր տոնն է, և ընդունենք այն որպես շարքային մի օր, կկարողանանք թեթևանալ և վայելել տոնը: Շատերը գուցե իրար խառնվեն այս մտքից, թե ամբողջ տարին մի հատ Նոր տարի ենք նշում, ինչպե՞ս լավ չնշենք: Բայց այդ լավի խորհուրդն իրականում ճիշտ հոգեվիճակ ունենալն է: Եթե մենք հասկանանք և ընդունենք, որ Նոր տարվա խորհուրդը հոգու թեթևությունն է, ապա կունենանք ամենաճիշտ հոգեվիճակը: Հավատացեք, եթե այդ ընթացքում անընդհատ մտածեք հոգով և մարմնով թեթևանալու, մեղքերից ազատվելու մասին, ապա ժամանակի ընթացքում կզգաք՝ որքան խաղաղվեց ամեն ինչ թե´ ձեր հոգում, թե´ շրջապատում: Իսկ մեր օրերում տեղի է ունենում լրիվ հակառակը:

-Տիկին Բաղրամյան, ի՞նչ մաղթանքով կամփոփեք զրույցը:

-Ես բոլորին խաղաղություն եմ մաղթում, ուրախ սիրտ և առողջություն: Ինչպես ժողովուրդն է ասում՝ Աստված տա՝ ամեն տարի գանք ու հասնենք էս օրերուն՝ կարմիր օրով, կարմիր շորով...

Արփի Խաչատրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: