Հայերեն   English   Русский  

Հովհաննես Գաբրիելյան. «Փորձառու մասնագետներով համալրված մեծ թիմ ունենք»


  
դիտումներ: 1677

Ամբողջ աշխարհում բարձրակարգ մարզիկների մեծամասնությունն ուսանողներ են: Ուսանողական տարիները լավագույնն են մարզական բարձր արդյունքներ գրանցելու համար:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան բազմապիսի աշխատանքներ է իրականացնում ուսանողական մարզական կյանքը միշտ ակտիվ պահելու ուղղությամբ, քանի որ ուսանողական խաղերում բարձր արդյունքներ ցույց տված մարզիկները հետագայում հաջողությամբ հանդես են գալիս միջազգային մրցաշարերում, աշխարհի առաջնություններում և oլիմպիական խաղերում:
Անկախի հետ զրույցում Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի (ՀՈՒՄՖ) նախագահության անդամ, ՀՈՒՄՖ -ի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը խոսում է ֆեդերացիայի կողմից իրականացվող աշխատանքների մասին, որոնց շնորհիվ տարեցտարի և′ քանակապես, և′ որակապես բարելավվում է ուսանողների ներգրավվածությունը սպորտում:



-Պարո՛ն Գաբրիելյան, տարվա ընթացքում որո՞ նք են եղել ՀՈՒՍՖ-ի կողմից իրականցված հիմնական աշխատանքները:

-Ուսանողական մարզական ֆեդերացիան իրականացնում է 2 կարևորագույն գործառույթ. առաջինը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ անցկացվող հանրապետական մարզական ուսանողական խաղերն են, երկրորդը` միջազգային գործունեությունն է: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան համալսարանական սպորտի միջազագային ֆեդերացիայի և, միաժամանակ, Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի անդամ է: Տարվա ընթացքում փորձում ենք հնարավորության սահմաններում մասնակցել միջազգային` թե՛ մարզական, թե՛ կրթական, թե՛ նաև ներկայացուցչական միջոցառումների` նախագահության և ղեկավար կազմերի ժողովների, համաժողովների ու սեմինարների:



-Հանրապետական ուսանողական մարզական խաղերը տարեցտարի ավելի ընդգրկուն են դառնում թե՛ մասնակիցների թվի, թե՛ մարզաձևերի քանակի ավելացման առումով:
-Այս տարի ուսանողական մարզական 19-րդ խաղերի շրջանակում անցկացվել են 14 մարզաձևերի 19 առաջնություններ, որոնց մասնակցել են 22 բուհերի շուրջ 1800 ուսանող-մարզիկներ, ինչպես նաև շուրջ 230 դասախոս-մարզիչներ:Մրցավարների ու սպասարկող անձնակազմի մեջ ընդգրկված է եղել շուրջ 400 մարդ: Կամավորների համար կազմակերպել ենք հատուկ նախապատրաստական միջոցառումներ, որոնց մասնակցել են շուրջ 30 կամավորներ, որոնք մեզ աջակցել են միջոցառումների անցկացման ընթացքում:
Այս ամբողջ գործընթացում մեզ աջակցել են նաև մարզաձևերի ազգային ֆեդերացիաները և բուհերը, որոնք անհատույց տրամադրել են մարզադահլիճներ: Դահլիճներ ենք զբաղեցրել նաև վարձակալական հիմունքներով` մասնավորապես շախմատի առաջնությունն անցկացնելու համար:

Նշեմ, որ այս միջոցառումների ղեկավարումն իրականացնում են Ուսանողական մարզական ֆեդերացիան և խաղերի մրցավարական կազմը: Գլխավոր մրցավարն առաջին փուլում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանն էր, որին զբաղվածության պատճառով աշնանային փուլում փոխարինեց ԵՊՀ-ի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի պորֆեսոր և ակումբի այժմյան նախագահ Հենրիկ Թումանյանը: Փորձառու մասնագետներով համալրված մեծ թիմ ունենք: Ամբողջ աշխատանքները կոորդինացնում է ուսանողական ֆեդերացիայի այժմ նախագահի պաշտոնակատար Ռազմիկ Ստեփանյանը: Մենք համագործակցում ենք ազգային ֆեդերացիաների և այն բուհերի հետ, որոնք ունեն համապատասխան դահլիճներ: Կցանկանամ հատկապես նշել հետևյալ բուհերը` Երևանի պետական համալսարան, Հայ-Ռուսական համալսարան, Երևանի տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, որոնք անհատույց տրամադրում են իրենց դահլիճները միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Բացի ուսանողական խաղերից, կազմակերպել և անցկացրել ենք մի շարք միջոցառումներ, որոնցից առավել տպավորիչը սեպտեմբերի 22-ին Վարդավառի այգում կայացած ՀՀ անկախության տոնին և համալսարանական սպորտի միջազգային օրվան նվիրված միջոցառումն էր: Մարզական խաղերի նպատակն է նպաստել բարձրագույն ուսումնական հաստատություններում համալսարանական սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպի ամրապնդմանը։


-Մեր ուսանող-մարզիկներն այս տարի մասնակցել են նաև միջազգային ստուգատեսների: Նրանց մասնակցության արդյուքները գոհացուցի՞ չ են:

-Միջազգային հարթակում այս տարի 3 մրցաշարի ենք մասնակցել: Առաջին մրցաշարը լողափնյա վոլեյբոլի աշխարհի համալսարանական առաջնությունն էր, որը կայացավ Գերմանիայի Մյունխեն քաղաքում: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան, համագործակցելով Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի և ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիայի հետ: Նրանց աջակցությամբ թիմը հանդես եկավ Մյունխենում: Աշոտ Բալաբեկյան-Ռազմիկ Հակոբյան զույգը լուրջ մրցակցության պայմաններում բավական հաջող ելույթներ ունեցավ:

Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի հետ համագործակցության արդյունքում և Եվրոպական ուսանողական ասոցիացիայի օգնությամբ հայ բադմինթոնիստները Պորտուգալիայի Կոիմբրա քաղաքում առաջին անգամ մասնակցեցին Եվրոպական համալսարանական խաղերին: Հավաքականի առաջատար բադմինթոնիստուհի Լիլիթ Պողոսյանը բավական հաջող հանդես եկավ: Այդ մրցումներում ես հանդես եկա որպես Եվրոպական համլսարանական սպորտի ասոցիացիայի ղեկավար կազմի անդամ-աուդիտոր և որպես ֆուտզալի մրցաշարի ղեկավար:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի նախաձեռնությամբ և ֆեդերացիայի ֆինանսավորմամբ մեր մարզիկները Էլիստայում մասնակցեցին բռնցքամարտի աշխարհի ուսանողական առաջնությանը: Ուսանողական մարզական ֆեդերացիան աջակցեց միայն տեխնիկական և թղթաբանական հարցերում: Թիմը բավական հաջող հանդես եկավ:

Առաջին անգամ ուսանողական միջազգային նման պատասխանատու ստուգատեսին մասնակցող հայազգի 6 ներկայացուցիչներից 4-ին` Ժորժիկ Մարությանին, Հենրիկ Սարգսյանին, Գուրգեն Հովհաննիսյանին և Անուշ Գրիգորյանին հաջողվեց մեդալ նվաճել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: