Հայերեն   English   Русский  

Մե´նք որոշեցինք «չմխտռել» ընտրությունները.Արմեն Աշոտյան


  
դիտումներ: 1036

ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների բացառիկության վերաբերյալ հայտարարությանը։ Նա նշել է, որ ՀՀԿ-ն որոշել է «չմխտռել» ընտրությունները։

«Նիկոլ Փաշինյանն, իր ապաշնորհ կառավարման պատճառով ծագած երկրի իրական խնդիրները թողած, երեկ գոհունակությամբ նշել է, որ այս տարվա ընտրությունները առաջինն էին, որոնց արդյունքները ՍԴ-ում չեն վիճարկվել:

Առաջին հայացքից այս արձանագրումը կարող էր պատեհ թվալ, սակայն իրականում այն ոչ մի կապ չունի հենց Նիկոլ Փաշինյանի հետ:

2017-ի ընտրությունները նույնպես վիճարկելի չէին, այն աստիճանի հստակ էին ու անառարկելի, որ ԵԼՔ դաշինքը ընդունեց դրանց արդյունքները, իսկ ՍԴ դիմած ՀԱԿ-ը այդ քայլին գնացել էր պարզապես քաղաքական վրեժխնդրության պատճառով, հավաքելով ընդամենը 1.65% ձայն և չունենանլով նրանք վիճարկելու ոչ մի իրական հիմք:

Փաստացի ՀԱԿ-ը դիմել էր ՍԴ «փչացնելու» համար 2017-ի խորհրդարանական ընտրությունները։

2018-ի ընտրությունները աչքի ընկան իշխանական ռեսուրսի օգտագործման, վարչական լծակների կիրառման, ուժայինների միջամտության, ընտրական օրենսդրության խախտման մամուլում հրապարակված բազմաթիվ ահազանգերով և դեպքերով: Մեր կողմից ՍԴ չդիմելու փաստը չի կարող մեկնաբանվել որպես անթերի և երանելի ընտրական գործընթացի արձանագրում: Դա իրականում երկրի առջև վերջին ամիսներին ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների գիտակցմամբ արժանապատիվ և պետականամետ որոշում էր: Մե´նք որոշեցինք «չմխտռել» ընտրությունները։

Ով ով, Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, թե ինչպես են իրականում անցել դրանք: Ասեմ ավելին, Հայաստանում հերթական և անխուսափելի իշխանափոխությունից հետո շատ արագ հանրային սեփականություն կդառնան այս ընտրությունների ընթացքում տեղի ունեցած և արդյունքների հարյուրավոր զարհուրելի փաստեր, չէ որ դրանք կատարվել են հազարավոր մարդկանց վկայությամբ և մասնակցությամբ, որոնք այսօր գուցե վախենում են խոսել, բայց վաղն իրենց պարտքն են համարելու թոթափել իրենց խիղճը տանջող այդ բեռը և բարձրաձայն պատմել իրականությունը:

Ուստի այս ընտրությունները ՍԴ-ում չվիճարկվող առաջին ընտրություններ դիտարկելու մեջ մեր շնորհքը ու լուման շատ ավելի մեծ է, քան Նիկոլ Փաշինյանինը»,-գրել է Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: