Հայերեն   English   Русский  

Ինչպե՞ս դիմավորել խոզի տարին


  
դիտումներ: 5506

Արևելյան օրացույցով 2019-ի փետրվարի 5-ին ուժի մեջ է մտնում դեղին հողե խոզի տարին։ Խոզն ընտանեկան կենդանի է, ֆինանսական կայունության և բազմացման խորհրդանիշը։ Ինչպե՞ս դիմավորել Ամանորը, որպեսզի ստանաք դեղին հողե խոզի աջակցությունը։

Ինչպե՞ս և որտե՞ղ դիմավորել Ամանորը

Նոր տարին, ինչպես միշտ, կարելի է դիմավորել երեք անգամ՝ լույս հունվարի 1-ի գիշերը, լույս հունվարի 14-ի գիշերը և փետրվարի 5-ին՝ արդեն չինական օրացույցով։

Իսկ թե որտեղ, այս անգամ ընտրությունը մեծ է։ Ամանորը կարող եք դիմավորել ինչպես որևէ էկզոտիկ կղզում կամ հեռավոր անբնակ մի վայրում, այնպես էլ տանը, կարևորը, որ շրջապատված լինեք հարազատներով, հավատարիմ ընկերներով ու սիրելի մարդկանցով։

Բայց, քանի որ խոզը արևելյան օրացույցում ամենաընտանեկան կենդանին է համարվում, այնուամենայնիվ, ցանկալի կլինի Ամանորը դիմավորել տանը՝ հարազատների միջավայրում։ Կարող եք կեսգիշերը տանը դիմավորել, այնուհետև հյուր գնալ հարազատներին կամ ինքներդ հյուրեր ընդունել։

Ցանկալի է, որ հին տարում հարթեք տարաձայնություններն այլ անձանց, հատկապես հարևանների հետ ու նոր տարի մուտք գործեք լավ հարաբերություններով։

Տան և սեղանի ձևավորումը

Հողե խոզը հարմարավետության խորհրդանիշն է։ Ուստի կարելի է այս տարի ոչ միայն տոնածառը զարդարել, այլ նաև տունը։ Տոնական տրամադրություն և հարդարանք ստանալու համար կարող եք օգտագործել տոնածառի լույսերը, կոնֆետների տեսքով կամ այլ կրեատիվ լուծումներով մոմեր, դեղին փուչիկներ, ոսկեգույն ժապավեններ և այն ամենը, ինչը տանը շքեղություն կհաղորդի․ չէ՞ որ խոզը շքեղության սիրահար է։Տունը զարդարելիս դեղինը կարող եք համադրել կարմիր, սպիտակ կամ կանաչ գույների հետ։

Սեղանը պետք է լինի բազմազան։ Սակայն շատ եփել պետք չէ․ ամեն կերակրատեսակից փոքր չափաբաժինները բավարար են։ Մսային կերակուրներից բացի սեղանի վրա ցանկալի է, որ հատիկեղեն կամ ընդեղեն լինի։ Իսկ որպես զարդարանք կարող եք օգտագործել կանաչեղենը։

Հայկական տոնական սեղանների անբաժանելի մասն է խոզի բուդը։ Բայց այս տարի կարելի է բացառություն անել։ Տարվա տիրուհի խոզին խոզի բդով դիմավորել պետք չէ։

Մի ուշագրավ առաջարկ՝ սեղանին կարող եք դնել նաև կտրտած նարինջ՝ կողքին դարչինի փայտիկներ։ Սա ոչ միայն աչքի համար է գեղեցիկ, այլ նաև ողջ տնով հաճելի բույր կտարածվի։

Ի՞նչ հագնել

Տունը զարդարելը բավարար չէ։ Պետք է ինքներդ էլ շքեղ տեսք ունենաք։ Իհարկե, տարվա գույնը դեղինն է։ Սակայն պարտադիր չէ միագույն դեղին զգեստ կրել։ Բավարար է համապատասխան գույնի աքսեսուարներ կրել․ գոտի, ձեռնոցներ, բրոշ, զարդեր և այլն։ Շքեղ տոնակատարության պարագայում տեղին կլինեն ոսկեղենն ու ադամանդները, իսկ ավելի համեստ երեկույթներին կարող եք կրել բնական նյութերից զարդեր, օրինակ՝ փայտյա ականջօղեր և ապարանջաններ։

Դիզայներները խորհուրդ են տալիս 2019-ը դիմավորել կանաչ, հատապտղային, նուրբ մոխրագույն կամ սպիտակ գույնի հագուստով։ Իսկ թե ինչպիսի հագուստ կկրեք, ձեր ընտրությունն է, սահմանափակումներ չկան։ Բայց հիշեք՝ ինչ էլ կրեք, աշխատեք շքեղ տեսք ունենալ։

Չմոռանաք նաև դիմահարդարման և վարսահարդարման մասին։ Դիմահարդարման պարագայում կարելի է շեշտադրել շրթունքները։ Իսկ մազերի համար ընտրեք աչքի զարնող, ոչ առօրյա և բարդ սանրվածք։

Ի՞նչ նվիրել

Հողե դեղին խոզը սիրում է պրակտիկություն, միաժամանակ շքեղություն և գեղեցկություն։ Պարտադիր չէ ոսկեղեն կամ շատ թանկարժեք իր նվիրել։ Լավ նվեր կլինեն նաև խոզի պատկերով իրերը՝ նկարներ, անկողնու սպիտակեղեն, փափուկ խաղալիքներ, գիշերազգեստ, խնայատուփ։ Տեղին կլինեն նաև հավաքների համար նախատեսված պարագաները՝ թեյի հավաքածու, մինի-բար և այլն։ Շքեղ հնաոճ իրերը կամ ժամանակակից տեխնիկան նույնպես կուրախացնեն ճոխություն սիրող խոզուկին։

Կարող եք ընտրել նաև նվերներ, որոնք ընտանեկան հարմարավետության կամ ուրախության հետ են առնչվում։ Մի խոսքով՝ ընտրությունը մեծ է։

Ի՞նչ սպասել 2019-ից

Աստղաբանները կանխատեսում ե հանգիստ տարի։ 2019-ը հատկապես հաջողակ կլինի այն մարդկանց համար, որոնք ծնվել են խոզի տարում։ Աստղաբանները խոստանում են, որ առաջիկա տարում կհարթվեն ֆինանսական խնդիրները, ոմանք անսպասելի գումարային շահումներ կունենան։ Տարին նաև բազմազան կլինի էմոցիոնալ առումով, սակայն կարևորն այն է, որ գերակշռող կլինեն դրական էմոցիաները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: