Հայերեն   English   Русский  

2018-ի մարզական ամփոփում


  
դիտումներ: 801

2018 թվականին հայ մարզիկները մեր երկիրը ներկայացրին միջազգային տարբեր հարթակներում` հայկական սպորտի տարեգրությունում արձանագրելով մարզական նշանակալի իրադարձություններ: Սովորության համաձայն` Անկախն ամփոփում է մարզական տարին. հպարտությամբ կարող ենք նշել, որ տպավորիչ հաղթանակներն ու ձեռբերումներն ուրախության, ոգևորության և հպարտության րոպեներ պարգևեցին հայ ժողովրդին:

Ձմեռային օլիմպիական խաղեր. Փհենչհան 2018
Փհենչհանում փետրվարի 9-ից 25-ը կայացան 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը, որին մասնակցեցին մարզիկներ աշխարհի 92 երկրներից: Փհենչհան-2018-ում Հայաստանը ներկայցրին 3 մարզիկ` դահուկավազորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:
Oլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի դրոշը տարավ Միքայել Միքայելյանը` դառնալով ընտանեկան ինքնատիպ ավանդույթի շարունակողը: Նրա մայրը՝ Ալլա Կապչիկաևա-Միքայելյանը, ձմեռային օլիմպիադայում Հայաստանը ներկայացրած առաջին մարզուհին է: Վերջինս մեր երկրի դրոշակակիրն էր 1998 թվականի Նագանոյի օլիմպիադայում: Իսկ 4 տարի առաջ Սոչիի օլիմպիադայում այդ պատվավոր առաքելությունը ստանձնել էր Միքայելյանների ավագ որդին՝ Սերգեյը: Նշենք, որ հայ մարզիկներին չհաջողվեց բարձր արդյունքներ գրանցել, բայց, այնուամենայնիվ, նրանք հաղթահարեցին մրցատարածությունները և հատեցին վերջնագիծը:


Պատանեկան օլիմպիական խաղեր

Սպորտ 2018

Հոկտեմբերի 6-18-ն Արգետնտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայացան 3-րդ պատանեկան օլիմպիական խաղերը: Ստուգատեսում Հայաստանի պատվիրակության 8 մարզիկները հանդես եկան 7 մարզաձևերում: Հայ մարզիկներին հաջողվեց 2 մեդալ նվաճել` 1 ոսկի և 1բրոնզ:
Հայաստանի պատվիրակության ոսկե մեդալը նվաճեց և չեմպիոնի կոչմանն արժանացավ 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը: Հայ մարզիկը իրեն լավագույն կողմերով դրսևորեց և երկամարտի 309 կգ արդյունքով (141 կգ + 168 կգ) դարձավ պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն:
60 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ հունահռոմեկան ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը:

Չեմպիոնները
Սիմոն Մարտիրոսյան. 21-ամյա երիտասարդ ծանրորդը հրաշալի` մեդալներով ու ռեկորդներով հարուստ մրցաշրջան անցկացրեց: Հոկտեմբերին Զամոսկում (Լեհաստան) ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը ոսկե մեդալ նվաճեց: Մեկ ամիս անց Աշխաբադում անցկացված աշխարհի առաջնությունում դարձավ չեմպիոն և ռեկորդակիր:

Սպորտ 2018

Ֆերդինանդ Կարապետյան. Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում կայացած ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում 73 կգ քաշային կարգում փայլուն հանդես եկավ Ֆերդինանդ Կարապետյանը: Հայ մարզիկը բոլոր գոտեմարտերում իրեն գերազանց դրսևորեց` տպավորիչ հաղթանակներ տոնելով: Եզրափակչում Ֆերդինանդը փառահեղ հաղթանակ տարավ ադրբեջանցի մարզիկի նկատմամբ` հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Պարգևատրման արարողության ժամանակ հայ մարզիկը կանգնեց պատվո հարթակի առաջին աստիճանին` իրենից հետ թողնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներին:
Էդգար Ստեփանյան.Օգոստոսին Շվեյցարիայում կայացավ հեծանվավազքի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Էդգար Ստեփանյանը 40 կմ 200 շրջան խմբակային վազք մրցաձևում Էդգարը, առաջ անցնելով իտալացի և բելգիացի մրցակիցներից, վաստակեց 98 միավոր և նվաճեց չեմպիոնի կոչումը:
Հայաստանի առաջատար հեծանվորդն այնուհետև հաղթեց նաև Օմսկի վարկանիշային մրցաշարում, իսկ Աստանայում կայացած միջազգային մրցաշարում Ստեփանյանը մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ է նվաճել:
Մաքսիմ Մանուկյան. Հայզագի ըմբիշը մայիսին Կասպիյսկ քաղաքում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճեց` եզրափակչում 9:0 հաշվով փայլուն հաղթանակ տանելով Բելառուսը ներկայացնող Սասունոսկու նկատմամբ:
Տիգրան Կիրակոսյան. 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանն Աթենքում կայացած սամբոյի Եվրոպայի առաջնությունում հռչակվեց չեմպիոն:

Նշանակալի, կարևոր, աննախադեպ
Օգոստոսին Մեծ Բրիտանիայում կայացած ջրացատկի Եվրոպայի առաջնությունում հայ ջրացատկորդներն աննախադեպ հաջողություն ունեցան Հայաստանի անկախության շրջանում. 10 մ սինքրոն աշտարակացատկում

Սպորտ 2018

Վլադիմիր Հարությունյան - Լև Սարգսյան զույգը դարձավ բրոնզե մեդալակիր` զիջելով միայն Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներին:

Մեր մարմնամարզիկների համար անցնող տարին կարելի է պատմական համարել: Տարեսկզբին մարմնամարզության միջազգային ֆեդերացիան 2016-2017 թվականների արդյունքներով մոլորակի բարձրագույն կարգի մարմնամարզիկների շարքին դասեց և հատուկ շքանշան շնորհեց հենացատկերում Եվրոպայի առաջնությունների ու աշխարհի գավաթի խաղարկությունների մրցանակակիր Արթուր Դավթյանին, որն անցյալ տարի համաշխարհային ստուգատեսի բազմամարտում գրավել էր 13-րդ տեղը: Հայ մարզիկը աշխարհի առաջնության բազմամարտի եզրափակիչ անցած մեր առաջին մարզիկն է՝ երկրի անկախանալուց հետո:
Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած աշխարհի առաջնությունում Արթուր Թովմասյանն օղակներ վարժությունում գրավեց 4-րդ տեղը, ինչն անկախ Հայաստանի պատմության լավագույն արդյունքներից է:

Ֆուտբոլի մասին
Ազգերի Լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը ՆՀՀ Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հավաքականների հետ ընդգրկվեց D դիվիզիոնի 4–րդ խմբում:
Ազգերի լիգան ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող նոր մրցաշար է, որի ընթացքում եվրոպական հավաքականները բաժանվում են 4 դիվիզիոնների՝ ըստ իրենց վարկանիշների և յուրաքանչյուր դիվիզիոնի հաղթողը նվաճում է Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: Հայաստանի հավաքականը մրցաշարում 3 հաղթանակ տարավ, կրեց 2 պարտություն և 1 խաղ էլ ավարտես ոչ-ոքի (Հայաստան-Լիխտենշտեյն 2:1, ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան 2:0, Հայաստան-Ջիբրալթար 0:1, Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա, 4:0, Ջիբրալթար-Հայաստան 2:6, 1 Լիխտենշտեյն-Հայաստան 2:2):
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում հրապարակել է, ըստ վերջին խաղերի արդյուքների, Հայաստանի հավաքականը 1222 վարկանիշային միավորով զբաղեցրեց 101-րդ հորիզոնականը:
Սեպտեմբերի 22-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, միաձայն ընտրվեց ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։
Իր ելույթում Վանեցյանը մասնավորապես նշեց․ «Փակելու ենք Ֆուտբոլի ֆեդերացիայի և ֆուտբոլային ակումբների թշնամանքի էջը, նաև, մեր հերթին, ամեն ինչ անելու ենք ակումբներին աջակցելու համար»:
Տարեսզբին Լոնդոնի «Արսենալը» հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ ՄՅՈՒ-ից Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելու մասին: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Մխիթարյանի մասին խոսելով` նշեց. «Հենրիխը կատարյալ ֆուտբոլիստ է: Նա հնարավորություններ է ստեղծում, լավ պաշտպանվում է, փակում է գոտիները, ինչպես նաեւ անչափ նվիրված ֆուտբոլիստ է Հոկտեմբերին «Չիկագո» ֆուտբոլային ակումբի հայ հարձակվող Յուրա Մովսիսյանն հայտարարեց իր վերադարձի մասին Հայաստանի հավաքական. «Երեք տարվա ընդմիջումից հետո որոշել եմ վերադառնալ ազգային հավաքական ու կրկին սկսել խաղալ։ Երբեք չէի մտածի, որ կատարվածից հետո կվերադառնամ, սակայն մենք նոր ու ազատ Հայաստան ունենք և ոչինչ ինձ ավելի հպարտ չի դարձնում, քան վերամիավորումն իմ թիմի հետ»:
Ջիբրալթարի հավաքականի դեմ Ազգերի լիգայի արտագնա խաղում Յուրա Մովսիսյանը երեք գոլը խփել էր 5 րոպե 51 վայրկյանում`(48ր., 52ր., 54ր.)դառնալով 2018 թվականին գրանցված ամենաարագ հեթ-տրիկի հեղինակ: Մովսիսյանն այդ խաղում չորս գոլի հեղինակ դարձավ` դառնալով հավաքականի պատմության առաջին պոկերի հեղինակը:

Սպորտ 2018

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփելով «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2018 թվականի արդյուքները, ներկայացրեց լավագույն ֆուտբոլիստին: Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին, հավաքելով 171 միավոր, ճանաչվեց Հայաստանի 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստ: 119 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 32 միավորով երրորդ տեղը զբաղեցրեց գերմանական «Յան Ռեգենսբուրգ» ակումբի հարձակվող Սարգիս Ադամյանը:

10 լավագույն մարզիկները
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Տարվա 10 լավագույն մարզիկների» քվեարկության արդյունքների համաձայն` լավագույն տասնյակում հայտնվեցին` Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ըմբշամարտ), Արթուր Թովմասյանը (սպորտային մարմնամարզություն), Ֆերդինանդ Կարապետյանը (ձյուդո), Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը (սինքրոն ջրացատկ), Արսեն Ղազարյանը (սամբո), Մաքսիմ Մանուկյանը (հունահռոմեական ըմբշամարտ), Սիմոն Մարտիրոսյանը (ծանրամարտ), Գոռ Մինասյանը (ծանրամարտ), Գրիգոր Մխիթարյանը (սամբո), Էդգար Ստեփանյանը (հեծանվասպորտ):
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը բնակարաններ ու ավտոմեքենաներ նվիրեց մրցաշրջան 2018-ում Հայաստանի պատիվը բարձր պահած մարզիկներին :





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: