Հայերեն   English   Русский  

Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել


  
դիտումներ: 859

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունվարի 4-ին գյուղատնտեսության բնագավառի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքներին և մի շարք այլ հարցերի:

Առկա իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ով մասնավորապես նշել է, որ, տարեվերջյան ցուցանիշների համաձայն, հանրապետությունում կատարվել է շուրջ 57 հազար հեկտար աշնանացան: Նախարարի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ՝ հողօգտագործողներից գրեթե կրկնակի ծավալի՝ 18 հազար հեկտարի հայտ են ստացել գարնանացանի համար և առաջիկայում այդ ուղղությամբ կսկսվեն նախապատրաստական աշխատանքները: Անդրադառնալով դաշտերի վիճակին՝ Ժ. Միրզոյանը մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ գերատեսչության համապատասխան մասնագետների կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում հանրապետության հարթավայրային որոշ գոտիներում մկնանման կրծողների վարակվածության դեպքեր են արձանագրվել, և որպես խնդրի լուծում՝ առաջարկել է համալիր պայքարի ծրագիր իրականացնել:

Պետնախարար Մարտիրոսյանը դրական արձագանքեց ներկայացված առաջարկին՝ նշելով, որ պայքարի ծավալման համար կտրամադրվեն լրացուցիչ միջոցներ, և հրահանգեց վարչակազմերի ղեկավարներին այդ ուղղությամբ օպերատիվ աշխատանքներ սկսել՝ ներգրավելով նաև վարձու աշխատողների: Պետնախարարը կարևորել է գարնանացանին հավուր պատշաճի նախապատրաստվելու աշխատանքներն՝ ընդգծելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ժամանակին լուծվեն սերմերի և պարարտանյութերի ներկրման հետ կապված հարցերը:

Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ ընթացիկ տարում ընդլայնվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի քանակը: «Մասնավորապես՝ խորհրդային շրջանից մնացած անասնապահական համալիրներին, որտեղ ենթակառուցվածքների կառուցման միջոցով հնարավոր կլինի վերականգնել անասնապահությունը, կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի: Ֆինանսական աջակցություն կստանան նաև 250ք/մ և ավելի մակերեսով ջերմոցային տնտսություններով զբաղվող ֆերմերները: Պետական միջոցներով կիրականացվեն խոզերի արհեստական սերմնավորման աշխատանքներ, կշարունակվեն և ավելի մատչելի կդառնան անասնապահության ոլորտի զարգացման ծրագրերը»,- ասել է պետական նախարարը:

Անդրադառնալով շրջվարչակազմերի ենթակայության տակ գործող շինարարական ընկերություններին՝ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է ընդլայնել դրանց գործունեության շրջանակները՝ միաժամանակ ավելացնելով այդ ընկերությունների ֆինանսավորումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև շրջանների զարգացման, առկա խնդիրների լուծման և մի շարք ուղղություններով աշխատանքների պլանավորվան հետ կապված հարցեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: