Հայերեն   English   Русский  

Հայաստանում գրանցվել է H1N1 գրիպի 10 դեպք. ինչպես խուսափել. նախարարության հորդորը


  
դիտումներ: 904

Ըստ օրական իրականացվող մշտադիտարկման արդյունքների` հունվարի 8-ի դրությամբ արձանագրվել է 642 դիմելիություն պոլիկլինիկական կազմակերպություններ:

ՀՀ-ում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակ: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը` հավելելով, որ հունվարի 4-ի դրությամբ բուժհաստատություններ դիմած անձանցից 25-ի մոտ նկատվել են գրիպին բնորոշ երևույթներ: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նրանցից 10-ի մոտ առկա է H1N1:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների hամաձայն` եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է գրիպի և սուր շնչառական վարակների արձանագրումը՝ պայմանավորված նշված հիվանդությունների սեզոնայնությամբ: Lաբորատոր հաստատված գրիպի դեպքերի 99,6%-ը պայմանավորված է գրիպի Ա (H1N1 և H3N2 ենթատեսակ) և 1%-ը Բ-տեսակներով: Նույն իրավիճակն է դիտվում տարածաշրջանի երկրներում»,–ասված է հայտարարության մեջ:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի առումով իրավիճակն օրինաչափ է, բնորոշ՝ սեզոնին: Ըստ օրական իրականացվող մշտադիտարկման արդյունքների` հունվարի 8-ի դրությամբ արձանագրվել է 642 դիմելիություն պոլիկլինիկական կազմակերպություններ: Այսօրվա դրությամբ հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 597 հիվանդ:

Արձանագրված դեպքերի 96%-ն արձանագրվել է երեխաների շրջանում: Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապ օգնության կանչերին, ապա արձանագրվել է 130 կանչ: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը:

Հաշվի առնելով, որ ձմեռային արձակուրդներից հետո դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսվել է ուսումնական գործընթացը, գրիպով չհիվանդանալու համար Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում և հիշեցնում է խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք, մնացեք տանը։ Եթե հիվանդ եք դուք կամ ձեր երեխան, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի զբաղվեք ինքնաբուժմամբ, մի օգտագործեք հակաբիոտիկներ և մի տվեք դրանք ձեր երեխաներին առանց բժշկի ցուցումի, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար։

Հագնվեք և հագցրեք ձեր երեխաներին եղանակին համապատասխան, պահպանեք և սովորեցրեք ձեր երեխաներին հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործեք հնարավորինս շատ հեղուկներ։

Հաճախակի օդափոխեք փակ տարածքները, հետևեք ձեր և ձեր երեխաների անձնական հիգիենային՝ հաճախակի լվացեք ձեռքերը տաք ջրով և օճառով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: