Հայերեն   English   Русский  

​Քթի ծավալի փոքրացմանը զուգահեռ պետք է անպայման բարելավել քթային շնչառությունը.պլաստիկ վիրաբույժ


  
դիտումներ: 3543

Ավելի պատասխանատու՝ավելի արդյունավետ:

Այդպես է իր աշխատանքին վերաբերվում Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Կարեն Մուրադյանը: Ներկայացնում ենք Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականի զրույցը նրա հետ:

-Ինչպե՞ս է ստացվել, որ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում բացվել է առանձին քիթ-կոկորդ-ականջաբանության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունք:

պլաստիկ վիրաբուժության բաժանմունք

Ճիշտ է՝ ինստիտուտի հիմնական բաժանմունքները օրթոպեդիկ ու վնասվածքաբանական ուղղվածություն ունեն, բայց քանի որ վնասվածքների արդյունքում կարող են տուժել նաև տարբեր օրգաններ, որոնք հնարավոր է պահանջեն նեղ մասնագետի միջամտություն, գործում է նաև առանձին ընդհանուր վիրաբուժության բաժանմունք: Ես այդ բաժանմունք աշխատանքիընդունվեցի 2012 թ. որպես ԼՕՌ բժիշկ: Բաժանմունքում արդեն աշխատում էր ևս մեկ քիթ-կոկորդ-ականջաբան, և իմ գալն էլ նպաստեց մեր ուղղվածությամբ պացիենտների հոսքին: Մենք սկսեցինք վիրահատությունների բավական մեծ ծավալ տալ, և տնօրենը որոշեց քիթ-կոկորդ-ականջաբանության և պլաստիկ վիրաբուժության առանձին բաժանմունք ստեղծել, որի կազմում ընդգրկվեցինք երկու ԼՕՌ բժիշկներս և մեկ պլաստիկ վիրաբույժ: Բաժանմունքը գործում է արդեն երկու տարի: Զբաղվում ենք ԼՕՌ հիվանդությունների ամբուլատոր, վիրահատական և կոնսերվատիվ բուժմամբ, բացառությամբ կոխլեար իմպլանտացիաների և ականջի թմբկաթաղանթի վիրահատությունների: Մեր գործունեության առանցքային ուղղություններից է նաև քթի պլաստիկ միջամտությունները, որոնք ես հիմնականում համակցում եմ քթի միջնապատի ուղղման հետ, անկախ նրանից՝ պացիենտը դժվար շնչառության գանգատ ունի՞, թե՞ ոչ: Այսինքն՝ կամ կատարում ենք քթի միջնապատի ուղղում՝ համակցված քթի արտաքին դեֆորմացիաների հետ, կամ հակառակը՝ քթի արտաքին դեֆորմացիայի շտկում՝ համակցված միջնապատի ծռվածության հետ: Անցյալ տարի բաժանմունքում իրականացվել էերկու հարյուր երեսուն վիրահատականմիջամտություն:

-Քթի պլաստիկ և միջնապատի ուղղման համակցված վիրահատությունը Ձեր աշխատանքի սկզբու՞նքն է:

-Այո, կարելի է այդպես ասել: Ի դեպ, դա եղել է իմ ատենախոսության թեման՝ «Արտաքին քթի և քթի միջնապատի համակցված դեֆորմացիաների վիրահատական չափանիշներ», որը պաշտպանել եմ 2014 թ.: Քթի ծավալի փոքրացմանը զուգահեռ պետք է անպայման կատարվի քթային շնչառությունը բարելավող այդ միջամտությունը: Ինչու՞: Որովհետև պլաստիկ վիրահատություն կատարելով՝ փաստացիորեն քթի ծավալների փոքրացում ենք կատարում: Իսկ հետազոտությունները ցույց են տալիս, որ պլաստիկ վիրահատություններից հետո օդի ներհոսքի ծավալի կրճատում է լինում, ու եթե պլաստիկայի ժամանակ միջնապատը չի ուղղվում, պացիենտը պլաստիկ վիրահատություններից հետո կարող է գանգատվել դժվարացած քթային շնչառությունից: Շնչառական խնդիրները կանխարգելելու համար, անկախ նրանից նախքան պլաստիկ վիրահատության դիմելը պացիենտը գանգատվել է քթային շնչառությունից թե ոչ, եթե կա քթի միջնապատի անգամ թեթևակի ծռվածություն, որը մինչ այդ չի խանգարել մարդուն, պետք է անպայման ուղղել:

-Դա համարվում է երկու տարբե՞ր միջամտություն, թե՞ մեկ:

Դա ես դիտում եմ որպես երկու վիրահատություն՝ համատեղ ու պարտադիր: Եթե արտաքին քթի դեֆորմացիայի պլաստիկ ուղղումը պացիենտի քմահաճույքն է, իր էսթետիկ զգացողության բավարարվածությունը, ապա միջնապատի ուղղումը իմ՝ որպես բժշկի ցուցումն է՝ առողջության պահպանման և հետագա խնդիրներից խուսափելու համար: Մենք երբեք խորհուրդ չենք տալիս մարդուն փոխել արտաքին քթի ձևը, մենք կարող ենք ցուցում տալ, որ ուղղեն քթի միջնապատը, փոքրացնեն խեցիները, որ շնչառական խնդիրներ չառաջանան: Բայց եթե պացիենտը դիմում է կոնկրետ ռինոպլաստիկայի համար, մենք անպայման առաջարկում ենք քթի միջնապատի ուղղում կատարել, մեկ ընդհանուր անզգայացմամբ երկու միջամտությունն էլ իրականացնել:

-Իսկ ի՞նչ առողջական խնդիրներ կարող են ծագել միջնապատի ծռվածության պատճառով:

Գրեթե բոլորն այս կամ այն չափով միջնապատի ծռվածություն են ունենում: Այդ ծռվածությունը կարող է լինել բնածին՝ ներարգանդային կյանքում տարած տրավմայի հետևանք, կամ ձեռքբերովի՝ վաղ մանկական հասակում տարած տրավմա: Իհարկե, լինում է, որ այդ ծռվածությունը չնչին է և չի խանգարում մարդուն. մենք երբեք նրան չենք առաջարկում որևէ վիրահատական միջամտություն: Բայց եթե միջնապատը ծռված է այնքան, որ խանգարում է մարդու շնչառությանը, պետք է հնարավորինս շուտ վիրահատել: Դժվարաշնչության արդյունքում, երբ օրգանիզմը բավարար քանակությամբ թթվածին չի ստանում, սկսում են հաճախակի գլխացավեր, սրտխփոցներ, շուտ հոգնածություն, որի հետանքով նաև՝ հոդացավեր, ընդհանուր թուլություն, չբավարարված քնի զգացողություն, և վերջապես ուղեղի քրոնիկ թթվածնային քաղց, որի արդյունքում նաև հաճախ կյանքի հանդեպ անտարբեր ու դեպրեսիվ տրամադրվածություն: Ու հաճախ մարդիկ գլխի չեն ընկնում, որ պետք է այս դեպքում դիմել ԼՕՌ: Դիմում են սրտաբանների, նյարդաբանների, ովքեր և հետազոտությունների արդյունքում չհայտնաբերելով որևէ այլ խնդիր՝ բացի դժվարաշնչությունից, նրանց ուղղորդում են ԼՕՌ մասնագետի մոտ:

Որպես կանոն 80-90% դեպքերում քթի միջնապատի դեֆորմացիան համակցվում է ստորին քթային խեցիների հիպերտրոֆիայի՝ մեծացման հետ: Խեցիները շարակցական սպունգանման հյուսվածքներն են, որոնք այտուցվելու, ծավալի փոփոխման հատկություն ունեն: Դեֆորմացված միջնապատի դեպքում դրանք, որպես պաշտպանական մեխանիզմ, մեծանում են:Սովորաբար միջնապատի վիրահատությունները զուգորդվում են խեցիների պահպանողական վիրահատությամբ՝ ենթալորձային մասնահատումով, փոքրացումով: Դրանք լրիվ հեռացնել չի կարելի, ինչպես ընդունված է եղել տարիներ առաջ: Խեցիները կարևոր ֆունկցիա ունեն. ապահովում են քթի խոռոչի ջերմությունը և ապահովում են խոնավությունը: Ժամանակակից բժշկությունը պարզել է, որ խեցիների հեռացումը հանգեցնում է մի քանի լուրջ խնդիրների՝ ինչպես օրինակ քթի խոռոչի քրոնիկական չորացում, կեղևների առաջացում: Այդ պատճառով էլ վիրահատական միջամտությամբ պետք է միայն փոքրացնել խեցիները՝ օդի ազատ հոսքը ապահովելու համար:

-Աշխատանքային ի՞նչ սկզբունքներ են ներդրվել բաժանմունքում:

Առաջին ու գլխավոր սկզբունքը, նաև իմ պահանջը բաժանմունքի աշխատակիցներից՝ ուշադրություն և հոգատարություն պացիենտի հանդեպ: Երբեք ավելորդ չէ մեկ անգամ ավելի մտնել հիվանդասենյակ, հետաքրքրվել պացիենտի վիճակով: Այդպես պացիենտն էլ է զգում, որ այստեղ անտարբեր չեն իր խնդրի հանդեպ, փոխվում է նրա ինքնազգացողությունը: Անձամբ ես իմ աշխատանքային այս յոթ-ութ տարիների ընթացքում չեմ հիշում մի օր, որ աշխատանքից հետո թեկուզ քաղաքացիական հագուստով համայցի չգամ բաժանմունք. պիտի անձամբ համոզվեմ, որ պացիենտներն իրենց լավ են զգում, ամեն ինչ կարգին է:

-Այսինքն՝ աշխատանքից հետո՞ էլ չեք կտրվում աշխատավայրից:

Բժիշկը աշխատավայր չունի, բժիշկը կոչում է, և ես որպես բժիշկ իմ կոչումից չեմ կտրվում:

-Ի՞նչ դպրոց եք անցել որպես բժիշկ, ու՞մ եք համարում Ձեր ուսուցիչները:

Ուսուցիչ համարում եմ, իհարկե, հայրիկիս՝ Արթուր Մուշեղի Մուրադյանին: Նա առ այսօր ղեկավարում է «Արամյանց» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքը: Ես վերապատրաստումների համար հեռու չեմ մեկնել. հայրս է ինձ սովորեցրել մեր մասնագիտության նրբություններն ու հմտությունները: Քիթ–կոկորդ ականջաբան էր նաև տատիկս՝ Թամարա Օգանեսի Բաղդասարյանը: Նա եղել է այն ժամանակվա Շամշադինի շրջանի հիվանդանոցի գլխավոր բժիշկը: Մայրս՝ Արմինե Աշոտի Գրիգորյանը, կենտրոնական կայազորային հոսպիտալիԹերապևտիկ ցիկլի պետն է ու առաջատար մասնագետը: Բժիշկների միջավայրում մեծանալն էլ ինքնին դպրոց է, որը նախապատրաստում է քեզ այդ մասնագիտությանը: Մասնագիտական հարցում պարտական եմ նաև Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ղեկավար Վաչագան Պետրոսի Այվազյանին, ով ինձ զարգանալու ազատություն է տվել: Նրանից նաև կազմակերչական շատ հմտություններ եմ սովորել: Կուզեի շեշտել նաև «Սլավմեդ» ԲԿ տնօրեն Արմինե Հովակիմյանի անունը, ում հրավերով այսօր արդեն մասնագիտական գործունեություն եմ ծավալում «Սլավմեդ» ԲԿ-ում:

-Իսկ ի՞նչ է պետք լավ վիրաբույժ լինելու համար:

Իհարկե առաջինը՝ գիտելիքներ ու անպայման հմուտ ձեռքեր, որովհետև շատ բժիշկներ կան, ովքեր ունեն փայլուն գիտելիքներ, տեսական նյութին տիրապետում են անթերի, բայց վիրահատություններ չեն կարողանում կատարել, նրանք սովորաբար համալրում են գիտնական բժիշկների բանակը: Հմուտ ձեռքերը լավ վիրաբույժ դառնալու կարևոր նախապայման են:Դա վերուստ տրված շնորհ է:

-Ոչ բոլոր բժիշկներ են, որ կարող են պատվոգրեր ունենալ հայրենիքին ծառայելու համար:

Ես օրվա քսանչորս ժամը պատրաստ եմ իմ մասնագիտական կարողություններով, գիտելիքներով և, ինչու չէ, հարկ եղած դեպքում նաև զենքով ծառայել հայրենիքին: Առաջին պատվոգիրը ստացել եմ 2014 թ. Երկրապահ կամավորականների միությունից: Մյուսը 2016 թ. շնորհել է պաշտպանության այն ժամանակ գործող նախարար Սեյրան Օհանյանը՝ ապրիլյան պատերազմին մասնակցելու համար: Այդ օրերին ես Ջաբրայիլի շրջանում էի: Կարծում եմ, եթե ամեն մեկս մեր տեղում հայրենիքի համար մի փոքր մտածենք, եթե ամեն մի հայ տղամարդ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի մեկնել սահման, մեր հայրենիքն անպարտելի կդարձնենք: Մեր երկիրը մեր սահմաններից է սկսվում, մենք այստեղ հանգիստ ենք, որովհետև տղաներն օրուգիշեր հսկում են սահմանը, մեզանից յուրաքանչյուրը պետք է մտովի կանգնած լինի նրանց կողքին: Ընդհանրապես ռազմահայրենասիրական դաստիարակությունը մեր ուսումնական հաստատություններում պետք է ավելի կայուն հիմքերի վրա դրվի:

-Իսկ շահավետ առաջարկ լինելու դեպքում չե՞ք մեկնի Հայաստանից:

Ոչ մի դեպքում, իհարկե եղել են նման առաջարկներ, բայց նախընտրում աշխատել ու օգտակար լինել իմ հայրենակիցներին:

Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: