Հայերեն   English   Русский  

​Աշխարհում նշում են «շնորհակալություն» բառի տոնը


  
դիտումներ: 102

Հունվարի 11-ին աշխարհը նշում է «շնորհակալություն» բառի տոնը (International Thank You Day): Այդ տոնը որոշվել է ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ:

Հայերենում բառի արմատը՝ շնորհը, նշանակում է պարգև, նվեր, բնատուր ձիրք, բարեհաճ վերաբերմունք, իսկ շնորհակալությունը գոհունակության, արված լավությունը գիտակցելու արտահայտությունն է:

Սակայն տվյալ տոնի իմաստն այն է, որ շնորհակալությունը՝ երախտագիտությունը՝ գոհունակությունը, կարելի է արտահայտել ոչ միայն բառով, այլև ամենատարբեր ձևերով, թեկուզ ընդամենը ժպիտով: Եվ դա պետք է անել ամեն օր, ամեն առիթով: Շնորհակալություն ասում ենք, ի դեպ, նաև այն ժամանակ, երբ հրավերը կամ առաջարկը մերժում ենք:

Այս տոնը փաստորեն հիշեցնում է մարդկանց, որ «շնորհակալությունը» մոգական ուժ ունի, այդ բառով մարդիկ միմյանց ուրախություն են պարգևում, արտահայտում իրենց ուշադրությունը և դրական հույզեր հաղորդում, առանց որոնց մեր կյանքը տխուր ու մռայլ կլիներ: Պատահական չէ, որ օտար երկիր ոտք դնելիս առաջին բառը, որ ուզում ենք իմանալ տվյալ ժողովրդի լեզվով, «շնորհակալությունն» է:

«Շնորհակալություն» արտահայտությանը մեզանում հաճախ պատասխանում են «չարժի» բառով, կարծես ուզում են ընդգծել, որ արվածն այնքան էլ մեծ բան չէ: Բայց դա վարվեցողության կանոններով բնավ տեղին չէ: Ավելի ճիշտ կլինի պատասխանել՝ ես եմ շնորհակալ կամ նորեն համեցեք:

Հոգեբանները վստահեցնում են, որ երախտագիտության խոսքերը շոյում են մարդկանց, հանգստացնում ու ջերմացնում: Կարևոր է միայն, որ այդ խոսքերը անկեղծ, մաքուր սրտով ասվեն:

Ի դեպ, մեր ժամանակներում այսպիսի ևս մի «քաղաքավարի» տոն կա՝ սեպտեմբերի 21-ը՝ Երախտագիտության համաշխարհային օրը (World Gratitude Day):






Մեկնաբանություններ - 2

agob.k     11.01.2019 INJ A AYS MAQ ASVAJ ANPAROYAQNNRU MAFIA U ???

agob.k     11.01.2019 injbes kidek anmen or mi anun ays inj haydarqutyun ov g havada ays polorin ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: