Հայերեն   English   Русский  

Արսեն Խառատյանն առաջարկում է ԱԺ-ին համատեղ հայտարարություն ընդունել ի պաշտպանություն Կարո Փայլանի


  
դիտումներ: 290

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը 7-րդ գումարման Ազգային ժողովի գործընկերներին կոչ է անում հունվարի 14-ին իրավասությունները պաշտոնապես ստանձնելուց անմիջապես հետո համատեղ հայտարարությամբ հանդես գալ ի պաշտպանություն Թուրքիայի Մեջլիսի անդամ, ազգությամբ հայ Կարո Փայլանի:

«Ինչպես գիտեք, թուրքական պետությունը արդեն տևական ժամանակ է` Փայլանի դեմ բռնաճնշումներ է բանեցնում, իսկ այս պահին, նրա և իր մի շարք գործընկերների դեմ գործ է հարուցված այդ երկրում դեռեւս գործող չարաբաստիկ 301-րդ հոդվածի հիմքերով: Հիշեցնեմ, որ հենց այս հոդվածով էր հետապնդվում ուղիղ 12 տարի առաջ Պօլսում սպանված Ագօսի խմբագիր Հրատ Դինքը:

Խորհրդարանական համակարգի անցած բացառիկ լեգիտումությամբ այս Ազգային ժողովը հայտարարությամբ նաև պետք է ուղերձ հղի Գործադիրին, իսկ մասնավորապես Արտաքին գերատեսչությանը, աշխարհի տարբեր մայրաքաղաքներում և միջազգային կառույցներում մեր դիվանագիտական առաքելություններին հանձնարարել համակարգված աշխատանք տանել Թուրքիայում տեղի ունեցող գործընթացները դատապարտող բանաձևեր ընդունելու ուղղությամբ:

Խորհրդարանական դիվանագիտությունը առաջիկայում ունենալիք ամբիոնները կարող է օգտագործել խնդիրը բարձրաձայնելու համար, իսկ հայկական սփյուռքի քաղաքական կառույցները վստահաբար ակտիվորեն աջակցելու են գործընթացին:

Հայտարարությունն առաջին հերթին Փայլանի և իր գործընկերների կյանքին սպառնացող վերահաս վտանգը ինչ-որ կերպ կանխելու նպատակ կունենա, սիմվոլիկ կլինի սակայն նաև նախադեպը, երբ ժողովրդի անվերապահ վստահությունը վայելող Օրենսդիրն առաջին իսկ օրվանից ցույց կտա, որ կան հարցեր, որոնց պարագայում մենք անկախ ամեն ինչից միասնական ենք:

Մեզ բոլորիս բարի և խաղաղ ընթացք...»,-գրել է նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: