Հայերեն   English   Русский  

Որևէ խմբակցություն՝ անկախ մեծությունից և թվից, չի կարող երկրի քաղաքական թիվ մեկ դահլիճում նիստ գումարել. Էդմոն Մարուքյան


  
դիտումներ: 465

Կարելի է ենթադրել, որ մեր նորընտիր գործընկերները մեծ դահլիճ են փնտրել և այս անգամ կանգ են առել ԱԺ դահլիճի վրա։

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի թեկնածու Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում այսպես է արձանագրել երեկ «Իմ քայլը» խմբակցության կողմից ԱԺ նիստերի դահլիճում փակ ֆորմատով քննարկում անցկացնելուն:

«Հիշեցման կարգով միայն՝ ԱԺ դահլիճը նախատեսված է բացառապես Ազգային ժողովի նիստերի և ԱԺ լսումների համար։ Որևէ խմբակցություն՝ անկախ մեծությունից և թվից, չի կարող և չպետք է երկրի քաղաքական թիվ մեկ դահլիճում խմբակցության նիստ գումարի։

Երկրորդ մտահոգությունս առնչվում է ավելի հիմնարար խնդրի. մեր գործընկեր «Իմ քայլը» դաշինքի խմբակցության նիստն արդեն որերորդ անգամ տեղի է ունեցել գործադիր իշխանության ղեկավարի առաջնորդությամբ։ Երեկվա նիստն էլ ընթացել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Հիշեցման կարգով միայն՝ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ օրենսդիր և գործադիր իշխանությունները տարանջատված են, իսկ ձեր քայլերով, հարգելի քաղաքական մեծամասնություն կազմող պատգամավորներ, դուք տարրալուծվում, միախառնվում և միաձուլվում եք գործադիր իշխանության հետ... Սա լուրջ և մտահոգիչ հարց է։

Հորդորում եմ հարգանքով վերաբերվել ՀՀ մայր օրենք Սահմանադրությանը։ ՀՀ Սահմանադրության հոդված 4. Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը. Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա»,- գրառման մեջ նշում է Էդմոն Մարուքյանը:






Մեկնաբանություններ - 1

agob.k     11.01.2019 baron etmon havad uneyik vor hrades anj mn yk payj chat mej shal areik yrp anparoyagn nikolin havadajik ???
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: