Հայերեն   English   Русский  

«Պուճախ-պուճախ հարցեր լուծելու ժամանակն անցել է». Արթուր Մեսչյան


  
դիտումներ: 2130

Հանրային խորհրդում այսօր կրկին Երևանի մետրոպոլիտենի զարգացման հարցն էր քննարկվում:

ՀԽ Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովում հավաքվել էին քաղաքաշինության ոլորտի գիտակները՝ անվանի քաղաքաշինարարներ, ճարտարապետներ, ինչպես նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը, «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Սիրեկան Օհանյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, պետական ու մասնավոր կառույցների այլ ներկայացուցիչներ:

ՀԽ

ՀԽ Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը ներկաներին տեղեկացրեց, որ մետրոյի զարգացման հարցը Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ առաջին անգամ քննարկել են 2018-ի դեկտեմբերի 1-ին, որից հետո, դեկտեմբերի 14-ին, քննարկում է տեղի ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Սաֆարյանի խոսքով՝ քաղաքապետը դրական է գնահատել մետրոյի զարգացման գաղափարը՝ իր հերթին հանդես գալով որոշակի առաջարկներով։

«Արթուն» ընկերության ղեկավար Հմայակ Հարությունյանը, որը նույնպես մասնակցել է քաղաքապետի հետ հանդիպմանը, հանձնարարական է ստացել մշակել մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նախագիծ, հնարավորինս արդյունավետ լուծումներով: Նախագծի նախնական տարբերակն արդեն պատրաստ է, և Հարությունյանը քննարկման ժամանակ ներկայացրեց դրա բովանդակությունը. կամուրջ, որը, ինչպես առաջարկել էր քաղաքապետը, կարող է լինել բազմաֆունկցիոնալ, որից հետո նոր կայարանի կառուցում Աջափնյակում, Աբելյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում։

«Արթուն» ընկերությունը Երևանի մետրոպոլիտենի կառուցումն իրականացրած «Հայթունելշինի» իրավահաջորդն է, որն այս պահին պետպատվերի բացակայության պատճառով ամբողջ ծավալով չի գործում, սակայն, ինչպես վստահեցնում է տնօրենը, բոլոր ռեսուրսներն առկա են, որպեսզի իրենք իրականացնեն մետրոյի նոր կայարանների կառուցումը։

Հմայակ Հարությունյանը հիշեցրեց, որ խորհրդային տարիներին մետրոյի «Բարեկամություն»կայարանից թունելներ են փորվել մինչև Հրազդանի կիրճը՝ 1054 մ ընդհանուր երկարությամբ, ընդհանուր առմամբ շուրջ 2,3 կմ երկարությամբ այլ նշանակության թունելներ։ Ծախսվել է մոտ 104 միլիոն դոլարին համարժեք ռուբլի, սակայն ծրագիրն ավարտին չի հասել, քանի որ Խորհրդային միությունը փլուզվել է: Ըստ նրա՝ կատարված աշխատանքը հսկայական է և չի կարելի այն ջուրը գցել. «Կարելի է ասել, նոր կայարանի կառուցման 70 տոկոսն արված է»,-նշեց նա:

Հարությունյանը ներկայացրեց նոր կայարանի կառւցման 4 տարբերակ՝ 75 միլիոն դոլարից սկսած մինչև 150 միլիոն դոլար:

Աջափնյակի կայարանի կառուցումն ավարտին հասցնելու հարցը Հարությունյանը բարձրացնում է տարիներ ի վեր: Խոստումներ հնչել են բոլոր իշխանությունների կողմից, բայց խնդիրն այդպես էլ չի լուծվել: Այժմ նոր իշխանություններն են խոստումներ տալիս: Հավատում է: Համենայնդեպս, մեծ է եղել զարմանքը և ուրախությունը, երբ Աջափնյակի կայարանի կառուցման հատվածում վեր խոյացած 50 մետր բարձրությամբ շենքի շինարարությունը Երևանի քաղաքապետարանն անմիջապես կասեցրել է, երբ ինքը քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ բացատրել է, որ այդ բարձրահարկը մետրոյի նոր կայարանի կառուցման դեպքում լուրջ խոչընդոտ է լինելու: Հարությունյանի խոսքով՝ նման խոչընդոտներ արդեն իսկ կան մետրոպոլիտենի ամբողջ համակարգի շուրջ, ինչն չկանոնակարգված շինարարության հետևանք է:

Այս հարցը Երևանի գլխավոր ճարտարապետի ցավոտ կողմերից էր. «Մի շենքով գարուն չի գա,-ասաց Մեսչյանը,-մետրոյի կառուցումը ամենաստրատեգիական գերակա շահն է: Երբ ես ունենամ մետրոյի զարգացման, նոր կայարանների կառուցման վերաբերյալ նախագիծ՝ հաստատված Կառավարության կողմից, այդ ժամանակ ես կունենամ նաև իրավասություն՝ ասելու ոչ նման շինարարությանը: Ցավոք, այս պահին ես չունեմ նման իրավասություն»:

Մեսչյանը կարևորեց նաև մետրոյի բարձակարգ շահագործման հարցը: «Շատ կարևոր է, որ մի խումբ երիտասարդների ուղարկենք աշխարհի լավագույն բուհերը, որ դառնան ոլորտի լուրջ մասնագետներ: Ընդհանրապես հարցին գլոբալ պետք է նայենք: Պուճախ-պուճախ հարցեր լուծելու ժամանակն անցել է»,-կարծում է Երևանի գլխավոր ճարտարապետը:

ՀԽ

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի համար մետրոպոլիտենի զարգացումը սոսկ տրանսպորտային խնդրի լուծում չէ. «Մետրոն քաղաքացիական պաշտպանության առումով չափազանց կարևոր համակարգ է, և մենք այսօր պետք է վերանայենք մետրոյի ամբողջ սխեման, կատարենք գույքագրում, հասկանանք իրավիճակը և այն հատվածները, որ գոնե շինարարությունից դեռ չեն տուժել, օրենքով ամրագրենք դրանց անձեռնմխելիությունը»:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը խոստացավ հարցը նախապատրաստել և ներկայացրել ՀՀ կառավարություն։

Ներկաները հույս հայտնեցին, որ նոր կառավարությունը որոշում կընդունի Երևանի մետրոպոլիտենի զարգացման վերաբերյալ, և բարձրացված հարցերը կհստակեցվեն ու կլուծվեն առաջիկա տարիների ընթացքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: