Հայերեն   English   Русский  

ՀՀ վերաքննիչ դատարանում հետաձգվեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը


  
դիտումներ: 332

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

«Նիստը հետաձգվել է տեխնիկական պատճառներով, որոշ փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտություն կա: Տրամադրվել է ողջամիտ ժամկետ և նիստը կկայանա մեկ այլ օր»,- ասաց Մկրտչյանը:

Նրա խոսքով` Մանվել Գրիգորյանը չի մասնակցել նիստին, քանի որ առողջությունը թույլ չէր տալիս:

«Եթե նրան հնարավորություն ընձեռվի և առողջությունը ների, նա կմասնակցի նիստերին»,- ասաց Մկրտչյանը:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել:

Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում:

Դեկտեմբերի 21-ին 25 միլիոն դրամ գրավի դիմաց Մանվել Գրիգորյանը ազատ էր արձակվել:

Ազգային անվտանգության ծառայության ԱԱԾ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես ասված էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: