Հայերեն   English   Русский  

​Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է միջազգային կինոարտադրողների նկատմամբ Ադրբեջանի հետապնդումները Արցախում ֆիլմ նկարելու համար


  
դիտումներ: 520

Ադրբեջանը վերջին օրերին սկսել է թիրախավորել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի միջազգային գործընկերներին՝ հրապարակային և փակ ճնշում գործադրելով նրանց վրա, որպեսզի զերծ մնան ֆիլմի նկարահանումներին մասնակցելուց և Արցախ այցելելուց:

Ինչպես հաղորդում «Արցախպրեսը»՝ հղում անելով ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին, որոշակի ճնշումներ են արձանագրվել լիտվացի կինոարտադրող Կեստուտիս Դրազդաուսկասի հանդեպ՝ ոտնահարելով նրա տեղաշարժի ազատությունը, մասնավոր կյանքի անձեռնմխելիության և մի շարք այլ իրավունքներ:

«Ադրբեջանն այդ քայլերով հերթական անգամ նպատակ ունի շարունակել Արցախի միջազգային մեկուսացման քաղաքականությունը՝ հնարավորինս սահմանափակելով արցախցիների անօտարելի բազմաթիվ իրավունքների, այդ թվում՝ մշակութային իրավունքների իրացումը:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է ադրբեջանական կողմի հայատյաց քաղաքականությունը, որը դրսևորվում է նաև հայության հետ համագործակցող օտարերկրացիների հանդեպ: Այդպիսի քաղաքականությունը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերը և Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները»,- ասվում է մասնավորապես ԱՀ ՄԻՊ-ի հայտարարության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: