Հայերեն   English   Русский  

«Մենք ինքներս ենք քաղելու մեր այսօրվա քաղաքական աշխատանքի պտուղները վաղը». Լենա Նազարյան


  
դիտումներ: 361

«Այսօր այս ամբիոնից ես, նախ և առաջ, խոսում եմ իբրև գործիչ, որի քաղաքական թիմը ստացել է ընտրողների ձայների ամենից բարձր կշիռը՝ 70 տոկոսը, ինչը մեր նորանկախ պատմության մեջ որևէ քաղաքական ուժին շնորհված վստահության ռեկորդային ցուցանիշ է»:

Այսօր ելույթների ժամին ԱԺում ասաց խորհրդարանի փոխնախագահի թեկնածու Լենա Նազարյանը:

«Սիրելի քաղաքացիներ և իմ հարգելի գործընկերներ,

Ձեր բարձր վստահության շնորհիվ ես այսօր խոսում եմ նաև որպես Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու, ուստի ներկայացնում եմ ոչ միայն իմ անմիջական ընտրողների ձայնը, ոչ միայն Իմ Քայլը դաշինքը, այլև մեր ժողովրդի վստահությունը վայելող ամբողջ Ազգային ժողովը:

Այսպիսի ծանրակշիռ վստահությունը նշանակում է՝ մեծ ակնկալիքներ նոր Ազգային ժողովից:

Ուստի թույլ տվեք ներկայացնել, թե ինչպես եմ ես պատկերացնում ժողովրդի ակնկալիքների իրագործումն այս Ազգային ժողովում:

Պարբերաբար լսում եմ մտավախություններ, որ հանկարծ չընդհատվի հանրություն և Ազգային ժողով կապը:

Սիրելի հայրենակիցներ, դուք, իհարկե, հիշում եք, թե ինչպես հեղափոխության օրերին մենք համերաշխաբար գործեցինք հանուն մեր երկրում անշրջելի բարեփոխումների:

Ուրեմն աժյմ էլ՝ արդեն առավել մեծ լիազորությունների շրջանակներում մենք գործելու ենք միասնաբար և ձեզ հետ անխափան կապի պայմաներում:

Մենք գործելու ենք մեր ընտրողների, մեզ չընտրած բոլոր քաղաքացիների ու Հայաստանի բնակիչների հետ՝ համատեղ աշխատանքի, քննադատություններից ու բանավեճերից ծնված լավագույն լուծումների միջոցով:

Մեր մասին հաճախ ասում են են, որ մենք փորձ չունենք:

Այո, մինչ հեղափոխությունը ես և իմ թիմակիցներից շատերը, լինելով երիտասարդ ընդդիմադիր գործիչներ, հիմնականում զրկված ենք եղել պետական մարմիններում կառավարման փորձ կուտակելու հնարավորություններից:

Սակայն մենք ունենք մեր անցած ուղիով ձեռք բերած փորձը:

  • Ան-անցանելի թվացող խոչընդոտների հաղթահարման փորձը;
  • սեփական ուժերին ապավինելով և փոխօգնությամբ գործելու փորձը;
  • չհանձնվելու,
  • մեր գաղափարներին և օրակարգերին հավատարիմ մնալու մեր փորձը:
  • Այժմ, մեր այս անցած ճանապարհը հաշվի առնելով, մենք

  • պարտավոր ենք պայմաններ ապահովել քաղաքացիների համար, որ նրանք ինքնուրույն սեփական խնդիրները լուծելու ելքեր գտնեն՝ ապավինելով պետական մարմինների հետ համագործակցությանը:
  • Դարձյալ մտքում պահելով մեր անցած ճանապարհը՝

     Որոշումների կայացման գործում պետք է լինենք ներառական

     առաջնահերթորեն ականջալուր լինենք մեր որոշումների ազդեցություններն իրենց կյանքի վրա զգացող մարդկանց և խմբերին,

     հաշվի առնենք տարբերվող կարծիքները,

     ոլորտային մասնագետների մոտեցումները և տարբեր խմբերի շահեր, սակայն, ի վերջո, որոշումները կայացնենք հանրային շահին ծառայելու մեր որդեգրած հանձնառությանը հավատարիմ:

    Մենք ունենք փորձ ու հավատարիմ ենք մնալու մեր փորձին՝ ոչ մի դեպքում չանտեսելով նաև անդադար ինքնակրթվելու, ճանաչելու ու պետական գործչի փորձառություն կուտակելու կարևորությունը:

    Սոցիալական ցանցերում հանդիպում են դժգոհություններ խորհրդարանի կազմի մեծաթիվ լինելու վերաբերյալ:

    Այս Ազգային ժողովը մեզ ժառանգված Ընտրական օրենսգրքի պատճառով նախորդի համամատ ունի 27-ով ավելի պատգամավոր, ինչն իհարկե ինչ որ չափով ավելացնում է պետական բյուջեի ծանրաբեռնվածությունը:

    Սակայն պատգամավորների թվի ավելացումը գոնե կարող է և պետք է ենթադրի պատգամավորների աշխատանքի և արդյունքների բազմապատկում:

    Մենք պետք է ջանանք մեր աշխատանքի արդյունքներով Ազգային ժողովում պատգամավորների թվի աճը վերափոխել առավելության:

    Եթե այսօրվանից յուրաքանչյուր պատգամավոր Ազգային ժողովում և բոլոր հարթակներում, որտեղ կներկայացնի մեր երկիրն ու ժողովրդին՝ զգա իրեն պատվիրակված զորությունը ու չընկրկի, չկաշկանդվի, այլ ազատորեն գործի հանուն Հայաստանի և հանրային շահի, մենք մեր շատ լինելը կդարձնենք առավելություն:

    Ազգային ժողովի հիմնական գործառույթն օրենսդիր գործունեությունն է:

    Եվ այստեղ մեր խնդիրն է, որ բարենպաստ իրավական միջավայր և արդար կանոններ հաստատվեն բոլորի համար, որպեսզի մարդիկ ազատ, անխոչընդոտ և իրավական դաշտում գործունեության հնարավորություններ ունենան:

    Ազգային ժողովի կարևորագույն գործառույթներից է նաև կառավարության վերահսկողությունը:

    Իհարկե, մենք պետք է համագործակցենք կառավարության հետ ներքին և արտաքին բարեփոխումների աշխատանքում, բայց և միաժամանակ պետք է վերահսկենք կառավարությանը:

    Նոր կառավարությունն էլ իր հերթին, պետք է գործի իր հանձնառած թափանցիկության և ժողովրդավարության սկզբունքներին համարժեք, ինչպես նաև չի կարող ունենալ ամեն ինչի հետ համաձայնող խորհրդարանի ակնկալիք:

    Խորհրդարանի կարևորագույն գործառույթներից է այս հարթակում հանրությանը հուզող հարցերի հնչեցումը:

    Ժողովուրդը մեզ պատվիրակել է Ազգային ժողովում՝ հնչեցնելու իրեն հուզող հարցերը, տեղ հասցնելու հանրային պահանջները, որոնք կառավարությունը պետք է փոխակերպի մարդկանց կյանքը բարելավող կոնկրետ գործողությունների:

    Եվ պատգամավորներից յուրաքանչյուրը պետք է քաղաքացիների ձայնը ներկայացնելու արտոնությունը ըմբռնի միաժամանակ և՛ իբրև պատիվ, և՛ իբրև հանրային մեծ պարտավորություն:

    Եվ վերջապես, ես հիմա խոսում եմ նաև որպես Հայաստանի քաղաքացի, իբրև բազմաթիվ առօրյա խնդիրների բախվող բնակիչ և ընտրող:

    Ես, ինձ հարազատ մարդիկ, դուք և ձեր սիրելիները՝ մենք բոլորս ապրում ենք և շարունակելու ենք ապրել մեր երկրում և մենք ինքներս ենք քաղելու մեր այսօրվա քաղաքական աշխատանքի պտուղները վաղը:

    Կունենա՞նք Հայաստանում ժողովրդի ձայնին և կարիքներին արձագանքող պետական հաստատություններ:

    Կհաստատվի՞ իրավահավասարություն և արդարություն:

    Կբարելավվե՞ն բոլորի պաշտպանվածության և բարեկեցության պայմանները, մեծապես կախված է նաև մեզանից:

    Ուստի այս պատմական օրը, սիրելի իմ հայրենակիցներ և հարգելի գործընկերներ, ողջունում եմ բոլորիս:

    Հաջողություն մաղթում մեր երկրի բարեկառուցման ընդհանուր գործում»,- ասաց նա իր ելույթում:

    լուսանկարը՝ Լենա Նազարյանի ֆեյսբուքյան էջից





    Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: