Հայերեն   English   Русский  

​Պայքարում կանայք և տղամարդիկ հավասար են, բայց երբ գալիս է պաշտոնները կիսելու պահը, գործում է հայրիշխանական մոդելը․ փորձագետ


  
դիտումներ: 1723

7-րդ գումարման Ազգային ժողովում գործունեություն կծավալեն 30 կին պատգամավորներ։

«Իմ քայլը» դաշինքը ԱԺ-ում կունենա 23, ԲՀԿ-ն՝ 5, իսկ ԼՀԿ-ն՝ 4 կին պատգամավոր։

Չնայած 2016-ին ընդունված Ընտրական օրենսգրքի համաձայն հաջորդ ընտրություններում՝ այն է ներկայում, կանայք խորհրդարանում պետք է կազմեին 30 տոկոս, բայց ի վերջո արտահերթ ընտրությունների պատճառաբանությամբ ուժի մեջ մնացին անցումային դրույթները՝ 25 տոկոսի պահանջով։ Իսկ ռեյտինգային ընտրակարգի պատճառով արդեն վերջնական ցուցանիշը 22,7 տոկոս է։ Բայց անգամ օրենքի պահանջին զիջող ցուցանիշը մեկ քայլ առաջ է նախորդ գումարման խորհրդարանի համեմատությամբ․ այն ժամանակ կանայք խորհրդարանում 18 տոկոս էին կազմում։

Գենդերային հարցերի փորձագետ Լիլիթ Զաքարյանի կարծիքով՝ նման ցուցանիշի պատճառներից է նաև քաղաքական կամքի բացակայությունը․ կուսակցությունների նախընտրական ցուցակներում գրեթե բոլորում կանայք 30 տոկոս և ավելի էին ներկայացված, այսինքն կադրերի խնդիր չկար։

Նրա խոսքով՝ քաղաքականությունում կանանց ներկայացվածության առումով միշտ մեկ քայլ հետ ենք միջազգային ասպարեզում մեր երկրի ստանձնած պարտավորություններից։ Զաքարյանը շեշտում է, որ աշխարհը ձգտում է մինչև 2020 թվականը քաղաքականությունում կանանց և տղամարդկանց հավասարակշռված (50/50 հարաբերակցությամբ) ներկայացվածություն ապահովելուն։ Մեր երկրին ուղղված խորհրդատվական փաստաթղթերում տարիներ շարունակ առաջարկվում է նվազագույն 40 տոկոս ներկայացվածություն ապահովել։ «Այս պայմաններում, եթե հաջորդ ընտրություններում խորհրդարանում կանայք 30 տոկոս կազմեն, դա կլինի մի քայլ հետ, որովհետև 30 տոկոսն արդեն անցած էտապ է, արդեն 40-50 տոկոսի պահանջն է արդիական»,- ասում է նա։

7-րդ գումարման ԱԺ

Այնուհանդերձ, արձանագրված ցուցանիշները գենդերային հարցերով փորձագետն առաջընթաց է համարում։ «Մենք կանխատեսում էինք, որ չի հասնի 25 տոկոսի, որովհետև կար նաև ռեյտինգային ընտրակարգը, որը բնականաբար իջեցնելու էր տոկոսը։ Այս պարագայում մի քիչ էլ քաղաքական կամք էր պետք,- ասում է նա։ - Պայքարում կանայք և տղամարդիկ հավասար են, բայց երբ գալիս է պաշտոնները կիսելու պահը, այստեղ արդեն գործում է հայրիշխանական մոդելը։ Հասարակությունում առկա են կարծրատիպեր, որ տղամարդիկ ավելի լավ կառավարիչներ են, ավելի ճիշտ որոշումներ են կայացնում։ Եվ ուժերը, որոնք գալիս են իշխանության, անմիջապես այդ կարծրատիպերով են սկսում շարժվել։ Դրա համար եմ ասում՝ քաղաքական կամք էր պետք»։

Զաքարյանն ասում է, որ քաղաքական մշակույթը փոփոխության է ենթարկվում այն դեպքում, երբ որևէ սեռը կազմում է 30 տոկոսից ոչ պակաս․ կրիտիկական զանգվածն այդքանն է։ «Այսինքն կանանց մշակութային տարրերը քաղաքականության մեջ զգալի կլինեն, եթե 30 տոկոսից ավելի լինեն։ Մինչև 30 տոկոս ներկայացվածության պարագայում կանայք հարմարվում են այն խաղի կանոններին, որոնք հարթակում կան։ Ու երբ մենք ասում ենք, որ կանայք իրենց կոպիտ են պահում, գռեհիկ են, նրանից է, որ նրանք հարմարվում են գործող խաղի կանոններին»,- ասում է նա։

Զաքարյանը շեշտում է՝ քանակական փոփոխությունները բերում են նաև որակական փոփոխությունների․ «Երբ կանայք հայտնվում են քաղաքական դաշտում, և երբ 30 տոկոսից քիչ են, շատ մեծ կամք, սկզբունքայնություն, պատրաստակամություն է պետք, որպեսզի կինը պահի իր դեմքը, որովհետև կա մի այսպիսի տարօրինակ հանգամանք՝ քաղաքականության մեջ յուրաքանչյուր տղամարդ ներկայացնում է ինքն իրեն, իսկ յուրաքանչյուր կին՝ իր սեռը։ Երբ ինչ-որ բան չի հաջողվում, ասում են՝ դե կին է, էլի, իսկ երբ տղամարդու մոտ չի հաջողվում, ասում են՝ լավ մասնագետ չի»։

7-րդ գումարման ԱԺ

Նա հիշում է, որ նախորդ գումարման կին պատգամավորներից մեկը խոստովանել էր՝ իրենց աշխատանքն ԱԺ-ում առավել հանգիստ կլիներ, եթե կանայք ավելի շատ լինեին խորհրդարանում։ «Կին պատգամավորները, մանավանդ եթե ընդդիմությունում են, մեծ պրեսինգի են ենթարկվում»,- ասում է նա։

7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներից շատերը, այդ թվում և կանայք, բավականին երիտասարդ են, հետևաբար նաև քիչ փորձ ունեն։ Անդրադառնալով փորձառության պակասի խնդրին՝ Զաքարյանն ասում է, որ օրենսդիր մարմնի պարագայում ողջունելի կլիներ երիտասարդ ուժերի ներհոսքը, եթե ունենայինք պատգամավորի օգնականի կայացած ինստիտուտ։

Նա նշում է, որ զարգացած երկրներում պատգամավորներն որպես իրենց օգնական են ընտրում մասնագետների, որոնք ունեն մեծ փորձ և գերազանց գիտեն իրենց ոլորտը։ Իսկ որոշ երկրներում նույնիսկ առանձին ինստիտուտներ կան դրա համար։

Նա նաև նշում է՝ լավ օրենսդիրն այն մարդը չէ, որը բոցաշունչ ելույթներ է ունենում կամ շատ է խոսում, օրենսդիրը գնահատվում է օրենսդրական գործունեությամբ։ Մինչդեռ հայտնի է, որ մեզ մոտ ԱԺ-ում ներկայացված օրենքների մեծ մասը Կառավարությունն է հեղինակում։

Եվ, այս առումով, ըստ Զաքարյանի շատ բան դժվար փոխվի․ ժամանակ կպահանջվի, մինչև նորաթուխ պատգամավորները հունի մեջ ընկնեն․ «Քանի որ կանայք սովորաբար ավելի պատասխանատու են, որովհետև ավելի քիչ ինքնավստահ են, հուսանք, որ ավելի շատ կաշխատեն իրենց վրա»։

7-րդ գումարման ԱԺ

Նախընտրական քննարկումների ժամանակ ոմանք նշում էին, որ դեմ են քվոտաներին՝ պատճառաբանելով, թե կարևորն արժանիքներն են, ոչ թե սեռը։ Եվ հարցին, թե արդյոք քվոտան անհրաժեշտություն էր խորհրդարանում կանանց 22,7 տոկոս ներկայացվածություն ապահովելու համար, Զաքարյանը դրական պատասխան է տալիս՝ հավելելով, որ մեզ մոտ դեռևս համապատասխան քաղաքական և ժողովրդավարական մշակույթ չի ձևավորվել։

«Քվոտան անհրաժեշտ ժամանակավոր գործիք է կյանքում գոյություն ունեցող անհավասարությունը համահարթելու համար։ Քվոտաներն արդյունավետ են գործում, եթե կան աջակցող գործողություններ․ կրթական տեխնոլոգիաների միջոցով կարծրատիպերի մեղմացում, դաստիարակության միջոցով հավասարության գաղափարի տարածում, պրոպագանդայի բոլոր միջոցներով հավասարության գովազդում և այլն։

Այս տեսանկյունից քվոտաները և աջակցող մեխանիզմները շատ կարևոր են, առավել ևս որ մենք երկրում դեռևս չունենք գենդերային հավասարության ազգային մեխանիզմ, որի պարտավորությունը վաղուց մեր երկիրը ստանձնել է»,- ասում է նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: