Հայերեն   English   Русский  

Բախումներ Ջերմուկում. ոստիկանությունը ոչ միայն չի միջամտել ու չի կանխել ճանապարհը փակողների ու համայնքի բնակիչների միջև բախումները, այլև չի ձերբակալել պատասխանատուներին.168.am


  
դիտումներ: 1161

Մեր տեղեկություններով՝ հետտոնական օրերը բոլորովին տոնական չեն անցել Ջերմուկում և հարակից Կեչուտում: Այստեղ ընդհարումներ են տեղի ունեցել համայնքում Ամուլսարի հանքի կողմնակիցների և հանքի ճանապարհները փակած խմբի միջև:

Մեր աղբյուրների համաձայն, նույնիսկ դանակահարության դեպք է եղել, ու այս մասին, զարմանալիորեն, ոչ մի հաղորդագրություն չկա ոստիկանության կողմից:

Ինչպես հայտնի է՝ մի խումբ մարդիկ ամառվանից ի վեր փակել են Ամուլսար տանող ճանապարհները, և դեռևս չշահագործվող հանքում ամիսներ շարունակ դադարեցվել են շինարարական աշխատանքները: Աշխատանքից ազատվել է 1000-ից ավելի մարդ:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը խոշոր ներդրողի հանդեպ այս, ըստ էության, դիվերսիային որևէ կերպ չի արձագանքում, որևէ որոշում չի կայացնում արդեն ավելի քան 7 ամիս:

Ջերմուկում 168.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Ամուլսարում աշխատանքների դադարեցման հետևանքով Ջերմուկում և հարակից համայնքներում սկսվել է արտագաղթ, փակվում են փոքր բիզնեսները, պակասել է առևտուրը խանութներում:

Նույնիսկ ճանապարհ փակողների մի մասն այս ամենի հետևանքով դադարել է մասնակցել ճանապարհների փակմանը: Ջերմուկում մեր աղբյուրները նշում են, որ մի քանիսը, ովքեր «հրահանգված են» չազատել ճանապարհները, դեռևս շարունակում են խոչընդոտել աշխատանքների վերսկսմանը:

Անաշխատանք մնացած համայնքի բնակիչները «ռազբորկայի» են գնացել այս խմբի հետ: Արդյունքում՝ տեղի են ունեցել բախումներ, կան տուժածներ: Ոստիկանության կողմից, սակայն, այս մասին որևէ բան չի հաղորդվել:

Մեր տեղեկություններով՝ ոստիկանությունը նաև չի միջամտել ու չի կանխել ճանապարհը փակողների ու համայնքի բնակիչների միջև բախումները, չի ձերբակալել պատասխանատուներին:

Դիմեցինք «Լիդիան Արմենիա» ընկերությանը՝ խնդրելով պարզաբանել միջադեպի մասին մեր տեղեկությունները: Ընկերությունից հրաժարվեցին անդրադառնալ միջադեպին, ասացին միայն, որ տարածքում արդեն 7 ամիս շարունակվող ապօրինության վերացումը պատկան մարմինների գործառույթն է:

Ամուլսարի շուրջ ամիսներ ձգվող այս անհեթեթ իրավիճակը և կառավարության անգործությունը լրջագույն հարված է հասցնում երկրի հեղինակությանն ու տնտեսությանը, ու նաև վտանգավոր զարգացումների է հանգեցնում այս համայնքներում: Արդյոք ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը վերջապես ժամանակ ու համարձակություն կգտնի՞ զբաղվելու երկրի այս պահի ամենալուրջ խնդիրներից մեկով, դժվար է ասել: Չնայած արդեն համոզվել ենք, որ Նիկոլ Փաշինյանի համար իր կուսակիցների հետ խաշ ուտելու թեման ֆեյսբուքյան ուղիղ եթերով քննարկելն ավելի կարևոր է, քան երկրում առկա հրատապ սոցիալ-տնտեսական խնդիրները, քաղաքացիներին մտահոգող կենսական հարցերը։

Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: