Հայերեն   English   Русский  

​ Ցավալի է, որ հիմա դա անում է մեր օգնությամբ իշխանության եկած քաղաքական ուժի ղեկավարը. Ա.Օհանյան


  
դիտումներ: 544

«Մամուլի հանդեպ ճնշումները պետք է շատանան»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

Նրա խոսքով, պատճառն այն է, որ ցանկացած իշխանություն ձգտում է էլ ավելի շատ իշխանության, ինչին խանգարում են մի շարք հանգամանքներ՝ Սահմանադրությունը, օրենքները, բարոյականությունը,հաղորդում է Պանորաման։


Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը երազում էր դառնալ ինստիտուցիոնալ ընդդիմություն․ «Դառնալով իշխանություն՝ վերացրեց ինստիտուցիոնալ ընդդիմությունը Հայաստանում։ Հիմա հաջորդ կարևորագույն ինստիտուտը, որ կարող է «տոտալիտար» միտմանը խանգարել, մամուլն է։ Պետք է գնա նաև մամուլի սահմանափակումների»։

Քաղաքագետը որպես գործոն նաև նշեց հեղափոխությունը, որի ժամանակ շատ հաճախ չեն աշխատում օրենքները, ջարդվում է բարոյականությունը։

«Այս հեղափոխությունից հետո տեսնում ենք, որ որոշակի բարոյական պրոբլմներ են առաջացել»,- ասաց Ե. Ենոքյանը։

Ասուլիսին ներկա «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը մամուլի նկատմամբ առաջին ոտձնգությունը համարում է Նիկոլ Փաշինյանի ամիսներ առաջ արած գրառումը հեռուստաընկերությունների մասով, երբ հայտարարեց, որ որոշ հեռուստաընկերություններ, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից, որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։

«Չի նշվում, թե որ հեռուստաընկերությունն է, ինչ թողարկում է եղել։ Երբ որ չի հստակեցվում, մասնավորեցվում, ընկալվում է որպես մահակ ուղղված ամբողջ դաշտին։ Դրան հետևեցին այլ դեպքեր»,- նշեց նա։

Ասուլիսին ներկա «Հրապարակ» թերի խմբագիր Արմինե Օհանյանն ասաց. «Մենք այս ամենը տեսել ենք, լսել ենք տարիներ շարունակ, գաղջ մթնոլորտը մենք էինք ձևավորում, մենք էինք խանգարում իշխանություններին երկիրը բարեկեցիկ կյանքի հասցնելու գործում։ Փաստորեն հիմա նույնը շարունակվում է։ Պարզապես շատ ցավալի է, որ եթե նախկինում ՀՀԿ-ն՝ մեր կողմից մերժված իշխանություններն էին դա անում, հիմա դա անում է մեր հարազատ, մեր ձեռքերով, մեր օգնությամբ իշխանության եկած քաղաքական ուժի ղեկավարը, ավելի շատ ցավալի է, որ նախկին գլխավոր խմբագիր է»։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ստատուսից հետո իրենց դիտումների քանակն ավելացել է, սև քարոզոությունն ինչ-որ տեղ նպաստել է իրենց աշխատանքին։

«Բայց մի բան արձագանքեմ՝ այս ամենը հանգեցնում է մթնոլորտի, որտեղ ատելության, մերժման, թշնամանքի վիճակ է ստեղծվում։ Ցավում եմ, չեմ կարող բացատրել դա։ Ես այլ ակնկալիքներ, սպասելիքներ ունեի։ Հույս ունեմ, որ այս իշխանությունը, կոնկրետ Նիկոլ Փաշինյանը հետևություններ կանի, կհասկանա, որ այս ճանապարհով չենք կարող երկիրն առաջ տանել»,- ասաց Ա. Օհանյանը։

Ս. Սեյրանյանի կարծիքով, այսօրվա իշխանությունը ցայտնոտի մեջ է այն առումով, որ եթե մինչև խորհրդարանական ընտրությունները կարողանում էին և անձերի, և կուսակցությունների, և նախկինների վրա մեղադրանքներ շպրտելով փորձել մաքուր դուրս գալ, իրենց չարածները բացատրել նրանց ներկայությամբ, հասարակությունն էլ հասկացավ, որ հունվարի 14-ից հետո այլևս չկան նախկինները, դուք եք, պատասախանատվություն եք կրում։

«Իրենք ակնհայտորեն կանգնած են սոցիալ-տնտեսական, քաղաքական, արտաքին քաղաքական լուրջ մարտահրավերների առջև։ Այս ընթացում իրենք հասցրել են որոշակի լրջագույն սխալներ իրականացնել։ Հիմա արդեն որպես քավության նոխազ չկա ՀՀԿ-ն, չկան նախկիններ, հիմա քավության նոխազ է սարքում, թիրախ է դարձնում մամուլին՝ ասելով, որ գիտեք, մենք շատ լավն ենք, բայց քանի որ մամուլը նախկին, նախկինի նախկին իշխանությունների հովանավարոչություն է վայելում, մեզ սևացում են»,- ասաց նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: