Հայերեն   English   Русский  

«Գերազանցիկները» կամ «Երկաթե շերեփի տեսլականը»


  
դիտումներ: 346

Համացանցը լցված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախկին անդամ, այժմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության

և «Իմ Քայլը» դաշինքի երդվյալ անդամ, ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի «․․․Իրանը ավտորիտար երկիր» արտահայտության քննարկումներով։

Իհարկե իշխող քաղաքական ուժի պատգամավորի արտահայտությունը քաղաքագիտա-դիվանագիտական նոնսենս է, գուցե սեփական քաղաքական գիտելիքների ներկայացման անհաջող փորձ, նաև անփորձության հետևանք։ Բայց ես կուզենայի ուշադրություն դարձնել նաև նրա ողջ ելույթին, հատկապես «ժողովրդավարություն» հասկացության համատեքստում։ Հայկ Կոնջորյանին, և ոչ միայն նրան, թվում է, որ եթե Հայաստանը դառնա աշխարհի ամենաժողովրդավարական պետությունը, ապա ողջ քաղաքակիրթ աշխարհը, հիանալով Հայաստանով, Արցախը, Նախիջևանը, Արևմտյան Հայաստանը, Կիլիկիան կգրավեն և կնվիրեն մեզ, չէ՞ որ մենք ոչ միայն Ադրբեջանից և Թուրքիայից ենք ավելի ժողովրդավարական, այլև ողջ աշխարհից։ Եվ մեր ժողովրդավարությունը «կհաղթի» և Ադրբեջանի նավթին ու զենքին, և ՆԱՏՕ-ի անդամ շուրջ 100 միլիոնանոց Թուրքիային։ Ահա թե որտեղ է թաքնված «երկաթե շերեփը»։

Հայկ Կոնջորյանն ավելի հեռու է գնում, հիշելով քրիստոնեությունն ու դրա առավելությունները մեր հարաբերություններում, մասնավորապես Բյուզանդիայի հետ։ Ըստ Կոնջորյանի, այսօրվա ժողովրդավարությունը երեկվա քրիստոնեությունն է։ Կարծեմ Կոնջորյանը պատմաբան է, ուստի լավ պետք է իմանա, որ մուսուլմանական արաբական Խալիֆաթը ճանաչեց Բագրատունիների թագավորությունը, իսկ քրիստոնեական Բյուզանդիան նպաստեց նրա կործանմանը։ Այսպես էլ մեր գերազանցիկները չհասկացան, որ պետությունները, լինեն դրանք քրիստոնյա, մուսուլմանական, ժողովրդավարական, թե բռնապետական, առաջնորդվում են միայն ու միայն սեփական, ազգային շահերով։

Հիշենք 2015թ․ Հայոց Մեծ Ցեղասպանության 100-ամյակին քանի քրիստոնյա, ժողովրդավարական երկրների առաջնորդներ չժամանեցին Հայաստան՝ Թուրքիային և Ադրբեջանին չնեղացնելու համար։ Թե՞ կարծում եք չեկան, քանի որ Հայաստանը ժողովրդավարական չէր, այ հիմա կգային։ Տպավորություն է ստեղծվում, որ գերազանցիկների համար ժողովրդավարությունը ոչ թե արժեք է, այլ «շուստրիություն», և մեզ անհրաժեշտ է, որ աշխարհը մեզ քաղցր աչքով նայի։ Ժողովրդավարական, իրավական պետություն, ես համոզված եմ, առաջին հերթին և գուցե միայն մեզ, Հայաստանի քաղաքացիներիս է անհրաժեշտ։ Իմ համոզմամբ՝ միայն այս ճանապարհով է հնարավոր Հայաստանի զարգացումն ու հզորացումը։ Իրական ժողովրդավարական, իրավական պետության կայացման պարագայում մեր քաղաքացիներն ունենում են արժանապատվության զգացում և իսկապես հպարտություն այդ երկրի քաղաքացի լինելու համար, պատրաստ պաշտպանելու այդպիսի հայրենիքը։ Իսկ արտաքին քաղաքականությունը կառուցվում է ըստ ազգային-պետական շահերի։

Ավետիք Իշխանյան

Հ․Գ․ Ի դեպ, ժողովրդավարությունը, արդեն նախապես կանխորոշված պաշտոն ստացող գործընկերոջը հաճոյանալը չէ․․․






Մեկնաբանություններ - 1

Խոսրով Հարությունյան     22.01.2019 Համաձայն եմ Ավետիք Իշխանյանի դիտարկմանը: Իմ կողմից ուզում եմ ավելացնել հետևյալ դատողությունները.
1. Սին է այն կարծիքը, որ եթե մեր իշխանությունները լեգիտիմ են (իսկ իրականում լեգալ են, քանի որ անխոցելի են ձևավորման օրինականությա ն տեանկյոիւնից), ապա որևէ արտաքին պարտադրանք մեր նկատմամբ չի կարող կիրառվել: Աշխարհի խոշորները առաջնորդվում են բացառապես սեփական շահերով:
2. Ժողովրդավարությունը մեզ՝ հայերիս է անհրաժեշտ, քանի որ ընդերքի բնական պաշարների բացակայության պայմաններում զարգացման մեր միակ ռեսուրսը մարդկային կապիտալն, որի դինամիկ և համակողմանի զարգացման գլխավոր գրավականը ազատությունն է: Ուստի մեզ համար ժողովրդավարությունը ՛՛ստռատեգիական ռեսուրս է՛՛:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: