Հայերեն   English   Русский  

Գոռ Երիցյան. «Երբ իրագործում եմ նպատակս, ավելի մեծ պահանջներ եմ դնում իմ առջև»


  
դիտումներ: 1966

2018 թվականը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանի համար նշանավորվեց հաղթանակներով ու ձեռքբերումներով:

Բռնցքամարտիկի համար հատկապես կարևոր էր տարեվերջյան` 9-րդ մենամարտը. Գոռը Կազանում կայացած մենամարտի ժամանակ 2-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ֆիլիպինցի Ալվին Լագումբային և պրոֆեսիոնալ ռինգում 9-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, որը նշանավորվեց WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտու նվաճմամբ:

Անկախի հետ զրույցում Գոռ Երիցյանը պատմում է մենամարտից, կիսվում հաղթանակից ստացած տպավորություններով, միևնույն ժամանակ ընդգծում, որ հաղթանակն արդեն անցյալում է, և այժմ հարկավոր է մտածել նոր նվաճումների հասնելու մասին:

-Այդ մենամարտն անչափ կարևոր էր, քանի որ պայքարելու էի աշխարհի չեմպիոնի գոտու համար: Հագեցած գրաֆիկով ու մարզումներով նախապատրաստական շրջան էի անցել. մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ մեծ աշխատանք էինք կատարել: Տրամադրված էի մարտական ու հաղթական. ուրիշ ոչ մի տարբերակ չկար:
Մենամարտը շատ հաջող ընթացավ: Առաջին ռաունդից հետո մեծ առավելություն ունեի: Երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեցի հակառակորդիս:

Կարիերայիս ընթացքում մի շարք հաղթանակներ եմ տոնել, բայց այս մեկն առանձնացավ. դարձա աշխարհի չեմպիոն: Զգացողությունները բոլորովին այլ են` նոր, յուրօրինակ ու տպավորիչ:

-Դուք պայքարում էիք աշխարհի չեմպիոնի գոտու նվաճման համար: Լարվածություն եղե՞լ է նախապատրաստվելիս և ռինգում:

-Բնական է, որ կար լարվածություն, քանի որ ամեն անգամ չէ, որ պայքարում եմ գոտու համար, բայց նաև ունեի մեծ ցանկություն` հաղթելու: Լարվածությունն ինձ չխանգարեց: Գիտակցում էի, որ մենարամրտը կարևորագույններից է իմ կարիերայում: Հավանաբար դա էր պատճառը, որ մենամարտը ժամանակից շուտ ավարտեցի:

-Որևէ նվաճման հասնելը բարդ է, իսկ այն պահելն` առավել դժվար: Հաղթանակը պարտավորեցնու՞մ է:

- Յուրաքանչյուր հաղթանակ, ձեռքբերում, գոտու նվաճում մարզիկի համար նպատակ է, որին հասնում է ամեն գնով: Երբ իրագործում եմ նպատակս, ավելի մեծ պահանջներ եմ դնում իմ առջև` նոր բարձունքների հասնելու համար: Ես արդեն նոր ուժերով ու ոգևորությամբ նախապատրաստվում եմ առաջիկա մենամարտին, անգամ մոռացել եմ չեմպիոնական գոտու նվաճման մասին, չնայած որ դեռևս շնորհավորանքներ եմ ստանում: Այդ հաջողությունն արդեն պատմություն է, պետք է մտածեմ նոր հաղթանակներ կերտելու մասին:

Այժմ նույն կերպ պատրաստվում եմ փետրվարին կայանալիք վարկանիշային մենամարտի: Շուտով հակառակորդս պարզ կդառնա: Մի քանի մենամարտ կանցկացնեմ, որից հետո նորից կպայքարեմ գոտու համար:

-Թեև բռնցքամարտն անհատական մարզաձև է, սակայն`Punch Boxing Promotions-ը թիմային աշխատանք է իրականացնում: Այս ամենը լրացուցիչ ոգևորություն հաղորդո՞ւմ է:

-Մենք մեծ և հզոր թիմ ունենք` Punch Boxing Promotions-ի հիմնադիր Արամ Դավթյանի, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի և մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ: Սա մի մեծ ընտանիք է, որտեղ իսպառ բացակայում են մարզիկ- մենեջեր աշխատանքային հարաբերությունները: Իրար աջակցելով, օգնելով շարժվում ենք առաջ, ոգևորվում ենք մեկս մյուսի հաղթանակներով ու ձեռքբերումներով: Ցավոք, կան մարդիկ, որոնք անգամ նախանձում են այս ամենին, սակայն մենք միասնական ենք և ուժեղ:

-Պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալու բավական փորձ ունեք արդեն: Տարբերությունները շա՞տ են սիրողական ռինգից:

-Սիրողական և պրոֆեսիոնալ բռնցքամարտերը էականորեն տարբերվում են: Երբեմն ինձ թվում է, որ եթե հիմա ինձ առաջարկեն մենամարտել սիրողական բռնցքամարտում, ապա հնարավոր է` հրաժարվեմ: Օրինակս կարող է կոպիտ հնչել, բայց միտքս հետևյալ կերպ կձևակերպեմ. պրոֆեսիոնալից հետո սիրողական ռինգում հանդես գալը նման է մագիստրոսական կրթություն ստանալուց հետո դպրոց վերադառնալուն: Նշեմ սակայն, որ ունեմ ցանկություն` հանդես գալու օլիմպիական խաղերում և ուրախ եմ, որ պրոֆեսիոնալ ռինգում մենամարտեր անցկացնելով հնարավոր է ուղեգիր ձեռք բերել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: