Հայերեն   English   Русский  

Դավիթ Բեկը կարճ ժամանակում Սյունիքում ստեղծեց անկախ հայկական իշխանապետություն


  
դիտումներ: 3872

Դավիթ Բեկը հայ ազատագրական պայքարի մեծագույն գործիչներից է: Զաքարյանների իշխանապետության անկումից հետո` XIV դարից Հայաստանում ակտիվ ազգային ազատագրական պայքար չի ծավալվել:

Դավիթ Բեկը եղավ նոր շրջանի հայոց պատմության ազատագրական պայքարի առաջնեկը: Նրա ծննդյան թվականն ու վայրը հայտնի չեն:

XVIII դարում Հայաստանը բաժանված էր Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Իրանի միջև: Թե՛ Արևելյան, թե՛ Արևմտյան Հայաստանում հայությունը կեղեքվում էր` ենթարկվելով ազգային-սոցիալական ճնշումների:

Հայկական ազնվական, իշխանական տները համարյա վերացել էին պատմական ասպարեզից, և հայությունը մնացել էր առանց առաջնորդող ուժի: Հայ եկեղեցին ինքն էր կեղեքում բնակչությանը և պարզապես չէր կարող իր վրա վերցնել ազատագրական պայքարի ծանրությունը:

Այս պայմաններում Արևելյան Հայաստանում կային առանձին շրջաններ, որտեղ մնացել էին հայ իշխանական գերդաստաններ, պահպանել իրենց կիսանկախ գոյությունն ու ներուժը` Հայաստանի ազատագրական պայքարը շարունակելու համար: Այդ օջախներն էին Լոռին, Սյունիքն ու Արցախը:

XVIII դարի սկզբին հայ ազատագրական շարժման միտքը նոր զարգացումներ ապրեց. Իսրայել Օրին իր նախաձեռնած շարժումով պարարտ հող ստեղծեց Հայաստանի ազատագրության հետագա պայքարի համար: Շարժմանը նպաստեցին նաև Պարսկաստանի թուլացումը, այնտեղ շարունակվող ներքաղաքական ճգնաժամերն ու գահակալական կռիվները: Պակաս կարևոր չէր նաև ռուսների ներկայությունը Անդրկովկասում: Պետերբուրգն իր զավթողական նկատառումները կյանքի կոչելու համար նպաստում էր հայերի և վրացիների ազատագրական շարժումներին: Մասնավորապես, 1722 թ. Պետրոս Ա կայսեր իրականացրած ռազմական ցույցը` Կասպիական արշավանքը, նոր հույսեր արթնացրեց հայերի շրջանում: Հայերն ու վրացիներն անգամ վրաց Վախթանգ Զ Բագրատունի թագավորի գլխավորությամբ 40000-ոց զորաբանակ կազմեցին և Գանձակի մոտ կազմ ու պատրաստ սպասում էին ռուսական բանակի մոտենալուն, որպեսզի միանան նրան:

Ռուսական բանակի` կասպիական ափերից նահանջելուց հետո Արցախի մելիքների շրջանում որոշակի հուսախաբություն կար: Նույնը չի կարելի ասել Սյունիքի իշխողների մասին, որոնք ավելի վճռական էին` շարունակելու պայքարը: Եվ սյունյաց ավագների անունից Ստեփանոս Շահումյանը նամակ է գրում վրաց արքային` խնդրելով իր մոտ ծառայող հայ զորավարներից մեկին ուղարկել Սյունիք` ղեկավարելու հակապարսկական ապստամբությունը:

Նույն 1722 թ. Վրաստանից իր մի խումբ զորականների հետ Սյունիք է ժամանում Դավիթ Բեկը:

Ով էր նա, ինչ ծագում ուներ` հայտնի չէ: Նրա ժամանակագիր Ստեփանոս Շահումյանը մեզ հստակ տվյալներ չի տալիս Դավիթ Բեկի ծագման մասին: Հաշվի առնելով, որ նա մինչ Սյունիք ժամանելը վրացական բանակի զորականներից էր, չի բացառվում, որ ծագումով Լոռվա աշխարհից լիներ:

Ժամանելով Սյունիք` Դավիթ Բեկը ձեռնամուխ եղավ հայկական զինված ուժերի ձևավորմանը, պաշտպանական ամրությունների կառուցմանը: Նա առաջին հարվածը հասցրեց Սյունիքում անարգել թափառող թուրքական ղարաչօղլու քոչվոր ցեղերին: Առաջին իսկ հաջող գործողությունների արդյունքում Դավիթ Բեկի շուրջը հավաքվեցին հարյուրավոր զինյալներ:Հետագայում այդ թիվը մոտ 10 հազարի հասավ…

Նա ջոկատների բաժանեց իր զորքը, նրանց վրա հրամանատարներ կարգեց Մխիթար բեկին` որպես ընդհանուր սպարապետի, մելիք Փարսադանին, Թորոսին, տեր Ավետիսին, այլոց…

Ամրանալով Շինուհայր ավանում, Դավիթ Բեկը ձեռնարկում է իր պետականաստեղծ գործունեությունը:

Առհասարակ, Դավիթ Բեկը իրականացրեց անցյալում մեր պատմության մեջ նախադեպը չունեցող քաղաքականություն. նա Սյունիքում իրականացրեց զտման քաղաքականություն և քոչվոր ցեղախմբերին արտաքսեց երկրամասից:

Նաև ահաբեկեց ու կալվածքներից զրկեց այն հայ իշխաններին, որոնք իսլամ էին ընդունել կամ չէին աջակցում ազատագրական շարժմանը: Ապա Արցախից օգնության եկած Ավան յուզբաշու (հարյուրապետ) օգնությամբ կտրուկ հարվածներով ջարդեց Կապանի, Նախիջևանի, Օրդուբադի, Բարգուշատի, Ղարաբաղի խաների զինված ուժերը: Դավիթ Բեկը չէր խորշում անգամ հրապարակային մահապատիժներից, և նրա խիստ ու կտրուկ գործունեությունը կարճ ժամանակում տվեց իր արդյունքը:

Փաստորեն, Դավիթ Բեկը կարճ ժամանակում Սյունիքում ստեղծեց անկախ հայկական իշխանապետություն` իր կուռ զինված ուժերով: Նա իր իշխանապետության կենտրոն ընտրեց ամուր Հալիձոր բերդը:

1725 թ. թուրքական զորքերը ներխուժեցին Անդրկովկաս, գրավեցին այն և աքցանի մեջ առան Արցախն ու Սյունիքը: Փաստորեն, ողջ Անդրկովկասում թուրքական մեծաթիվ զորաբանակին լուրջ դիմադրություն ցույց տվեցին միայն հայերը: Ո՛չ պարսկական բանակը, ո՛չ էլ վրացիները ճակատ չկազմեցին թուրքերի դեմ: Պատերազմի սկզբին հաջողությունը Դավիթ Բեկի կողմն էր, նա մի քանի անգամ ջարդեց թուրքական բանակներին: Թուրքերին, սակայն, 1727 թ. ձմռանը հաջողվեց գրավել Մեղրին և ավելի սեղմել օղակը հայկական իշխանության շուրջ: Վճռական եղավ 1727 թ. մարտին Հալիձորի ճակատամարտը: Պաշարված փոքրաթիվ ջոկատով գիշերային անակնկալ հարձակմամբ Դավիթ Բեկն իսկական սպանդ սարքեց թշնամու շարքերում: Հալիձորի կռվից հետո հայկական ուժերը հակահարձակման անցան և դարձյալ մաքրեցին Սյունիքը թուրքերից:

Դավիթ Բեկի հաջողությունները ստիպեցին Պարսկաստանի շահ Թահմազին հաշվի նստել նրա հետ: Պարսից շահը ոչ միայն ճանաչեց Դավիթ Բեկի իշխանությունը, այլև նրան դրամ կտրելու իրավունք տվեց և նշանակեց Անդրկովկասում գործող պարսկական բանակների գերագույն գլխավոր հրամանատար: Սա, փաստորեն, Դավիթ Բեկի իշխանապետության իրավական ճանաչումն էր: Ավելին, շահ Թահմազն իր հրովարտակում նշում է, որ Դավթին են պատկանում այն հողերը, որոնք նա վերցրել է իր սրով: Այսինքն` Դավիթ Բեկին նա իրավունք է շնորհում զենքի ուժով ընդլայնելու իր տիրույթներն Անդրկովկասում: Սա ինչ խոսք, հայոց պատմության մեջ աննախադեպ պայմանագիր էր, որ Դավիթ Բեկը ձեռք բերեց սրով:

1828 թ. թուրքական զորքը վերախմբավորելով իր ուժերը` կրկին հարձակվեց Սյունիքի վրա: 1828 թ. գարնանը Սյունյաց արծիվն անսպասելի մահացավ: Ժամանակագիրները չեն նշում նրա մահվան պատճառը: Համենայն դեպս, Դավիթ Բեկը չի զոհվել ճակատամարտում, ինչպես նաև չի վիրավորվել որևիցե կռվում: Ուղղակի հանկարծամահ է եղել: Ի՞նչ էր սա, դժբախտությո՞ւն, անսպասելի մա՞հ: Միգուցե թունավորո՞ւմ: Պատմությունն այդ մասին լռում է:

Դավիթ Բեկի սկսած շարժումը նրա մահից հետո գլխավորեց Մխիթար բեկը, իսկ նրա դավադրական սպանությունից հետո` Աբրահամ սպարապետը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: