Հայերեն   English   Русский  

​Որոնք են ՄԱԿ-ի աշխատանքի հիմնական ուղղությունները 2019 թվականին


  
դիտումներ: 267

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է, որ 2019 թվականին կազմակերպության աշխատանքի հիմնական ուղղությունները կլինեն կլիմայական փոփոխությունները, Եմենի, Լիբիայի, Սիրիայի և Աֆղանստանի ճգնաժամերը:

«Որպեսզի բավարարենք այն մարդկանց պահանջներն ու սպասումները, որոնց մենք ծառայում ենք, մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը, առաջին հերթին՝ դիվանագիտական աշխատանքը: Մենք կշարունակենք ամրապնդել գործընկերությունը Աֆրիկյան միության հետ, որպեսզի համախմբենք այդ մայրցամաքում խաղաղության հասնելու ջանքերը, որպեսզի Մալիում, Սախելում, Հարավային Սուդանում, Սոմալիում, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ճգնաժամերի երկարաժամկետ լուծումներ գտնենք»,- նշել է գլխավոր քարտուղարը Ընդհանուր վեհաժողովին հղած ուղերձում:

Նա հատուկ ուշադրություն է դարձրել Եմենին, Սիրիային և Լիբիային: «Անցած ամսին Եմենի շուրջ ձեռք բերված ստոկհոլմյան համաձայնագիրն օգնեց խուսափելու Հոդեյդայում աղետալի զինված բախումից, ինչը զգալիորեն կմեծացներ սովի վտանգը,- նշել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը:- Սակայն դեռ շատ բան պետք է արվի՝ ապահովելու հակամարտողների պարտավորությունների կատարումը և քաղաքական գործընթացի կազմակերպումը, որը կհանգեցնի խաղաղության»:

Լիբիայում, Գուտերիշի խոսքով, հաջողվում է պահպանել ՄԱԿ-ի կողմից ապահովվող հրադադարը: «Այժմ եկել է ժամանակը օգնելու լիբիացիներին, որպեսզի միավորվեն և պայմաններ ստեղծեն ազգային խորհրդաժողովի գումարման համար, որը կշարունակի միավորման և ընտրությունների անցկացման գործընթացը»,- կարծում է նա:

Անդրադառնալով Սիրիային՝ գլխավոր քարտուղարը խոստացել է, որ իր նոր հատուկ դեսպանորդ Գեյր Պեդերսենը կշարունակի Սիրիայում քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերը: «Սիրիայում դեռևս հեռու է պատերազմի ավարտը,- արձանագրել Է Գուտերիշը:-Միլիոնավոր քաղաքացիներ մնում են որպես ժամանակավոր վերաբնակներ կամ ապրում են նոր հումանիտար աղետի մշտական վախով: Իմ նոր հատուկ դեսպանորդը կձգտի քաղաքական կարգավորման հասնել Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի և Ժնևի կոմյունիկեի համաձայն, այնպիսի կարգավորման, որը հաշվի կառնի բոլոր սիրիացիների ձայները»:

ՄԱԿ-ի ղեկավարը նաև հիշեցրել է, որ կլիմայական փոփոխությունների հիմնախնդիրը մնում է կազմակերպության ուշադրության կիզակետում:

«Ընթացիկ տարվա սեպտեմբերի 23-ին ես գագաթնաժողով եմ գումարելու Նյու Յորքում, որպեսզի համախմբեմ քաղաքական, բիզնես և քաղաքացիական հասարակության առաջնորդներին»,- հայտնել է նա:

Մյուս «սառեցված և չլուծված մարտահրավերների» շարքում նա նշել է իրավիճակը Ուկրաինայում, Կովկասում, Մյանմարում և պաղեստինա-իսրայելական հակամարտությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: