Հայերեն   English   Русский  

​Ճանապարհային «կանաչ» նշաններ՝ Երևանում


  
դիտումներ: 275

Մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման նպատակով Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել խորհրդանշական նախաձեռնությամբ:

Բուզանդի փողոցի՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց հատվածի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներից հետո երթևեկելի մասին և ավտոկայանտեղիին անմիջապես հարող ծառերը չվնասելու համար տեղադրվել են հատուկ «կանաչ» նշաններ:

«Այդ հատվածում մենք ունեինք խնդիր և պետք է գտնվեր այնպիսի լուծում, որ փողոցի երթևեկելի գոտում գտնվող կենսունակ այդ ծառերն իրենց բնապաժակներով պահպանվեին: Տեղափոխել դրանք հնարավոր չէր, քանի որ 15-20 տարեկան էին»,- նշում է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:

Զիջելու նշան՝ մեջտեղում սրտաձև ծառի պատկեր: Ճանապարհային ոստիկանության հետ քննարկումներից հետո ընտրված այս նշանը քաղաքացիներին զգուշացնում և հորդորում է՝ պահպանել բնությունն ու խնամքով վերաբերվել:

Նման ևս մեկ նշան է տեղադրվել Բրազիլիայի հրապարակի հարևանությամբ գտնվող ծառին: Երեկոյան ժամերին անվտանգ երթևեկ ապահովելու համար փակցված նշանները լուսաանդրադարձիչ են: Անհրաժեշտությունից ելնելով՝ առաջիկայում «կանաչ» նշաններ կտեղադրվեն նաև մայրաքաղաքի այլ հատվածներում:

«Յուրաքանչյուր ծառ մեր քաղաքի համար կարևոր է: Այս առումով՝ ծառերի և կանաչ տարածքների խնամքի համար միջոցներ չենք խնայելու: Քաղաքային նոր ձևավորվող մշակույթի նպատակը ծառերի և, առհասարակ, բնության նկատմամբ հոգատարության բարձրացումն է: Դրանք ընդգծում են նաև քաղաքային իշխանության մոտեցումները»,- ասում է Խաչիկ Հակոբյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: