Հայերեն   English   Русский  

​Թատրոնը՝ պետության փոքրիկ մոդել...


  
դիտումներ: 3121

«Թատերական ժամանակներ և ժամանակակից թատրոն» խորագրի ներքո «Անկախը» շարունակում է ներկայացնել Երևանում գործող թատրոնները:

Այս անգամ հյուրընկալվել ենք ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ, Պետական կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սամսոն Ստեփանյանին:

-Պարոն Ստեփանյան, ի՞նչ բնորոշ առանձնահատկություններ ունի Պետական կամերային երաժշտական թատրոնը:

-Մեր թատրոնը հիմնականում երիտասարդական է: Խաղացանկում գերակշռում են մանկական ներկայացումները: Բայց թատրոնը պիտի փոխի իր ուղղվածությունը, և ոչ թե նրա համար, որ մանկական ներկայացումները վատն են կամ լավը, ո´չ, պարզապես դերասանը պիտի աճ ունենա և տարբեր ժանրերում ներկայանալու հնարավորություն: Թատրոնի գլխավոր ռեժիսորն եմ 2018-ից, և հիմնական մտածմունքս է հնարավորինս լավ վիճակում պահպանել հին խաղացանկն ու ստեղծել նոր, որակյալ ներկայացումներ:

-Հասկանալի է, որ այս պահին թատրոնի ներսում շատ խնդիրներ կան: Ինչպե՞ս կարելի է հասնել հաջողությունների:

-Ընդհանրապես թատրոն հասկացությունը Հայաստանում չի կարող խնդիրներ չունենալ: Որպեսզի շատ չծավալվենք, կասեմ մի բան՝ հզոր թատրոն ունենում են հզոր պետությունները: Թատրոնը պետության փոքրիկ մոդելն է: Հենց այս դժվարին պայմաններում էլ պիտի այնպես անել, որ գոնե թատրոնի ներսում տիրապետող լինի ստեղծագործական հաճելի մթնոլորտը: Այս պահին ձեռքբերում եմ համարում թատրոնի խաղաղ ու ռիթմիկ աշխատանքային առօրյան: Դերասանները պիտի բավականություն ստանան իրենց ստեղծածից, իսկ հանդիսատեսը՝ տեսածից:

-Կամերային երաժշտականը թատրոնը 31 տարեկան է: Մի քիչ դժվար չէ՞ «տարիքավոր» թատրոնների կողքին:

-Ամենևին: Մեզ մոտ դեռ չի կարող խոսք գնալ մրցակցության մասին, որովհետև Հայաստանում թատրոնը գտնվում է շատ ցածր մակարդակի վրա: Ուրիշ բան, եթե լինեին 21-րդ դարի մտածողությանը համապատասխան թատրոններ՝ իրենց ստեղծագործական կարողություններով ու տեխնիկական հագեցվածությամբ: Բայց քանի դեռ թատրոնը, ընդհանրապես մշակույթը պետության բյուջեի առումով մնացորդային երևույթ է, մենք հաջողությունների չենք հասնի: Համոզվածչեմ, որ իշխանավորներից որևէ մեկը հասկանում է՝ թատրոնն ինչ է: Դրա համար էլ մեր վիճակն այսպիսին է: Այն պատասխանատուները, որոնք պիտի մշակույթով զբաղվեն, միանգամայն այլ ոլորտից են գալիս և սկսում են քանդել՝ փոխարենը ոչ մի նոր բան չկառուցելով: Իմ ցանկությունն է, որ թատրոնների վիճակը բարելավվի, որ բոլորը գոհ լինեն իրենց վիճակից: Այդ դեպքում միայն ես կշահեմ, կշահի մեր թատրոնը: Բոլոր թատրոնների ղեկավարները պիտի այսպես մտածեն:

-Պարոն Ստեփանյան, դերասանների մեծամասամբ երիտասարդ լինելն արդյոք հանգեցնու՞մ է աշխատանքային յուրահատկությունների:

-Բոլոր տարիքի դերասանների հետ էլ հեշտ է աշխատել: Ամեն ինչ կախված է նրանից՝ ինչ ես տալիս դերասանին, ինչ նորություններ ես բերում որպես ռեժիսոր, արդյոք նա ուզու՞մ է աշխատել քեզ հետ: Այսօր դերասանին հետաքրքրելը շատ բարդ է, հատկապես՝ թատրոնում: Նա ժամանակ չունի կենտրոնանալու թատրոնի վրա, որովհետև ստանում է շատ չնչին աշխատավարձ, և ստիպված է իր մտածողության, էներգիայի մեծ մասը վատնել թատրոնից դուրս: Իսկ եթե դերասանը կենտրոնացած չէ իր աշխատանքի վրա, չի կարող արդյունք տալ: Դերասանությունը պահանջում է աներևակայելի լարում, կենտրոնացվածություն, զարգացվածություն, համապատասխան մարմին, ձայն և այլն: Թատրոնը լուրջ ասպարեզ է, և դերասան լինելն այնքան էլ հեշտ չէ, ինչպես շատերն են կարծում: Ճիշտ է՝ ժամանակը նսեմացրել է մեր մասնագիտությունը՝ հասցնելով կենցաղային մակարդակի, բայց դերասանը ազնվագույն մասնագիտություն է, իսկ թատրոնն՝ ազնվագույն արվեստ, ինչի մասին շատ քչերը գիտեն: Այսօր բազում շնորհալի երիտասարդներ կան, որոնք շատ առողջ են մտածում: Համոզված եմ՝ կկարողանանք իրար հասկանալ և լավ գործեր ստեղծել:

-Թատրոնն ունի՞ հանդիսատեսի խնդիր: Եվ որքանո՞վ եք կարևորում սոցհարթակաների դերն այդ առումով:

-Այսօր բոլոր թատրոններն ունեն հանդիսատեսի խնդիր, որովհետև նախ Երևանի բնակչությունն է փոքրաքանակ, և երկրորդ՝ ժողովրդի տնտեսական ու սոցիալական վատ վիճակը թույլ չի տալիս ընտանեկան բյուջեի ինչ-որ մի մաս հատկացնել պարբերաբար թատրոն հաճախելուն: Ամիսը մեկ անգամ թատրոն գնալը շատ քիչ է. դա պիտի դառնա մեր ապրելակերպի մի մասը, ինչպես այն երկրներում, որտեղ հասարակության համար նորմալ է, ասենք, շաբաթը մեկ թատրոն հաճախելը: Իսկ մենք, որ գտնվում ենք աննորմալ վիճակի մեջ, փորձում ենք դա դարձնել նորմալ: Բայց այդպես չի լինում: Պիտի այլևս չհարմարվենք ու պայքարենք, որ դուրս գանք ներկայիս վիճակից:

Ինչ վերաբերում է հանդիսատեսին տարբեր ակցիաներով թատրոն բերելուն, միշտ ասել եմ՝ կլինի լավ ներկայացում, կլինի հանդիսատես: Իհարկե, գովազդը, հատկապես նոր ներկայացման դեպքում, անհրաժեշտ է տեղեկությունը հաղորդելու առումով թեկուզ, բայց 21-րդ դարի տեղեկատվական հոսքի առատության մեջ ամենակարևորը մատուցման ճիշտ ձևը գտնելն է, որ մարդիկ անմիջապես նկատեն քեզ: Փաստ է, որ այսօր համացանցը տեղեկատվության հաղորդման առաջատար հարթակ է, որովհետև հենց հասարակությունն է ակտիվորեն օգտվում դրանից: Բայց այդ նույն համացանցի տված տեղեկատվության գերակշիռ մասն աղբ է: Բարեբախտաբար, մեր թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը բավական լուրջ ու արդյունավետ աշխատանք է տանում այդ առումով: Նա ավելի ժամանակակից է մտածում, և մենք կարողանում ենք արդյունավետ համագործակցել՝ ի շահ թատրոնի:

-Պարոն Ստեփանյան, ասացիք, որ թատրոնում գերակշռում են մանկական ներկայացումները: Ի՞նչ վերաբերմունք ունեք Ձեր փոքրիկ հանդիսատեսի հանդեպ:

-Ես շատ գոհ եմ նրանցից: Բայց կարևորը ներկայացման ընթացքում և դրանից հետո երեխաների ուրախ աչուկներն ու գոհունակ ժպիտները տեսնելն է: Մանկական ներկայացման ամենամեծ հաղթանակը փոքրիկին թեմայի մեջ ներգրավելն ու հետաքրքրելն է: Իսկ դրա համար պիտի ստեղծել բեմական հեքիաթային մթնոլորտ, որը կարող ես ստանալ երևակայության և զարգացած տեխնիկական մեխանիզմների միաձուլմամբ: Վերջինի առումով, սակայն, շատ ենք կաղում: Ահռելի գումարներ են հարկավոր լուսաձայնային լավ ձևավորումներ ունենալու, թատրոնը ժամանակակից տեխնիկական հնարավորություններով զինելու համար:

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

-Մի կողմից լավ է, որ մեր թատրոնը չունի կոնկրետ ուղղվածություն, դա ազատում է կաղապարված գործելուց: Նպատակս է, որ թատրոնը բազմաժանր լինի, ունենանք շատ հրավիրյալ ռեժիսորներ, որ դերասաններին էլ հնարավորություն ընձեռվի աշխատել տարբեր մտածողությամբ ստեղծագործողների հետ, որը կարևոր է և´թատրոնի, և´ դերասանի զարգացման համար:

2019-ին նոր մանկական ներկայացումներ չեն լինի: Եղածները բավական լավ են գործում: Պարզապես կա դեկորների, հագուստի և այլ պարագաների մաշվածություն, որը պիտի վերականգնվի: Այս աշխատանքները տանելուն զուգահեռ շեշտը կդրվի արդեն մեծահասակների ներկայացումների վրա:

Ինքս սկսել եմ փորձերը Ժան Ժաք Անոյի «Նվագախումբ» պիեսի վրա: Ուզում եմ գործող անձանց հասցնել այն վիճակին, երբ մարդը, արվեստագետը սեղմվում է «հատակին» և էլ տեղ չի ունենում բարձրանալու: Դրան կգումարվեն մարդկային փոխհարաբերությունները, երբ յուրաքանչյուրն ունի իր խնդիրը և միաժամանակ անհարթ են հարաբերությունները նվագախմբի ներսում: Ու թեև բոլորը միասին նվագում են մի երաժշտություն, բայց ունեն տարբեր բնավորություններ և տարբեր կոնֆլիկտներ:

-Թատրոնը կունենա՞այսօրվա իրականությունն արտացոլող ներկայացումներ:

-Սերիալներն էլ բավական են կենցաղն արտացոլելու համար, որը չի կարող մուտք գործել թատրոն. այստեղ ուրիշ կանոններ կան, ուրիշ օրենքներ: Իմ խորին համոզմամբ թատրոնը իրականության հետ կապ չունի, և ընդհանրապես արվեստն իրականության արտացոլումը չէ: Արվեստն իրականություն ստեղծում է, ոչ թե արտացոլում: Եթե ուշադրություն դարձնեք, բոլոր բնագավառների ամենատարբեր նորամուծություններն արվեստից են մտնում կյանք:

-Իվերջո, Կամերային երաժշտական թատրոնը համապատասխանու՞մ է իր անվանմանը:

-Կամերային նշանակում է փոքրիկ: Ամենասկզբում թատրոնի հիմնադիրները նպատակ են ունեցել ստեղծել փոքրիկ երաժշտական թատրոն, որտեղ կլինեն օպերետներ, մյուզիքլներ, կենդանի երաժշտություն, կենդանի կատարում: Միայն այդ դեպքում թատրոնը կհամապատասխաներ իր անվանմանը՝ կամերային երաժշտական: Բայց, ավաղ, մենք հիմա մյուս թատրոններից տարբերվում ենք ուղղակի նրանով, որ մեզ մոտ կան շատ մանկական ներկայացումներ:

-Պարոն Ստեփանյան, Դուք պատմեցիք Ձեր ծրագրերից: Հետաքրքիր է՝ ի՞նչ սկզբունքներ եք կիրառում թատրոնում առավել առողջ մթնոլորտ ապահովելու համար:

-Ես սիրում եմ թատրոնը, թատրոնի մարդկանց: Սա իմ մասնագիտությունն է: Եվ ես միայն խաղաղ պայմաններում եմ պատրաստվում աշխատել: Վարչական մասով էլ ասեմ՝ թեև կան որոշ կանոններ, որ պիտի պահվեն, բայց և կան բազում չգրված օրենքներ, որոնց օգնությամբ հենց գործում է թատրոնը: Ամենակարևորը տարբեր մտածելակերպ և տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց թատրոն գաղափարի շուրջ կենտրոնացնելն է, իվերջո, նրանց թատրոն վերադարձնելը, որովհետև մարդկանց մեծամասնությունը միայն ֆիզիկապես են թատրոնում: Պիտի հասնել նրան, որ դերասանը մտնի թատրոն ևանջատվի արտաքին աշխարհից՝ գիտակցելով, որ հիմա լրիվ ուրիշ մթնոլորտում է, որտեղ ինչ-որ բան ստեղծվում է ժամանակից և իրականությունից դուրս: Սրան հասնելն ամենաբարդն է:

- Ի՞նչ կմաղթեք ընթերցողին:

-Հիմա ողջ աշխարհը մարդկային ջերմ վերաբերմունքի կարիք ունի, որը բացակայում է: Այն, ինչ կա, թվացյալ է: Ամեն մեկս մեր կողմից պիտի ջանանք ստեղծել այն նոր իրականությունը, որի մեջ մարդիկ իրենց ավելի ներդաշնակ կզգան, ավելի անմիջական և ամենակարևորը՝ ոչ ագրեսիվ: Եվ թող աշխարհում խաղաղություն լինի, մնացածն արդեն ածանցվում են դրանից:

Արփի Խաչատրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: