Հայերեն   English   Русский  

«Ների՛ր մեզ, Հրա՛նտ, որ անկախ Հայաստան ունեցանք, բայց քեզ համար այն փրկության հայրենիք չդարձավ». Ա. Հարությունյան


  
դիտումներ: 321

Արցախի առաջատար՝ «Ազատ հայրենիք կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կապված Հրանտ Դինքի սպանության հետ

Գրառումը ստորև ՝

«Տասներկու տարի առաջ այս օրը՝ հունվարի 19-ին, թուրք ազգայնականների կողմից սպանվեց հայ անվանի մտավորական Հրանտ Դինքը: Բացառիկ անհատի, համարձակ քաղաքացու կերպարին և նրա թողած գրավոր մեծ ժառանգությանը հայ և օտարազգի շատ նշանավոր մարդիկ են անդրադարձել: Բայց կա մի հարց, որի մասին սույն գրառմամբ գուցե առաջին անգամ կբարձրաձայնեմ ես:

Օրեր առաջ վերընթերցում էի նրա գրած վերջին՝ «Հոգեվիճակս վախվորած աղավնու է նման» հոդվածը, որը հրապարակվել էր «Ակոս» շաբաթաթերթում 2007 թվականի հունվարի 10-ին՝ Հրանտ Դինքի ողբերգական մահից ինը օր առաջ: Հեղինակը, խոսելով Թուրքիայում իր կյանքին սպառնացող վտանգի մասին, մտորում էր իր փրկության շուրջ ու գերադասում Հայաստան չգալ… «…Բայց ո՞ւր գնալ: Հայաստա՞ն: Ինչպես կարող էր ինձ նման մեկը, որն ընդվզում է անօրինականությունների դեմ, հանդուրժել այնտեղ կատարվող անօրինականությունները: Գուցե այնտեղ ինձ ավելի մեծ փորձություններ էին սպասո՞ւմ»,- գրում է հոդվածում…

Այս տողերը կարդալիս հազիվ թե մի հայ գտնվի, որ ցավ չապրի: Արդյո՞ք դա էր մեր երազած Հայաստանը, այդպիսի՞ հայրենիք էինք ուզում կառուցել, որի համար պայքարի էինք ելել ազգովի… Կարծում եմ՝ կհամաձայնվեք ինձ հետ, որ ո՛չ, հաստատապես ո՛չ: Ների՛ր մեզ Հրանտ, որովհետև անկախ Հայաստան ունեցանք, բայց, ցավոք, քեզ համար այն փրկության Հայրենիք չդարձավ…

Ասում են՝ Աստված և՛ փորձությունների է ենթարկում, և՛ հնարավորություններ ընձեռում:

Մեր ինքնիշխանությունը, Հայաստան-Արցախ-Սփյուռք վերականգնված եռամիասնությունը, Արցախյան ազատամարտում կերտած փառավոր հաղթանակը, մեր ազգային ձգտումները և լավ ապագայի հանդեպ ունեցած մեծ սպասելիքները, կարծում եմ, հենց այդ ընձեռնված հնարավորություններն են, որոնք պետք է ճիշտ օգտագործել և արդարացնել դրանց համար կրած զրկանքները: Այլապես ո՛չ Աստված, ո՛չ մեր սերունդները չեն ներելու մեզ…»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: