Հայերեն   English   Русский  

Կատյա Գալստյան. «Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան բոլոր հնարավոր միջոցներով աջակցում է մարզիկներին»


  
դիտումներ: 1686

Հունվարի սկզբին կայացած Հայաստանի դահուկավազքի առաջնությունում հաղթանակած ելույթից անմիջապես հետո դահուկավազորդ Կատյա Գալստյանը Լիբանանում մասնակցեց տարվա առաջին միջազգային մեկնարկներին:

Ուրախալի է, որ հայ մարզուհին հաջող հանդես եկավ` դառնալով զարգացող պետությունների գավաթի խաղարկության ազատ ոճի մրցատարածությունների (5 կմ) կրկնակի հաղթող` բարելավելով իր անհատական վարկանիշը:
Անկախի հետ զրույցում դահուկավազորդ Կատյա Գալստյանը կիսվում է տպավորություններով , խոսում մարզաձևի ընտրության և առաջիկա ծրագրերի մասին:

-Շնորհավորում ենք Ձեզ տարվա առաջին մեկնարկներում հաջող հանդես գալու և հաղթելու կապակցությամբ:

-Շնորհակալ եմ: Հայաստանի առաջնությանը բավական լավ էի նախապատրաստվել: Լիբանան մեկնելուց առաջ 3 օր անըդնմեջ մրցումների մասնակցեցի Հայաստանում: Կարևոր է, որ տարվա սկզբին 3 մեկնարկ ունեցա: Մարզումային գործընթացը կարևոր է, բայց առավել շատ փորձ ու վստահություն են հաղորդում մրցումները: Բարձր տրամադրությամբ մեկնեցի մրցավայր` կրկին հաջող ելույթ ունենալու համար:
Նշեմ, որ մրցման ասպարեզում միայն մարզիկներն էին, մարզիչները ու մրցավարները: Մեր տեղական մրցումներն ավելի հետաքրքիր ու դիտարժան են անցնում, քանի որ մարզաձևի երկրպագուները գալիս են հետեևելու, ինչը լրացուցիչ խթան է հաղորդում:

-Մարզիկի համար որքանո՞վ է կարևոր մրցաշրջանը սկսել հաղթանակներով և ձեռքբերումներով:

- Սա ամենալավ արդյունքն էր իմ կարիերայում, սակայն ազնվորեն խոստովանեմ, որ ես ունեմ տեխնիկայի հետ կապված խնդիրներ, որոնք պետք է հաղթահարեմ` ավելի բարձր արդյունքներ գրանցելու համար:
Իհարկե, այս ամենը ոգևորում է` ավելի շատ աշխատելու, քրտնաջան մարզվելու: Միայն այդ դեպքում մարզիկը կարող է հաջողության հասնել: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան ամեն կերպ, բոլոր հնարավոր միջոցներով աջակցում է մարզիկներին. մենք ապահովված ենք գույքով, մարզահագուստով, մասնակցում ենք ուսումնամարզական հավաքների: Մենք էլ մեր հերթին մարզվում ենք հաջող և պատվաբեր ելույթներ ունենալու համար:

-Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել դահուկասպորտով. մարզաձևի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

Կատյա Գալստյան

- Ես Շիրակի մարզի Հարթաշեն գյուղից եմ: Մեր համագյուղացին է եղել ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Լյուդվիգ Մնացականյանը, ով դահուկավազքի ստեղծման ու մասսայականացման գործում մեծ ներդրում ունի: Տարիներ առաջ, երբ նրա սաները եկել էին գյուղ` իրենց մարզչին տեսության, ինձ առաջարկեցին տեղափոխվել Գյումրի: Այդպես ես շարունակեցի մարզումներս նախ Գյումրիում, ապա` Աշոցքում: Երբ փոխեցի բնակությանս վայրը, ես հասկացա, որ պարտավոր եմ անմնացորդ նվիրվել այս գործին:

Այժմ ես մարզվում եմ փորձառու ու վաստակաշատ մասնագետներ Արթուր և Ալլա Միքայելյանների գլխավորությամբ: Մարզիչները հավասարպես ուշադրություն են դարձնում բոլոր սաներին` յուրքանչյուրի հետ անհատական աշխատելով, ոչ ոքին չանտեսելով: Մարզիչներին լսելով, նրանց խորհուրդներին հետևելով միայն հնարավոր կլինի հաջողության հասնել: Մարզիկը հաջողություններից չպետք է մեծամտնանա, այլ պետք է շարունակի խոնարհ աշխատել: Միևնույն ժամանակ, մարզիկը պետք է կարողանա հրաժարվել առօրյա կյանքի հաճույքներից, ուրախ առիթներից, եթե ցանկանում է արդյունքի հասնել: Ես երբեք չեմ ափսոսում ընտրած ճանապարհի համար, սիրում եմ դահուկասպորտը և գործը, որով զբաղվում եմ: Ունեմ ցանկություն` կանգ չառնելու, շարունակ կատարելագործվելու և աշխարհի լավագույն մարզիկների հետ մրցելու:

-Առաջիկայում ի՞նչ մեկնարկների եք մասնակցելու:

-Այժմ շարունակում եմ մարզումներս: Փետրվարի սկզբին միջազգային մրցաշար է անցկացվելու Աշոցքում: Ուրախալի է, որ տուրիստների հոսքն է մեծացել: Արտերկրից բազմաթիվ երկրպագուներ են գալիս Աշոցք` դահուկների վրա կանգնելու, սահելու և այդ հաճույքը զգալու: Գրեթե ամեն օր մարզումների ժամանակ հանդիպում եմ զբոսաշրջիկների:

Նշեմ նաև, որ հունվարի 26-27-ն Աշոցքում կանցկացվի դահուկային սպորտի փառատոն, որի շրջանակում կբացվի նորակառույց դահուկային կենտրոն, տեղի կունենա նաև դահուկավազքի սիրողական մրցաշար, որը կազմակերպել են Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: