Հայերեն   English   Русский  

Հայկական զորախումբ՝ Սիրիայում. Փաշինյանի արկածախնդրությունը՝ օրենքի խախտումով. Արմեն Աշոտյան


  
դիտումներ: 164

Դեռևս օգոստոսի 17-ին իր կառավարման 100 օրն ամփոփելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հայ-ռուսական «աննախադեպ հումանիտար» ձեռնարկի մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Շաբաթներ անց պարզ դարձավ, որ խոսքը Սիրիա հայկական զորախումբ գործուղելու մասին է:

Տվյալ նախաձեռնությունը մի պահ քննարկման առարկա դարձավ փորձագիտական շրջանակներում, իսկ քաղաքական հարթության մեջ, անհամեստ չհնչի, այս խնդիրը Ազգային ժողովում բարձրաձայնվել է հիմնականում իմ կողմից Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանների միջոցով:

Երկար ժամանակ է, ինչ հարցին հանրային և քաղաքական անդրադարձ չկա, թեպետ այն և´ ընթացքի մեջ է, և´ լուրջ քաղաքական և իրավական խնդիրներ է բարձրացնում:

Ո՞ւմ է պետք այս նախաձեռնությունը

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում խուսափեց իմ հարցին ուղիղ պատասխան տալուց, թե սա ում նախաձեռնությունն է, Հայաստանի՞, թե Ռուսաստանի: Նման հարց քննարկվում էր նաև մեր իշխանության օրոք, և մեր ռուս գործընկերները ըմբռնումով և հարգանքով են վերաբերվել մեր այն մոտեցմանը, որ, հաշվի առնելով Մերձավոր Արևելքում հայկական գաղթօջախների անվտանգության խնդիրները, ճիշտ կլինի նման ծրագիր իրականացնել ՀԱՊԿ-ի մանդատի ներքո՝ անդամ երկրների մասնակցությամբ:

Վարչապետն ու ԱԳ նախարարությունը պնդում էին, որ հայկական զինված ուժերի՝ Սիրիա գործուղման հարցը բարձրացրել են Սիրիայի իշխանությունները և սիրիահայ համայնքը: Այդ պնդումները մինչ այսօր օդից կախված են, քանզի ամիսներ շարունակ որևէ նամակ, փաստաթուղթ չի հրապարակվել նման կոչով: Հակառակը՝ իմ ունեցած տեղեկություններով՝ հալեպահայ համայնքը բավականին հոռետեսական է տրամադրված այս հարցում՝ շատ լավ հասկանալով ծագող բոլոր խնդիրները, այդ թվում՝ համայնքի անվտանգությանը վերաբերող:

Առավել քան համոզված եմ, որ նախաձեռնության թարմացումը արվել է Նիկոլ Փաշինյանի կողմից՝ մտքում ունենալու Մոսկվայի բարեհաճ վերաբերմունքին արժանանալու պրիմիտիվ հաշվարկը:

Զորախո՞ւմբ, թե առաքելություն

Այս հարցի շուրջ կա նաև տերմինաբանական վեճ: Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն խուսափում է զորախումբ, զինված ուժեր եզրույթների օգտագործումից՝ գործածելով առաքելություն բառը: Այսպես Փաշինյանը պատասխանեց անցյալ տարի հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում իմ հարցին՝ «Սիրիայում զորախումբ չի տեղակայվում, տեղակայվում է հումանիտար ականազերծման և բժշկական առաքելություն:

Իրեն բնորոշ բառախաղով վարչապետը հերթական մոլորության թակարդն է լարում մեր հասարակության համար, քանի որ անկախ այն հանգամանքից, որ հայտարարվել է հիմնականում ականազերծավորների, բժիշկների և վարորդների մասին, եթե նրանք ներկայացնում են Հայաստանի զինված ուժերը, ապա բոլոր դեպքերում զինվորական և իրավական տեսակետից զինվորականներ են: Հավելենք նաև, որ ենթադրաբար զորախմբի կազմում լինելու են նաև մարտական առաքելությամբ զինվորներ և սպաներ՝ զորախմբի անվտանգությունն ապահովելու համար:

Ինչո՞ւ են անարգում օրենքը

Անկախ նրանից, թե գործուղվող մարդիկ ինչ մասնագիտություն ունեն՝ բժիշկ, սակրավոր, վարորդ են, եթե նրանք զինված ուժերի ծառայողներ են, ապա ենթարկվում են ԶՈւ-ի մասին ՀՀ օրենքին, ըստ որի՝ նրանք կարող են ծառայել Հայաստանից դուրս բացառապես միջազգային պայմանագրերի հիման վրա: Սա շատ կարևոր նրբություն է:

Գործող իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի ոտնահարեն «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մասին» օրենքը, որի համաձայն՝ Հայաստանի տարածքից դուրս խաղաղապահ կամ ռազմական գործողություններին մեր զինված ուժերը կարող են մասնակցել միայն միջազգային պայմանագրով (4-րդ հոդված, 5-րդ մաս): Նման միջազգային պայմանագիր չի նախապատրաստվում, և Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է այս հարցը լուծել առանց նոր փաստաթղթի: Սա ոչ միայն իրավական հրամայական է, այլև Սիրիա գործուղվող մեր զինվորների համար երաշխիքների և պահպանության ամրագրման կարևորագույն գործիք:

Կարելի է կռահել, որ առանց պայմանագրի, սուսուփուս Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու նախաձեռնությունը մի կողմից նպատակ ունի քողարկելու իրականում հենց զորախումբ ուժեր ուղարկելու փաստը, մյուս կողմից՝ հնարավորինս աննկատ անելու դա՝ չհրահրելով Արևմուտքի հավելյալ ուշադրությունն ու քննադատությունը:

Ամփոփելով՝ փաստենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է խարսխված լինի բացառապես երկրի շահերի վրա և չծառայի մի հոգու անձնական իշխանությունը սպասարկելուն՝ ի հաշիվ մեր պետության, մեր քաղաքացիների և մեր զինվորների:

Հ.Գ. Թե մինչ այսօր ինչ խաղաղապահ առաքելությունների է մասնակցել Հայաստանը, կարող ենք ծանոթանալ mil.am կայքից: Շեշտեմ, որ բոլոր դեպքերում նրանք կազմակերպվել են գործող օրենսդրությանը համապատասխան»,-գրել է Արմեն Աշոտյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: