Հայերեն   English   Русский  

​Իրաքցի գիտնականն օգնել է ԻՊ-ին քիմիական զենք ստեղծելու գործում


The Washington Post-ը տեղեկացնում է, որ Սուլեյման ալ-Աֆարին համաձայնել է աշխատել ահաբեկիչների համար, երբ գրոհայինները 2014 թ. գրավել են նրա Մոսուլ քաղաքը


  
դիտումներ: 106

Իրաքցի գիտնական Սուլեյման ալ-Աֆարին, որ աշխատել է հանրապետության արդյունաբերության և հանքային պաշարների նախարարությունում, օգնել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկիչների խմբավորմանը ստեղծելու քիմիական զենք, երբ գրոհայինները 2014 թ. գրավել են նրա հարազատ Մոսուլ քաղաքը:

Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Washington Post թերթին, որը հարցազրույց է վարել իրաքյան Քրդստանի բանտում գտնվող 52-ամյա երկրաբանի հետ:

Նա պատմել է, որ գրոհայինները առաջարկել են իրեն «օգնել ստեղծելու քիմիական զենք»: Գիտնականը խոստովանել է, որ քիչ բան է իմացել այդ մասին, այդուհանդերձ համաձայնել է աշխատել ահաբեկիչների համար և 15 ամսվա ընթացքում իպրիտի արտադրության հսկողություն է իրականացրել: «Ափսոսում եմ, թե ո՞չ: Չգիտեմ՝ կօգտագործեի՞ արդյոք այդ բառը»,- ասել է ալ-Աֆարին, որը սպասում է մահապատժին:

«Նրանք [ԻՊ] իշխանություն դարձան, և դրանից հետո մենք սկսեցինք աշխատել նրանց համար,- բացատրել է նա:- Մենք ուզում էինք աշխատել, որ մեզ վճարեն: <...> Նրանք ոչ ոքի չեն ստիպել»:

Գիտնականի խոսքով՝ իր թիմում եղել են ուրիշ մասնագետներ, որոնց հետ համալսարանական լաբորատորիաներում քիմիական զենք է մշակել, որը կիրառվում է խաղաղ բնակչության դեմ, ինչպես նաև այն խմբավորումների դեմ, որոնք ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի կողմից կռվում են թե՛ Իրաքում, թե՛ Սիրիայում: Իպրիտը, որ կիրառել են գրոհայինները, ըստ տվյալ թերթի, հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել:

Չնայած Իրաքում ԻՊ-ի քիմիական զենքի արտադրության լաբորատորիաները վերացվել են, The Washington Post թերթը, հղում անելով իրաքյան իշխանություններին, պնդում է, որ որոշ հզորություններ և քիմիական նյութեր գրոհայինները կարող էին տեղափոխել և թաքցնել Սիրիայում: Բացի այդ, նշում է թերթը, գիտնականների հետազոտությունների արդյունքները ահաբեկիչները պահել են հիշողության սարքերով, որոնք վերցրել են իրենց հետ պարտությունից հետո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: