Հայերեն   English   Русский  

Նոր նախագիծ. «Քարսիթը» պարտադիր կլինի մինչեւ 7 տարեկան երեխաների տեղափոխելիս


  
դիտումներ: 203

ՀՀ արդարադատության նախարարությունը e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրել իր ավելի վաղ ընդունված որոշումներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգությանը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունումը պայմանավորված է ճանապարհային երթևեկության գործող կանոնները, ճանապարհային նշանները և ճանապարհային գծանշումներն արդի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, նախատեսվում է շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում երթևեկության առավելությունը տալ խաչմերուկում գտնվող տրանսպորտային միջոցի վարորդին:

Նախագծով կթույլատրվի հետիոտնային անցումներից հետո՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից 15 մետրից մոտ կանգառը, այսինքն՝ կարգելվի միայն մինչև հետիոտնային անցում՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքում կանգառ կատարելը:

Կարգավորման շրջանակում է գտնվում մինչեւ 12 տարեկան երեխաներին տեղափոխելիս մանկական պահող համակարգերի, սարքերի (քարսիթ) օգտագործման կարգը:

Այսօր գործող կարգավորումներով մինչեւ 12 տարեկան երեխաների փոխադրման համար սահմանված են միանման կանոններ, փաստորեն 1 տարեկան եւ 11 տարեկան երեխաների փոխադրման կարգը սահմանված է նույն կանոնով:

Այժմ առաջարկվում է մինչեւ 7 եւ 7-ից մինչեւ 12 տարեկան երեխաների փոխադրման համար, տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված, սահմանվել առանձին պահանջներ:

Մասնավորապես, նշվում է. «Մինչեւ 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթեւ մարդատար ավտոմոբիլում եւ բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված է անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ եւ մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին եւ հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով:

Իսկ 7-ից մինչեւ 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված է անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով, իսկ թեթեւ մարդատար ավտոմոբիլի առջեւի նստատեղում՝ միայն երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: