Հայերեն   English   Русский  

Հայոց բանակը


  
դիտումներ: 1624

Հայ ժողովրդի պատմությունը պայքարի ու պատերազմի պատմություն է:

Անգամ ավանդությունն է փաստում, որ հայն իր գոյության իրավունքը կերտեց հայկյան աղեղից դիպուկ արձակած նետով: Եվ Հայոց ձորի ճակատամարտը, որտեղ Հայկը գետնեց Բելին, համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ նկարագրված հնագույն ճակատամարտն է:

Պատմությունը մեզ շիտակ դաս է տվել. երբ թուլացել է հայկյան աղեղը, երբ թուլացել է հայորդու բազուկը, թշնամու սուրն է կախվել մեր գլխին:

Հայը դեռ հազարամյակներ առաջ ռազմարվեստի մեջ իր նորամուծությունները մտցրեց. առաջին անգամ երկաթի կիրառությունը, երկաթյա զենք ու զրահի առաջին կիրառությունը մեր նախնիներին է պատկանում, առաջին հեծելազորի ստեղծման և ձին որպես ռազմի գործիք կիրառելու պատիվը նույնպես մեր նախնիներինն է:

Շատ տերություններ կորան, փոշիացան պատմության քառուղիներում, բայց հայոց բանակը մեր ազգի գոյության ու կենսունակության գրավականը եղավ:

Որտեղ ասես որ արյուն չի թափել հայ զինվորը: Դեռ հեռավոր մ.թ.ա. 612 թվականին Բաբելոնն ու Մարաստանը իրենց թշնամի Նինվեն կործանելու համար փնտրում էին հայ զինվորի աջակցությունը, և Պարույր Հայկազնը իր հեծյալներին առաջնորդեց Միջագետք` կործանելու Նինվեն` հանուն իր ազգի գոյատևման:

Մ.թ.ա. 331 թվականին եվրոպական մայրցամաքից Ասիան նվաճելու եկած Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհանվաճ անհաղթ բանակներին միակ լուրջ դիմադրությունը հայերը ցույց տվին Գավգամելայի դաշտում, երբ պարսկական բանակի ձախ թևը կազմող հայկական գնդերը կարողացան անսասան մնալ մակեդոնական փաղանգի առջև և դարձյալ երաշխիքը եղան Հայաստանի անկախության: Իսկ երբ մակեդոնական բանակը ցանկացավ արդեն բուն Հայաստանը նվաճել, Սպերի ճակատամարտում հայոց բանակը ջախջախեց մակեդոնացիներին ու սպանեց նրանց զորավար Մենոնին:

Մ.թ.ա. II դարում հզոր Հռոմի հիմքերը ցնցած կարթագենցի Հաննիբալը հայ զինվորի բազկին միայն վստահեց և ապաստան գտավ Հայոց երկրում:

Տիգրան Մեծ արքան հայ հեծելազորի ոտքերի տակ փոշիացրեց ողջ արևելքը: Պարթևստան, Մարաստան, Օսրոյենե, Գամիրք, Ասորիք… Տասնյակի չափ մեծ ու փոքր երկրներ հպատակեցրեց: Բազմիցս ջարդեց հռոմեական լեգեոնները և աստվածացվեց սեփական ժողովրդի կողմից:

62 թվականին հայոց զորքերը կարողացան ջարդել հռոմեական անպարտ բանակը: Հռոմը դեռ երկար պիտի հիշեր այդ նվաստացումը: Ոչ դրանից առաջ, ոչ էլ հետո, ոչ մի բանակի, ոչ մի զորավարի չի հաջողվել այդպես նվաստացնել Հռոմին: Եվ այդ հաղթանակով Տրդատ Ա Արշակունին նվաճեց Հայաստանում թագավորելու իրավունքը:

III դարում Խոսրով Գ Մեծ հայոց արքան հայոց հեծելազորով հրի ու սրի ճարակ դարձրեց Սասանյան դարձած Պարսկաստանը, և պարսից արքան միայն Անանկ Պարթևի դավաճանությամբ կարողացավ կանգնեցնել հայոց հաղթարշավը:

IV դարից Մամիկոնյան պայազատները ղեկավարեցին հայոց զինուժն ու իրենց արյամբ օծեցին հայոց հաղթանակները: Վասակ Մամիկոնյան սպարապետը սասանեց պարսից և բյուզանդական զորությունը, Մուշեղ Մամիկոնյան զորավարը Ձիրավի դաշտում իր քաջությամբ ու մեծահոգությամբ արժանացավ անգամ իր ոսոխի` Շապուհի հիացմունքին, Մանվել Մամիկոնյան սպարապետն օր ծերության մահվան մահճում անիծում է իր բախտը, որ չի նահատակվում ռազմի դաշտում, այլ վախճանվում է անկողնում… Ահա հայ զինվորի, նվիրյալ հրամանատարի կերպարը:

VII դարից հայոց այրուձին կանգնեցրեց իսլամի կանաչ դրոշի շարժը դեպ Եվրոպա: Եվ արաբական հորդաները, չկարողանալով տիրանալ հայոց հողին, դեպի Եվրոպա իրենց ուղին հարթեցին` նվաճելով ողջ Հյուսիսային Աֆրիկան, որտեղից էլ անցնելով Ջիբրալթարը` ոտք դրեցին եվրոպական մայրցամաք:

Եվ IX դարում Բագրատունի ասպետները սուր բարձրացրին իսլամի դեմ ու առաջնորդեցին հային դեպ ազատություն: Բագրատունյաց խոնարհված դրոշը փառքով պսակեցին Զաքարյան հսկաները, որ ազատության հաղթարշավ սկսելով Լոռուց` կարճ ժամանակում թոթափեցին ստրկության շղթաներն ու թագով զարդարեցին իրենց լուսավոր ճակատները:

Անգամ օտար հողում` Կիլիկիո երկրում հայոց զինվորը հայրենիք կերտեց ու պետականություն ստեղծեց:

Եվ որտեղ ասես, որ հայ զինվորը իր կեցվածքով չսրբագրեց մեր պատմությունը:

Բյուզանդիայում դարեդար ամենամարտունակը հենց Արմենիակների բանակաթեմն էր (Հռոմեական կայսրությունում՝ վարչական միավոր): Հարյուրամյակներ շարունակ արմեն և քաջ բառերը հոմանիշներ էին: Եվ հենց հայ զինվորականության միջից ելած հայազն կայսրերը հոգեվարքից հանեցին Բյուզանդիան և հզորություն ու փառք բերին նրան:

Եգիպտոսում անգամ տասնյակհազարավոր հայ զինվորականություն էր հաստատվել, և հայ ժողովրդի ցրված բեկորները Աֆրիկայի կիզիչ արևի տակ հավաքվելով` ապրելու և արարելու իրավունք վաստակեցին` ամբողջ մի դար իրենց ձեռքը վերցնելով Եգիպտոսի կառավարումը: Հեռավոր Բուլղարիայում Սամուել Կոմսաձագի որդիները բուլղար ժողովրդին առաջնորդեցին դեպի ազատություն ու իրենց ճակատները պսակեցին թագով: Հայերը կռվեցին խաչակիր թալանչիների դեմ Գրյունվալդում, կռվեցին հանուն Ռուսաստանի…

Անպարտելի Նապոլեոնի բանակում ամենաանպարտելին հենց մամլուքների հայկական զորաջոկատն էր, որն առաջնորդում էր քաջ Ռոստոմը: Եվ ճակատագրի մեծ հեգնանքով Ժողովուրդների մեծ ճակատամարտում` Աուստերլիցում, Նապոլեոնի բանակը պիտի առաջնորդեր նրա հավատարիմ օգնականն ու փեսան` Նեապոլի թագավոր Հովակիմ Մյուրատը` ծնունդով Արցախից: Նրա դեմ պիտի կանգներ կոմս Վալերյան Մադաթովը` դարձյալ ծնունդով Արցախից: Եվ երկու արցախցիներ պիտի վճռեին աշխարհի ճակատագիրը…

Եվ բուն հայոց երկրում հայի ոգին արթնացավ ու հայի բազուկը սկսեց գործել դարձյալ Արցախ աշխարհում. Դավիթ Բեկի քաջերը առաջին կարապետները եղան, որ սուր բարձրացրին օտարի լուծը թոթափելու համար: Եվ ամեն ինչ սկսվեց նորից. Սասունում, Վասպուրականում, Տարոնում…

Եվ հայի հուժկու բազուկը դարձյալ իջավ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում: Ու հայը վերջապես զարթնեց նիրհից, զենք վերցրեց, զինվոր գրվեց ու հաղթեց:

Բայց, դա սկիզբն էր միայն: Ու ամեն ինչ շարունակվեց… Պատմությունը պարզ դաս է տվել. երբ ժանգոտել է, երբ բթացել է հայի սուրը` անմիջապես նրա գլխին փայլատակել է թշնամունը: Ուրեմն դաս քաղենք անցյալից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: