Հայերեն   English   Русский  

​Պարգևատրումներ՝ պաշտոնյաներին, սահմանափակումներ՝ ուսուցիչներին


  
դիտումներ: 3195

Կրթական համայնքը շարունակում է քննարկել ուսուցիչների էթիկայի վարքականոնը։

Մինչ ոմանք նշում են, որ մասնագիտական վարքականոնի առկայությունը բնական է, մյուսները շեշտում են, որ ստեղծված իրավիճակում առավել առաջնային խնդիրներ կան, և բացի այդ, մասնագիտական էթիկայի նորմերը պետք է ոչ թե թելադրվեն վերևից, այլ ձևավորվեն մասնագիտական խմբի ինքնակազմակերպման արդյունքում։

Ուսուցիչներն, իրենց հերթին, նշում են, որ էթիկայի նորմեր պետք է սահմանել ոչ միայն ուսուցիչների, այլ նաև ծնողների և աշակերտների համար։ Այլապես թիրախում միայն ուսուցիչն է, որի վրա է բարդվում կրթական բոլոր օղակների ձախողումների կամ անգործության պատասխանատվությունը։ Ուսուցիչները դժգոհում են նաև, որ իրենց հիշում են միայն պահանջներ խստացնելու, մեղավորներ գտնելու համար, մինչդեռ արտոնություններ սահմանելիս, խրախուսելիս կամ աշխատավարձ բարձրացնելիս ուսուցիչների մասին ոչ ոք չի հիշում։

Ինչ են ենթադրում ուսուցչի էթիկայի նորմերը

Փաստաթուղթը սահմանում է ուսուչի էթիկայի սկզբունքները, ուսուցչի անձն ու աշխատաոճը, նրա հարաբերություններն աշակերտների, մանկավարժական կոլեկտիվի, ծնողների, հասարակության և պետության հետ, ինչպես նաև կարգավորում ակադեմիական ազատության, տեղեկատվության և ռեսուրսների օգտագործման և հակակոռուպցիոն հարցերը։

Ըստ փաստաթղթի՝ ուսուցիչը պետք է նվիրված լինի իր աշխատանքին, մեծ պատասխանատվությամբ վերաբերվի իր մասնագիտական պարտականությունների կատարմանը, շարունակ ձգտի ինքնակատարելագործման, հետևողականորեն ինքնակրթվի և իր աշխատանքը բարելավելու նպատակով ինքնադիտարկում իրականացնի, ինչպես նաև աշխատաժամանակն օգտագործի բացառապես մասնագիտական պարտականությունները կատարելու համար։

Ուսուցիչը նաև պետք է «ունենա լեզվական բարձր կուլտուրա, բացառի այլոց ինքնասիրությունն ու մարդկային արժանապատվությունը վիրավորող բառերի և արտահայտությունների կամ ժեստերի գործածությունը, զերծ մնա գռեհկաբանությունից և պարզունակությունից»։

Բնականաբար, փաստաթուղթն անդրադառնում է նաև կոռուպցիային՝ սահմանելով․ «Ուսուցիչը ազնիվ և օրինապահ քաղաքացի է։ Նրա համար պետք է անթուլատրելի լինի կոռուպցիան և պետք է զերծ մնա ինչպես կաշառք վերցնելուց, այնպես էլ որևէ մեկին կաշառք տալուց»։

Այնուհետև փաստաթուղթը սահմանում է․ «Ուսուցիչը կարող է վերցնել միայն այն նվերները, որոնք կաշառելու միտում չունեն, արտահայտում են երախտագիտություն և անձնական բարյացակամություն, այլ ոչ թե շահի ակնկալիք, ընդ որում դրանք պետք է բավականաչափ համեստ լինեն կամ պատրաստված սովորողների ձեռքով։ Որոշ դեպքերում ընդունելի կարող են լինել նաև ծաղիկները, քաղցրավենիքը, հուշանվերները կամ այլ ոչ թանկարժեք իրեր»։

Ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները սահմանելիս շեշտադրվում է, որ ուսուցիչն աշակերտների հետ իր հարաբերությունները պետք է կառուցի փոխադարձ հարգանքի վրա, լինի անաչառ և բարյացակամ բոլոր աշակերտների նկատմամբ, հարգի իր աշակերտների մտքի, խղճի և դավանանքի ազատությունը և նրանց չպարտադրի իր հայացքները։ Բնականաբար, ուսուցչի էթիկայի նորմերում խոսք չկա այն մասին, որ աշակերտն էլ իր հերթին ուսուցչին պետք է հարգի։

Աշակերտների հետ հարաբերություններում, սակայն, կա երկու ուշագրավ դրույթ․ ուսուցիչը պետք է մեկնաբանի իր գնահատականները, իսկ սխալ գնահատում հայտնաբերելու դեպքում՝ անմիջապես ուղղի գնահատականը։ Քանի որ «սխալ գնահատումը» սուբյեկտիվ է ու ոչ չափելի, ապա յուրաքանչյուր գնահատում՝ անկախ միավորից, աշակերտը կամ նրա համադասարանցիները կարող են սխալ համարել ու պահանջել հիմնավորել գնահատականը կամ ուղղել սխալը։ Այս իրավիճակն, իր հերթին, խաթարելու է ուսուցչի առանց այն էլ խաթարված հեղինակությունը։

Մյուս ուշագրավ դրույթը մասնավոր, վճարովի ծառայությունների մատուցման արգելքն է։ Այսինքն՝ ուսուցիչներին այսուհետ արգելվում է աշխատանքային գործընթացից դուրս վճարովի պարապմունքներ իրականացնել։ Բուհական ընդունելության պարապմունքներն էլ, ըստ էության ոչ այլ ինչ են, քան հանրակրթական պետական ծրագրի կրկնուսուցում։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ կրկնուսույց-մանկավարժները կարող են խնդիրների առաջ կանգնել։ Այստեղ հարց է առաջանում՝ ԿԳ նախարարությունն ինչ բարոյական իրավունքով է սահմանափակում մանկավարժի լրացուցիչ եկամուտը, եթե ուսուցչին չի ապահովում արժանապատիվ աշխատավարձով։

Վերջին օրերի քննարկվող ամենաթեժ թեման պաշտոնյաների տարեվերջյան աստղաբաշխական թվերով պարգևատրումներն են։ Իշխանական համակարգի ներկայացուցիչներն էլ հերթով արդարացնում են տեղի ունեցածը՝ պատճառաբանելով, թե կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն տարբերակը արժանապատիվ վարձատրություն ապահովելն է։ Ուսուցիչների պարագայում, սակայն, մեր պաշտոնյաները մոռանում են այս սկզբունքի մասին և առաջնորդվում սահմանափակումներով․ լրացուցիչ եկամուտն արգելված է, նորմալ վարձատրություն էլ չկա։

Պակաս ուշագրավ չէ նաևհասարակության և պետության հետ ուսուցչի հարաբերությունների կարգավորումը։ Ըստ այդմ՝«ուսուցիչը պետք է ընտրի իր իրավունքների և ազատությունների իրացման այնպիսի ձևեր և եղանակներ, որոնց հետևանքով չեն խախտվում երեխաների իրավունքները, այդ թվում և՝ չընդհատվող կրթության իրավունքը»։ Այս նորմի՝ տարեսկզբին գործելու դեպքում ապրիլյան հեղափոխության մասնակիցների թիվն անհամեմատ քիչ կլիներ։

Իսկ էթիկայի նորմերի իրականացմանը յուրաքանչյուր դպրոցում հետևելու է 7-11 հոգանոց հանձնախումբը, որում ընդգրկված են լինելու ուսուցիչներ, ծնողական խորհրդի և ՏԻՄ ներկայացուցիչներ։

Մասնագետները՝ փաստաթղթի մասին

Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որը նախկինում դպրոցում է աշխատել, կարծում է, որ ուսուցչի վարքականոնից բացի պետք է ունենալ նաև աշակերտի և ծնողի վարքականոն, որոնք պետք է միտված լինեն ամեն ինչ կատարելության հասցնելուն։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է, որ էթիկայի այս նորմերը մշակվել են դեռ տարիներ առաջ՝ նախատեսված բոլորովին այլ իրավիճակի համար։

«Մարդիկ սպասում են, որ մենք հիմա ավելի ռազմավարական հարցերի կանդրադառնանք, քանի որ գնում ենք արմատական փոփոխությունների, ուզում ենք լավ կրթական համակարգ ստեղծել, և այս իրավիճակում նման փաստաթուղթ շրջանառելը, որը մշակվել է բոլորովին այլ իրավիճակում, սխալ է»,- ասում է փորձագետը՝ հավելելով, որ նախ և առաջ կրթության ռազմավարությունն է պետք ձևակերպել։

Նա շեշտում է՝ աշխատավարձերի բարձրացման ժամանակ ուսուցիչների մասին չեն հիշում, սակայն պահանջները խստացնելիս առաջինը հենց ուսուցիչներին են հիշում։

«Եկեք վերևից սկսենք, օրինակ՝ սահմանենք նախարարության և մարզպետարանի աշխատողների էթիկայի կոդեքս՝ ինչպես պետք է աշխատեն դպրոցների հետ, ինչ չի կարելի անել»,- ասում է Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ ուսուցիչները տարիներ շարունակ աշխատավարձի բարձրացում չեն ունեցել, մինչդեռ սոցիալական բեռը շատացել է, ուստի պետք է փորձել հասկանալ նրանց։

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Զեմֆիրա Քալաշյանը վստահ է՝ այս փաստաթուղղթը չի ծառայելու իր նպատակին։ «Մենք կրթության ոլորտում ունենք բազմաթիվ օրենքներ, նախագծեր, որոնք գրված են, սակայն կիրառություն չեն ստացել։ Ես կողմնակից եմ վարքականոնում գրված շատ դրույթների հետ, որ պետք է հարգալից լինել, որ պետք է ծնողական համայնքի հետ կապը պահի, բայց որքանո՞վ է այս նախագիծը իրական և որքանո՞վ է այն բարձրացնելու կրթության որակը,- ասում է Քալաշյանը և հավելում։-Բոլոր այն կոլեկտիվներում, որտեղ ուսուցիչներն ունեն լավ հարաբերություններ, որքան էլ ուսուցիչը որևէ բացասական բան անի, կոլեկտիվը չի խոսելու այդ ուսուցչի խնդրի մասին։ Իսկ այն կոլեկտիվներում, որտեղ կան կոնֆլիկտներ, դառնալու է միջոց այդ նույն կոլեկտիվում կոնֆլիկտն ավելի թեժացնելու համար»։

Իսկ ահա Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանի կարծիքով՝համակարգային մոտեցում է անհրաժեշտ՝ հասկանալու, թե որտեղ են պետք էթիկական կարգավորումներ, որտեղ՝ օրենսդրական կարգավորումներ և որ պարագայում՝ ֆինանսական միջամտություն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: