Հայերեն   English   Русский  

​Խմորումներ Գյումրու ավագ դպրոցի տնօրենի շուրջ


  
դիտումներ: 2054

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը Գյումրիից բաց նամակ է ստացել, նրան են դիմել Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի ուսուցիչները՝ ներկայացնելով դպրոցում տնօրենի կողմից կատարվող ճնշումները, նվաստացումը:

Նամակ

Նամակում ներկայացվել է, թե ինչպես մանկավարժները չդիմանալով տնօրենի վերաբերմունքին ու ստեղծած մթնոլորտին, հեռացել են դպրոցից: Նաև պատմել են, որ դպրոցի տնօրենը բոլոր մանկավարժներին ահաբեկել է, որ եթե իր դեմ բողոք ներկայացնեն էլ, ոչինչ չի փոխվելու, որովհետև ինքը բոլոր տեղերում ծանոթներ ունի ու բոլոր գործերը կհարթվեն հեշտությամբ:

Բաց նամակով հանդես եկող մանկավարժները նաև բարձրաձայնել են թիվ 37 դպրոցի տնօրենի գրաճանաչության մասին, նշելով, թե վերջինս լինելով լեզվի մասնագետ, մինչ օրս չի տիրապետում հայոց լեզվին, և որ ''տնօրեն'', ''շաբաթօրյակ'', ''ամանոր'' բառերը գրում է տառասխալով:
Խոսքը Աստղիկ Ավետիսյանի մասին է, ով, ըստ նամակի, 5 տարի առաջ ԱԺ արդեն նախկին պատգամավոր Արման Սահակյանի հովանավորությամբ ընտրվել է դպրոցի տնօրեն:
Նամակագիրները ակնկալում են, որ կառավարությունը կհետաքրքրվի դպրոցի ճակատագրով և արդարությունը կվերականգնվի:
Այս նամակին անդրադարձել է նաև Գյումրու ժուռնալիստների ''Ասպարեզ'' ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, նշելով, թե''Գյումրու 37-րդ դպրոցի աշխատակիցների մի մասը համարձակվել է ապստամբել տնօրենի դեմ: Ես չէի էլ հավատա, եթե այս հայտարարությունը չտեսնեի'': Ապա Բարսեղյանը հիշեցրել է, թե ով է թիվ 37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը.
''2017 ԱԺ ընտրությունների նախօրեին, երբ ''Իրազեկ քաղաքացիների'' միավորումը, ներկայանալով ՀՀԿ շտաբից, հեռախոսազրույցներ էր ունեցել 118 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների հետ, հարցնելով արդյո՞ք հավաքել են ՀՀԿ-ի օգտին անհրաժեշտ ստորագրություններ/խոստումներ, այդ տնօրենների 80 տոկոսը երդում-պատռտում էր կերել, թե հանձնարարությունը կատարված է: Այս դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը ասել էր, թե ''Լրիվ, 1000 անգամ ստուգված մարդիկ են: Մենակ չեմ արել, իմ ամուսինս էլ է ոլորտի մեջ: Աշխատում են մեկ ամիս, ամենավերջին ձևով վախեցնելով, ովքեր երկու տեղ են գրանցվել, համ էստեղ, համ էնտեղ, դուրս են բերվել ցուցակից: Այս ամենի գլխին կանգնած է ամուսինս'': Հետո, իհարկե, սերժաբարո դատախազությունը հանցակազմ չգտավ ահաբեկման մասին խոստովանության մեջ: Հավանաբար, ոչ մի վախեցված ծնող կամ մանկավարժ չհամարձակվեց վկայել, դատախազությանն էլ դա էր պետք....'':

Հիշեցնենք, որ նոյեմբերին էլ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Գյումրու թիվ 37 դպրոցում առերևույթ կաշառք տալու, կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության փաստերի առթիվ:
Գյումրի քաղաքի մի բնակիչ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ, աշխատելով «Գյումրու թիվ 37 դպրոց» ՊՈԱԿ-ում որպես համակարգչային օպերատոր, 2018թ. հունվարից մարտ ամիսներին, իր հաստիքը չկրճատելու և աշխատանքից չհեռացնելու դիմաց, դպրոցի տնօրենին, վերջինիս պահանջով, տվել է իր ամսական աշխատավարձի կեսը։ Իսկ 2017թ. նոյեմբերից 2018թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում, նույն նպատակով և կրկին տնօրենի պահանջով, նրան է տվել որպես փոխարինող իրեն հատկացված, սակայն չպարապած, ինֆորմատիկայի դասաժամերի համար հասանելիք գումարները, ինչպես նաև իր հիմնական աշխատավարձի մի մասը և 2017-2018թթ ուսումնական տարվա ինֆորմատիկա առարկայի համար հասանելիք արձակուրդային վճարը։
Հաղորդման առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ որպես կաշառք գումարը դպրոցի տնօրենին է փոխանցվել դպրոցի գործավարուհու միջոցով։

ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների որոշումներով երկու դեպքի առթիվ էլ հարուցվել են քրեական գործեր՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծելու ենթադրյալ հանցավոր արարքների փաստերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ Գյումրու թիվ 37 դպրոցում առերևույթ կաշառք տալու, կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության փաստերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 1-ին մասի և 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Աստղիկ Ավետիսյանը Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենի պաշտոնում վերընտրվել է 2018 թվականի հոկտեմբերի 5-ին:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: