Հայերեն   English   Русский  

​Ոստիկանությունը բռնել է 133 մարդու Հունաստանի խորհրդարանի մոտ անկարգություններ հրահրելու համար


Իրավապահները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել


  
դիտումներ: 255

Առնվազն 133 մարդու է բերման ենթարկել Հունաստանի ոստիկանությունն այն անկարգությունների համար,

որոնք տեղի են ունեցել երեկ երեկոյան երկրի խորհրդարանի մոտ նախկին հարավսլավական Մակեդոնիայի վերանվանման վերաբերյալ Աթենքի և Սկոպիեի համաձայնության դեմ կազմակերպված հանրահավաքի ժամանակ:

Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Naftemporikiсо թերթին:

Ըստ թերթի՝ Հունաստանի ոստիկանությունը մայրաքաղաքի կենտրոնական Սինտագմա հրապարակի շրջանում բերման է ենթարկել 133 մարդու, որոնցից 10-ին հետագայում ձերբակալել են բախումներին մասնակցելու համար:

Հանրահավաքին ներկա գտնված ՏԱՍՍ-ի թղթակիցը տեսել է, որ ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել իրավապահների վրա հարձակվող ցուցարարներին ցրելու համար: Խռովարարները, հակագազներով և երեսներին կապած սև լաթերով, մոտեցել են Անհայտ զինվորի հուշարձանին և մարմարե աստիճաններով բարձրացել դեպի խորհրդարանի մուտքը: Այնտեղ նրանց սպասում էին հատուկջոկատայինները՝ ողջ «սպառազինությամբ»՝ սաղավարտներով, հակագազներով և պլասիկ վահաններով: Երիտասարդները սկսել են քարեր ու ձողեր նետել ոստիկանների վրա, ինչպես նաև լուսավորող հրթիռներ: Ի պատասխան իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել:

Արցունքաբեր գազի ամպն այնուհետև սկսել է տարածվել հրապարակի վրա, և ցույցի մասնակիցները, որ խորհրդարանի մոտ էին եկել հունական դրոշներով ու պաստառներով, ստիպված են եղել արագ ցրվել:

Կազմակերպիչները բարձրախոսով հայտարարել են, որ պետք է շարունակել պայքարը և վաղը՝ այսինքն՝ այսօր՝ հունվարի 25-ին, նորից գալ հանրահավաքի: Սպասվում է, որ այսօր խորհրդարանում Սկոպիեի հետ համաձայնության կապակցությամբ քվերակություն կանցկացվի:

Հիշեցնենք, որ 2018 թ. հունիսի 17-ին Մակեդոնիայի և Հունաստանի արտգործնախարարները Պրեսպա լճի ափին, որտեղով անցնում է երկու երկրների սահմանը, ստորագրեցին այսպես կոչված Պրեսպայի պայմանագիրը նախկին հարավսլավական հանրապետության նոր պաշտոնական անվանման վերաբերյալ, որի վավերացումը երկու երկրների կողմից ճանապարհ կբացի Սկոպիեի համար դեպի ՆԱՏՕ և ԵՄ: 2019 թ. հունվարի 11-ին Մակեդոնիայի խորհրդարանը հավանություն տվեց իր սահմանադրությունում կատարելիք համապատասխան փոփոխություններին: Հունվարի 19-ին Սկոպիեի հետ պայմանագիրը Մակեդոնիայի Հանրապետությունը Մակեդոնիայի Հյուսիսային Հանրապետություն վերանվանելու մասին հանձնվեց Հունաստանի խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը:

Փաստաթուղթն արդեն քննարկվել է Հունաստանի գլխավոր օրենսդիր մարմնի համապատասխան կոմիտեում և երեկ խորհրդարանի լիագումար նիստում ընթանում էր բանավեճն այդ կապակցությամբ: Հունասատանի կառավարությունը հույս ունի, որ կհաջողվի 300-տեղանոց միապալատ խորհրդարանում ստանալ 151-155 ձայն, որպեսզի վավերացվի Պրեսպանի պայմանագիրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: