Հայերեն   English   Русский  

Կարեն Ասմարյան. «Ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունում հետաքրքիր հանդիպումների ականատես եղանք»


  
դիտումներ: 627

Հունվարի 19-20-ը Ծաղկաձորում կայացավ ձյան վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնությունը: Մարզաձևն օր օրի ավելի տարածված ու սիրված է դառնում Հայաստանում, ինչի մասին վկայում են մասնակից թիմերի քանակի ավելացումն ու մարզիների ցուցադրած հետաքրքիր խաղը:

Անկախի հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն ամփոփում է առաջնության արդյունքները, խոսում մարզիկների ելույթների և առաջիկա մրցաշարերի մասին.


-Առաջնությունն անցկացվեց տարեսկզբին, թիմերը թեև դեռ չէին հասցրել բավականաչափ պատրաստվել, բայց պայքարը սպասվածից ավելի հետաքրքիր, դիտարժան ու դինամիկ ստացվեց: Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիան տարեվերջին փոփոխություն էր մտցրել կանոններում` 2 խաղացողի փոխարեն խաղին մասնակցել թույլ տալով 3-ին:
Մրցաշարին մասնակցեցին տղամարդկանց 12, որից 1-ը Վրաստանից, կանանց 8 թիմեր: Տղամարդկանց պայքարում հաղթող ճանաչվեց «Արմվոլեյ» թիմը, կանանց պայքարում` «Վան-1»-ը: Անպայման ցանկանում եմ նշել, որ տղամարդկանց 4 թիմեր հավասարազոր պայքարի մեջ մտան և մրցակցության առումով բավական հետաքրքիր հանդիպումների ականատես եղանք:
Շնորհիվ առաջնության գլխավոր հովանավոր «Վիվարո» ընկերության` առաջնության հանդիպումները ցուցադրվեցին առցանց և մարզասերները հնարավորություն ստացան պայքարին հետևելու:


- Պարոն Ասմարյան, խաղի կանոնների փոփոխությունները ազդեցի՞ն մարզիկների խաղի վրա:
- Միշտ չէ, որ կանոնների փոփոխություններին մարզիկները հեշտ են հարմարվում: Դրա համար երբեմն երկար ժամանակ է պահանջվում, բայց այս անգամ մարզիկներն արագ ընտելացան: Նոր կանոններով խաղալն ավելի հեշտ է մարզիկների համար:
Դրա շնորհիվ էլ պայքարն ավելի դիտարժան ստացվեց, և հետաքրքրությունն առաջնության նկատմամբ ավելի մեծացավ:
Նշեմ նաև, որ Գյումրիում ձմեռային վոլեյբոլի գավաթի խաղարկությունն անցկացնելու առաջարկ ունենք: Ստուգատեսը նախատեսում ենք անցկացնել փետրվարի սկզբին: Փետրվարի 15-17-ը տղամարդկանց ընտրանին կսկսի նախապատրաստվել և, այնուհետև, մասնակցել Վրաստանում կայանալիք Եվրոպայի տուրին: Կփորձենք այնպես անել, որ թիմը մասնակցի գավաթի խաղարկությանը, որից հետո կմեկնի Վրաստան:


-2018-ի դեկտեմբերին Երևանում անցկացվեց բարձրակարգ մրցաշար`արևելաեվրոպական երկրների մինչև 15 տարեկանների վոլեյբոլի առաջնություն: Նմանատիպ միջոցառումներ սպասվու՞մ են առաջիկայում:
-Բացի այն, որ տարեվերջին ականատես եղանք ուժեղ թիմերի մասնակցությամբ բարձրակարգ վոլեյբոլի, նաև շատ կարևոր ձեռքբերում ունեցանք: Մեր ֆեդերացիան մշտապես անցկացրել և անցկացնում է լողափնյա վոլեյբոլի միջազգային մրցաշարեր, սակայն այս մեկն առանձնացավ իր մասշատաբներով, քանի որ դասական վոլեյբոլում պայքարի մեջ մտան արևելաեվրոպական երկրների ազգային հավաքականները: Սա մեծ փորձ էր մեզ համար:Մասնակից երկրների կողմից ստացել ենք դրական արձագանքներ: Մայիսին հայտեր կներկայացնենք և կփորձենք` նոր ստուգատեսներ անցկացնելու հնարավորություն ստանալ, ինչը նոր շունչ է հաղորդում և մեծապես նպաստում է մարզաձևի զարգացմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: