Հայերեն   English   Русский  

Մի քանի դիտարկում` ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարի համար.Արփինե Հովհաննիսյան


Ֆբ գրառում


  
դիտումներ: 545

Մի քիչ երկար է, բայց կարդացեք մինչեւ վերջ

Ընթերցել եմ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցը` նկատելի էր շուրջը եղած դիվանագետների ընդհանրական մտքերի ազդեցությունը (համաեվրոպական օրակարգ, կառուցողական դիրքորոշում և այլն): Այս պահին հետևյալը`

1. Նախ` պարոն Ռուբինյանը, անդրադառնալով Հայաստանի վերջին ընտրությունների զեկույցին և դրանում պարունակվող քննադատությանը սոցցանցերում ատելության խոսքի հետ կապված` նշել է. «Չի կարող զեկույցը, նաև զեկուցողի տեսանկյունից, հարյուր տոկոսանոց իդեալական լինել: Զեկուցողը պետք է փորձի ինչ-որ խնդիրների մասին նշել իր ելույթում»։

Ստացվում է, որ պարոն Ռուբինյանը կասկածի տակ է դնում զեկուցողի անաչառությունը եւ որակազրկում զեկույցը։ Ձեր կարծիքով ի՞նչ տպավորություն կստանա զեկուցողը` ԵԺԿ խմբի ղեկավար Ա. Պոցեյը, երբ կկարդա, որ իր կողմից առկա փաստի արձանագրումն այնպես է մեկնաբանվում, որ դա գրվել է ընդամենը թուղթ սեւացնելու համար, եւ լոկ ձեւականություն է, ընդամենը նրա համար, որ զեկույցն ունենա նաեւ քննադատական երանգ։ Հորդորում եմ զե՛րծ մնացեք նման ինքնավստահությունից և սեփական անսխալականության մասին սին պատրանքներ մի ունեցեք: Առջևում Հայաստանի մոնիթորանգային պարտավորությունների վերաբերյալ զեկույցն է:

2. Զեկույցում նշվել է նաեւ մի շատ ավելի կարեւոր թերության մասին, որի մասին լռություն է։ Հուսամ` սա էլ «փոքրիկ մտահոգություն» չի համարվի պարոն Ռուբինյանի, բայց որ առավել կարևոր է` հատկապես ամբողջ իշխանության կողմից: Մասնավորապես` ՀՀ իշխանություններին խորհուրդ է տրվել «ապահովել բոլոր քրեական գործերի, այդ թվում՝ 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի, ինչպես նաև կոռուպցիոն մեղադրանքների համապատասխանելիությունն ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ և ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ սկզբունքներին, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում»:

Թարգմանաբար` սա նշանակում է, որ զեկուցողը այս հարցում տեսնում է լուրջ խնդիրներ։ Թերևս ավելորդ է ասել, թե երկրում այս մասով ինչ խնդիրներ կան: ՄԻԵԴ միջանկյալ որոշումը Սամվել Մայրապետյանի գործով կամրապնդի այս մտահոգությունը։ Մյուս խայտառակ քրեական գործերով սպասվելիք որոշումները, ցավոք, ցույց կտան ոչ միայն իրավապահ համակարգի առանձին մարմինների իրավական ապիկարությունը, այլև կխաթարեն ողջ իրավական անվտանգությունը:
Պետք է` կարդալ ոչ միայն զեկույցի գովասանական մասերը, այլ որ ավելի կենսական է` նաեւ տողատակները եւ այն ազդակները, որոնք դրված են զեկույցի հիմքում։

Չե՞ք հավատում- հարցրե՛ք նույն Է. Մարուքյանին, նա էլ ներկա է եղել այն նիստին, որտեղ զեկուցողը խոսում էր քաղաքական հաշվեհարդարի անթույլատրելիության մասին:

3. Հիմա մեր ազգային օրակարգի մասին` (այլ ոչ թե ավանդական, ինչպես հիմա դա անվանում է Ռուբինյանը): Մոնիթորինգի հանձնաժողովի «Սառեցված հակամարտությունների» ենթահանձնաժողովում համապատասխան քվոտայով ընտրվեց հանձնաժողովի նոր նախագահ` Էգիդիուս Վարեյկիսը: Նրա հետ աշխատանք պետք է տարվի: Անձամբ պատվիրակության ղեկավարի կողմից: Նախորդ պատվիրակությունների ղեկավարների, այդ թվում՝ նաև իմ ջանքերով սառեցված հակամարտությունների ենթահանձնաժողովում Ղարաբաղի հարցը օրակարգ չի մտել ու չի քննարկվել: Այն հետաձգվել է տարբեր քննարկումների արդյունքում` մեր աշխատանքի շնորհիվ։ Շատ այլ մանրամասներ չեմ կարող հրապարակային ներկայացնել, քանզի այս գրառումը միայն Հայաստանում չէ, որ կարդալու են:

Այս փուլում քննարկման նոր էտապ է լինելու` պատվիրակությունը պետք է կրկին ակտիվ դիրքորոշում զբաղեցնի եւ թույլ չտա որպեսզի այդ ենթահանձնաժողովում տեղի ունենա բովանդակային քննարկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով, ինչն ադրբեջանցիների կողմից թելադրված օրակարգ է եւ շեղում Մինսկի խմբի ձեւաչափից, որը միակ ընդունելի և ճանաչված ձևաչափն է (եթե, իհարկե, կիրթ մարդու հետ Ն. Փաշինյանը չի պայմանավորվել, որ հրաժարվում են այդ ձեւաչափից, ինչպես օրինակ Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածություններից)։

4. Լուրջ բացթողում էր, Ստրասբուրգ մեկնել առանց քաղաքական որոշման` քաղաքական խմբերի անդամակցության հարցի առումով: Դա անհրաժեշտ էր ինչպես խմբերի աշխտանքին մասնակցելու, այնպես էլ այդ խմբերի անունից հանձնաժողովներում քվոտա ստանալու համար: Միայն չասեք մենք զրուցել ենք, խոսել ենք, տեսել ենք ու էլի նման մտքեր: Դա միշտ եք պարտավոր անել: Ասվածը վերաբերում է հատկապես ԵԺԿ խմբի անունից պատվիրակության նոր ղեկավարին որպես իշխանության ներկայացուցչի մոնիթորինգի հանձնաժողովում քվոտա տրամադրելուն: Դա հնարավորություն կտար մասնակցել այդ հանձնաժողովների նիստերին (այդ թվում` սառեցված հակամարտությունների ենթահանձնաժողովի) արդեն այս շաբաթ, իսկ երեկ արդեն բյուրոյի նիստում ունենալ հաստատված թեկնածություններ, ինչպես պատվիրակության այլ անդամի դեպքում:

Հ.Գ. Նախնական դիտարկումներս այսքանն էին։ Ի դեպ երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ-ի նոր ձևավորված պատվիրակություններից մեկի ղեկավարը քայլ է արել և փորձել է ձևավորել նոր մշակույթ` մի կողմ դնելով քաղաքական տարաձայնությունները: Ցավոք, ես իմ փորձը և արժեքավոր տեղեկությունները /որի մասին դիվանագետները չգիտեն և չեն էլ կարող իմանալ/ պարոն Ռուբինյանին ներկայացնելու այլ հարթակ և ձևաչափ քան ֆեյսբուքն է, չունեցա: Բարի երթ և հաջողություն եմ մաղթում:

Անկախ կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնից, շարունակելում եմ ծառայել Հայաստանի Հանրապետության և Արցախի կենսական շահերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: