Հայերեն   English   Русский  

​Ի՞նչ է պարգևավճարը, ում և ինչպես է այն տրվում


  
դիտումներ: 5829

Այս օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը պարգևավճարներն են: Հանրության մեջ իրարանցում է է առաջացել մի շարք պաշտոնատար անձանց պարգևատրումների և ինքնապարգևատրումների կապակցությամբ, որոնք որոշ հաստատություններում ահռելի չափերի են հասել:

Այդ առիթով ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը բառացիորեն ասել է, որ դա օրենքը թույլ է տալիս, սակայն չի նշել՝ որ օրենքի որ դրույթը: Ուստի տեսնենք, թե ինչպես են Հայաստանի Հանրապետության օրենքները կարգավորում այդ խնդիրը:

Հայաստանի Հանրապետության գործող աշխատանքային օրենսգիրքը սահմանում է միայն աշխատանքի վարձատրության տեսակները:

Ըստ այդ օրենսգրքի 178-րդ հոդվածի՝ մեզանում գոյություն ունի աշխատավարձի երկու տեսակ՝ հիմնական աշխատավարձ և լրացուցիչ աշխատավարձ:

Հիմնական աշխատավարձը օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտով, աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու համար սահմանված վարձատրության չափն է:

Լրացուցիչ աշխատավարձը նշված օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով, գործատուի իրավական ակտով սահմանված հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումներն են:

Այսպիսով պարգևատրումը լրացուցիչ աշխատավարձի տեսակ է: Այժմ տեսնենք, թե ինչ դեպքերում է տրվում այդ լրացուցիչ աշխատավարձի յուրաքանչյուր տեսակը:

Հավելումը նույն օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով սահմանված դեպքերում և չափերով հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրացուցիչ վարձատրությունն է, որը վճարվում է ծանր, վնասակար կամ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանք կատարելու և (կամ) արտաժամյա և (կամ) գիշերային աշխատանքների և (կամ) հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքների համար:

Հավելավճարը հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրացուցիչ վարձատրությունն է, որը վճարվում է որակավորման (դասային, դիվանագիտական, գիտական աստիճան, կոչում և այլն), աշխատանքային ստաժի համար:

Լրավճարը, հիմնական աշխատավարձից, հավելումից, հավելավճարից և պարգևատրումից բացի, աշխատողին վճարվող ցանկացած ձևի վարձատրությունն է:

Եվ, վերջապես, պարգևատրումը օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով սահմանված կարգով և չափերով աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու, երկարամյա աշխատանքի և ծառայության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար ամսական, եռամսյակային, կիսամյակային պարբերականությամբ կամ մեկանգամյա վճարվող վարձատրությունն է:

Իսկ ի՞նչ է սահմանում օրենքը, ինչու և ինչպես է տրվում պարգևատրումը

Ըստ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-ր կետի՝ պարգևատրումը` միանվագ վճար է, որը «պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման և(կամ) հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքների կատարման համար»:

Նույն օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է պետական ծառայողների պարգևատրման աղբյուրները, չափերը և կարգը, որը բերում ենք ամբողջությամբ:

1. Պետական իշխանության մարմիններում պետական ծառայողների պարգևատրման ֆոնդը հաշվարկվում է միասնական տոկոսային դրույքաչափով:

2. Յուրաքանչյուր մարմնի համար պետական ծառայողների պարգևատրման ֆոնդը հաշվարկվում է այդ մարմնի պետական ծառայողների` պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի նկատմամբ միասնական տոկոսային արտահայտությամբ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի և վարչապետի աշխատակազմի), որը սահմանվում է հաջորդ տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով:

3. Յուրաքանչյուր մարմնի համար պարգևատրման ֆոնդը կազմում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի առնվազն 10 տոկոսը:

4. Պետական ծառայողի պարգևատրման չափը հաշվարկվում է նրա հիմնական աշխատավարձի նկատմամբ:

5. Տվյալ մարմնում կիսամյակային հաշվետվությունների հիման վրա պետական ծառայողների պարգևատրման ֆոնդից պետական ծառայողի պարգևատրման չափը հաստատում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը` հիմք ընդունելով պետական ծառայողի անմիջական ղեկավարի տված ծառայողական գործունեության գնահատման եզրակացությունը:

6. Պետական ծառայողը պարգևատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը կամ կիսամյակային հաշվետվության վերաբերյալ պետական ծառայողի ղեկավարի տված եզրակացությունը դրական է, և նա այդ կիսամյակում աշխատել է վեց ամիս, ներառյալ՝ ամենամյա կամ չվճարվող արձակուրդի, հղիության և ծննդաբերության արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության, վերապատրաստման, գործուղման ժամանակահատվածները, բացառությամբ աշխատողի նախաձեռնությամբ վերապատրաստման գործուղվելու այն ժամանակահատվածի, որի ընթացքում գործատուի հայեցողությամբ վարձատրություն չի նախատեսվում: Ընդ որում, սույն մասով նախատեսված ժամանակահատվածում ներառվում են նաև պետական ծառայողի ծառայողական քննության և (կամ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածները, եթե ծառայողը այդ հիմքով չի ազատվում պաշտոնից:

6.1. Մեկ կիսամյակի ընթացքում առանց աշխատանքի ընդհատման պետական մի մարմնից պետական մեկ այլ մարմին տեղափոխման դեպքում պետական ծառայողը չի զրկվում պարգևատրման իրավունքից, եթե նրա կիսամյակային հաշվետվությունները կամ կիսամյակային կատարողականները գնահատվել են դրական: Այդ դեպքում պետական ծառայողը պարգևատրվում է այն մարմնից, որտեղ տվյալ կիսամյակի աշխատած օրերն ավելի շատ են, իսկ հավասար լինելու պարագայում՝ այն մարմնից, որտեղ այդ պահի դրությամբ աշխատում է:

6.2. Պետական ծառայողը չի պարգևատրվում, եթե կիսամյակային հաշվետվությունը կամ կիսամյակային կատարողականը գնահատվել է բացասական:

6.3. Պետական ծառայողը պաշտոնից ազատման դեպքում պարգևատրվում է, եթե առկա է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանը, և պարգևատրման պահին գտնվում է կադրերի ռեզերվում կամ տվյալ մարմնում զբաղեցնում է այլ պաշտոն:

7. Կիսամյակային հաշվետվության հիման վրա պարգևատրումը պետական ծառայողների պարգևատրման ֆոնդից առաջին կիսամյակի համար տրվում է մինչև հուլիսի 30-ը, իսկ երկրորդ կիսամյակի համար՝ մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը:

8. Պետական ծառայողի կատարողականի գնահատման և դրա հիման վրա պարգևատրման հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված այլ պաշտոնատար անձը հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պետականծառայողներին կարող է պարգևատրել աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից և (կամ) տվյալ մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներից և (կամ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

10. Աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից պետական ծառայողը հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրվում է իր մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով` անմիջական ղեկավարի առաջարկությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձի հայեցողությամբ տարեկան ոչ ավելի, քան 3 անգամ:

11. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվող աշխատանքների համար քաղաքացիական ծառայողը աշխատանքների փորձարարական կազմակերպման համար օպտիմալացված միջոցների հաշվին կարող է պարգևատրվել, եթե բավարարել է հաստատված գնահատման անհատական ցուցիչները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: