Հայերեն   English   Русский  

Մարիա Գևորգյան. «Օր օրի ավելի եմ համոզվում, որ շախմատը կյանքիս անբաժանելի մասն է»


  
դիտումներ: 1886

2019 թվականի շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի կանանց 74-րդ առաջնությունում հաղթող ճանաչվեց Մարիա Գևորգյանը:

Երիտասարդ մարզուհին ամբողջ մրցաշարը վերելքով անցկացրեց, վաստակեց 7 միավոր և կարիերայում 3-րդ անգամ արժանիորեն նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը: Այս հաղթանակով շախմատիստուհին համալրեց նաև ազգային հավաքականի կազմը:

Անկախի հետ զրույցում Մարիա Գևորգյանը կիսվում է տպավորություններով, պատմում մրցաշարին նախապատրաստվելու, իմիջային փոփոխությունների, գիտական գործունեությամբ զբաղվելու, այդ ամենը համատեղելու և առաջիկա ծրագրերի մասին:

-Շնորհավորում ենք Ձեզ հաղթանակի կապակցությամբ: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ նվաճեցիք չեմպիոնի տիտղոսը: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:

-Շնորհակալ եմ: Մրցաշրջանից մեկ ամիս առաջ էի սկսել նախապատրաստվել ու տրամադրվել` մի շարք փոփոխություններ կատարելով իմ կյանքում: Այդ ընթացքում զբաղվում էի սպորտով, հիմնականում լողով, փոխեցի մազերիս ձևը և գույնը (դա էլ էր պատրաստման փուլ ինձ համար), Ավետիք Գրիգորյանի խորհրդով կարդում էի Էնթոնի Ռոբինսի “Unlimited Power” գիրքը, որն ինձ համար կարծես դեղ լիներ, շատ էր ոգեշնչում և, ամենակարևորը, շախմատ էի պարապում Ավետիքի հետ` հետևելոբ նրա խորհուրդներին: Գուցե այդ ամենն ինձ համար փոփոխություններ էին, սակայն ընկերներիցս շատերը նշում էին, որ վերադարձել է «հին» Մարիան` իր կրակով:

-Մրցաշարի ընթացքում եղա՞ն տպավորիչ և բարդ պարտիաներ:

-Մրցակցությունը բարդ սկսվեց, վաղուց դասական շախմատ չէի խաղացել: Վերջին մրցաշարին, որն ընկերական էր, մասնակցել էի Թուրքիայում 2 ամիս առաջ: Աստղիկ Հակոբյանի հետ առաջին պարտիան շատ դժվար խաղացի: Դիրքային մեծ տատանումներ եղան խաղի ընթացքում, և ի վերջո ինձ հաջողվեց հաղթել, ինչն ինձ շատ ոգևորեց:

Առաջնության ընթացքում այնպես սըտացվեց, որ Սուսաննա Գաբոյանը հաղթեց Սիրանուշ Ղուկասյանին և իմ 2 խաղից մեկ ոչ-ոքին արդեն բավական էր չեմպիոն դառնալու համար, բայց արդյունքում 2-ից 1,5 միավոր հավաքեցի:

Մարիա Գևորգյան

-Հետաքրքիր մի դիտարկում կա. խաղերի ընթացքում ամենից շատ քայլող մարզիկներից եք: Ինչի՞ մասին եք մտածում այդ ժամանակ:

-Այո՛, շատ էի քայլում մրցաշարի ընթացքում: Երեկոյան անպայման զբոսնում եմ, բայց դա կարծես բավական չէր ինձ համար, եթե հաշվի առնենք իմ օրվա տեմպը: Իրականում մտածում եմ պարտիայի կամ իմ կյանքից այլ լավ բաների մասին` անցյալի կամ ապագայի, բայց կարևորը միայն լավի մասին:

-Տարին հաղթանակած մեկնարկեցիք: Հայաստանի չեմպիոնուհու կոչումը պարտավորեցնու՞մ է:

-Անկասկած պարտավորեցնում է, անցյալ տարի շատ ուրիշ բաներով էի զբաղված տարվա ընթացքում և ժամանակ չէի հատկացնում շախմատին, մինչև սկսեցի աշխատել մարզչի հետ: Օր օրի ավելի ու ավելի եմ համոզվում, որ շախմատը կյանքիս անբաժանելի մասն է, և այն է, ինչ ինձ դուր է գալիս կյանքում:
Իհարկե, եթե կարողանում ես որևէ ոլորտում կամ մրցաշարում առաջինը լինել, դա մեծ ոգևորություն է:

Ես արդեն հասկացել եմ, որ եթե անգամ փոքր հաջողություն եմ ունենում և նույնիսկ եթե ինձ ասում են, որ դա կարևոր չէ, ես ուրախանում եմ ու գնահատում, իսկ մեծ հաջողությունն առավել ևս: Հարկավոր է նաև դասեր քաղել անհաջողություններից:

Նշեմ նաև, որ կյանքի ամեն փուլում մի ինչ-որ նոր դրդող ուժ է պետք գալիս: Մոտիվացիային միշտ մեծ տեղ եմ տվել, սակայն վերջերս սկսել եմ հասկանալ, որ մոտիվացիան գալիս է սովորություններից ու նրանից, թե ինչ ենք մենք անում ամեն օր:

-Տեղյակ եմ, որ նաև զբաղվում եք գիտական գործունեությամբ: Հասցնու՞մ եք համատեղել:

- Սովորում եմ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտուրայում: Թեմայի անվանումն է «Շախմատի ուսուցման միջոցներն ու ձևերը հանրակրթական դպրոցում»: Շատ բարդ է համատեղել իրար հետ, բայց փորձում եմ ամեն ինչ հասցնել: Ատենախոսությունը կփորձեմ պաշտպանել մյուս տարի:

-Տարվա ընթացքում ի՞նչ մրցաշարերի եք պատրաստվում մասնակցել:

-Մի քանի օրից մեկնելու եմ Բելգիա` մասնակցելու ակումբային առաջնության: Այդ ընթացքում բաց կթողնեմ թիմային հավաքները: Մարտին կմասնակցեմ աշխարհի թիմային, ապրիլին Եվրոպայի անհատական, իսկ հոկտեմբերին` թիմային առաջնություններին: Եվս մի քանի մրցաշարի հնարավոր է մասնակցեմ ամռանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: